‘Քաղաքական ինքնահոս` Առաջին նախագահի լռության ֆոնին ‘

1320

Էլի տարօրինակ բաներ են կատարվում Հայաստանում. «Ազատ Դեմոկրատներ»-ի ու Ժառանգության տունը կռիվ է ընկել` չեն կարողանում հաղթահարել: Գոնե հրապարակավ դեռ փորձում են տպավորություն ստեղծել, թե եղածն ընդամենը թյուրիմացություն է` կպարզեն, կանցնի-կգնա: Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե մանդատը վայր դնելու պայմանավորվածություն ուներ նաեւ «Ազատ Դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի հետ, բայց վերջինս դրժել է իր խոստումն ու չի հրաժարվել մանդատից: Հետո, իհարկե, Քոքոբելյանը հերքեց, ասեց, որ նման պայմանավորվածություն չի եղել: Մի խոսքով, իրար մեղադրեցին ստախոսության մեջ, հետո Քոքոբելյանը եկավ Հայաստան: Բայց հարաբերությունների հարցը մնում է չպարզված: «Ժառանգություն»-ից էլ Արմեն Մարտիրոսյանն ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ եղավ իրենց հարաբերությունների պարզման խնդիրը, ասաց` դա Հովհաննիսյանի եւ Քոքոբելյանի անձնական գործն է: Անձնակա՞ն: Հո սիրային հարց չէ, որ անձնական գործ լինի, նույն նախընտրական ցուցակով ընտրություններին հանդես եկած երկու կուսակցությունների ղեկավարների հարց է, որոնք իրար մեղադրում են ստախության մեջ, ընդ որում` քաղաքական հարցերում: Մանդատ վայր դնել-չդնելը այդ ե՞րբ դարձավ անձնական հարց: Այն էլ, երբ հարցը երկու կուսակցապետերից մեկի կողմից արդեն հրապարակայնացվել է: Պարզ է` փորձում են կոծկել, իբր լուրջ բան տեղի չի ունեցել: Բայց դեռ չէինք հասցրել մարսել ներժառանգաազատդեմոկրատական սպասելի սրացած փոխհարաբերությունները, երբ «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հնարավոր է՝ նախագահի ընտրություններում սատարեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ինչպես ասում են` տեղ հասանք:

Իհարկե, պարոն Աբրահամյանը սույն հայտարարությունը փորձեց լեգիտիմացնել նրանով, թե դա տեղի կունենա այն դեպքում, եթե առաջադրվի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, բայց դե, արդեն` ասվածն ասվել էր: Ու հարց ծագեց`բայց ինչպե՞ս, չէ՞-որ նրանք նույնն են, այդ երբվանի՞ց Սերժ Սարգսյանը դարձավ ավելի լավը, քան` Քոչարյանը: Ահա այսպիսի բաներ: Իհարկե, իրավիճակը փորձեց շտկել Արամ Սարգսյանը, ով հայտարարեց, թե բա գիտեք` «Հանրապետություն» կուսակցությունը նախագահական ընտրություններում հանդես է գալու սեփական թեկնածուով, բայց էլի ուշ էր:

Այն, որ այդ կուսակցության առանցքային ներկայացուցիչներից մեկը փաստացի տարանջատեց  Սարգսյանին Քոչարյանից, արդեն արձանագրվել էր: Այսպիսով, «Հանրապետություն» կուսակցությունը, որը ընդդիմության շարքերը լքել էր Հայ ազգային կոգրեսին պակաս վճռականության մեջ մեղադրելով, հայտարարեց, որ Սարգսյանին տարանջատում է Քոչարյանից, ավելին` գերադասում է Սարգսյանին: Փաստորեն, վճռականությունն այսպիսին է լինում. վճռական լինել, նշանակում է պայքարել ոչ թե Քոչարյանի եւ Սարգսյանի դեմ, այլ` այլոց քոչարյանիզմով զբաղվելու մեջ մեղադրելով` գերադասել Սարգսյանին:

Իսկ այդ ընթացքում Սերժ Սարգսյանը շարունակում է իր նախընտրական  «գլուխլվա-տուրնեն»` նախարարություններով ու գյուղերով: Մարդը ձեռ ու ոտ է ընկել: Հասկանում է` ձեռքից իշխանությունը գնում է: Դե, քանի որ իշխանությունը ձեռքից գնում է` էլ մյուսներին վերահսկելու ժամանակ չի ունենում: Թողել է իրեն գերադասողներին ինքնահոսի: Նրանք էլ` խելքներին ինչ փչում է` խոսում են: Մի խոսքով, ահա այսպիսի խուճապային տրամադրություններ են հայաստանյան քաղաքական դաշտում: Շունը, ինչպես ասում են, տիրոջը չի ճանաչում:

Իսկ այդ ընթացքում Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը լռում է: Նա ընդամենը սովորության համաձայն լռում է, չի շտապում: Ու մինչ ինքը լռում է, բոլորը խառնվել են իրար:

Պարգեւ Ապրեսյան 

 Ծաղրանկարը՝ Միխայիլ Եվշինի

Նախորդ հոդվածը‘Կառլսենի հերթական հաղթանակը, Արոնյանի` ոչ-ոքին’
Հաջորդ հոդվածը‘Ռեկորդային բարձրությունից պարաշյուտով թռիչքը հետաձգվել է ‘