‘Քաղաքական ուժերը դատապարտում են Արամ Մանուկյանի դեմ հարձակումը ‘

1728

Մի շարք քաղաքական ուժեր դատապարտել են Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ իրականացված հարձակումը:

«Առաքելություն» կուսակցությունը, մտահոգություն հայտնելով վերջին օրերին կատարված՝ ակնհայտ ահաբեկման նպատակ հետապնդող արարքների վերաբերյալ, դատապարտում է «Նախախորհդարանի» ներկայացուցիչների մեքենաների հրկիզման փորձերը,  ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունները: Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ դատապարտելի է ոչ միայն հիշյալ հանցագործությունների փաստը, այլ նաև դրանց բացահայտման հեռանկարի բացակայությունը: «Նման երևույթների չբացահայտման միակ պատասխանատուն օրվա իշխանությունն է, հետևաբար՝ նման իշխանության պաշտոնաթողությունը օրվա հրամայական է»,- ասված է հայտարարության մեջ:

Ազատ դեմոկրտաները դատապարտում են ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի եւ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնության գործողությունները եւ անընդունելի համարում բռնության ցանկացած դրսեւորում, ինչպես նաեւ պահանջում են իշխանություններից շուտափույթ բացահայտել եւ պատժել մեղավորներին: «Իշխանությունները պարտավոր են օր առաջ բացահայտել այս դեպքերը, հակառակ դեպքում ողջ պատասխանատվությունը մնում է իշխանության վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Նախախորհրդարանի քարտուղարությունը եւս խստորեն դատապարտել է Արամ Մանուկյանի դեմ հարձակումը: «Ռեժիմը բացահայտ կերպով նախաձեռնել եւ ցինիկաբար իրականացնում է զանգվածային բռնություն, որի թիրախ են դառնում տարբեր ուժերի ներկայացուցիչներ ու պայքարող քաղաքացիներ»,- ասված է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են դեսպանների հետ’
Հաջորդ հոդվածը‘The Financial Times-ը տարվա մարդ է ճանաչել Apple-ի ղեկավարին’