‘Քաղաքական ուժերի ներքին բարեփոխումների ժամանակը’

1422

Այն, որ առանց առանցքային քաղաքական ուժերի ներքին բարեփոխումների՝ անհնար կլինի Հայաստանում հասնել դրական տեղաշարժերի, կարծում ենք՝ վաղուց արդեն ակնհայտ է: Լավ է, որ այս գիտակցումը կա Հայաստանում ամենամեծ եւ ամենահեղինակավոր քաղաքական ուժերի ներսում:

Հայ ազգային կոնգրեսն արդեն իսկ սկսել է մեծ կուսակցության վերածվելու գործընթացը, եւ ՀՀՇ-ն էլ, թեեւ դժվար, բայց՝ պատմական որոշում կայացրեց այդ առումով:

Շաբաթներ առաջ էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանն իր հարցազրույցում շեշտել էր ԲՀԿ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին:

Մարտի 5-ին տեղի ունեցավ ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստը, որտեղ քննարկվեցին կարեւոր մի շարք հարցեր: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում հստակ շեշտեց, որ կուսակցությունը լինելու է ժողովրդի կողքին եւ արտահայտելու է նրա տեսակետները: Շատ կարեւոր է նաեւ, որ որոշում կայացվեց ստեղծել բոլորովին նոր կառույց, որի նպատակն է արագ արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին, քննարկել ընթացիկ խնդիրները եւ ժամանակին արտահայտել կուսակցության դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ:     

Այսպիսով՝ այս քայլով ԲՀԿ-ն թերեւս խոսքից անցնում է գործի եւ սկսում ներկուսակցական բարեփոխումները, ինչը, միանշանակ, դրական քայլ է: Այսպիսով՝ Վահե Հովհաննիսյանի առաջարկն ընդունվեց մեծամասնության եւ, որ ամենակարեւորն է` Գագիկ Ծառուկյանի բացահայտ աջակցությամբ:

Անշուշտ, առանց ներքին բարեփոխումների՝ որեւէ քաղաքական ուժ ի վիճակի չի լինի նպաստել Հայաստանի ժողովրդավարացմանը: Այս տեսանկյունից անչափ կարեւոր է, որ Գագիկ Ծառուկյանը հատուկ ընդգծել է, որ կուսակցությունից կարող են հեռանալ բոլոր նրանք, ովքեր ԲՀԿ-ում են հայտնվել պաշտոն ստանալու համար:

ԲՀԿ-ի ներսում ընթացող բարեփոխումները, անկասկած, կնպաստեն կուսակցության վարկանիշի ավելի բարձրացմանը, իհարկե, եթե դրանք շարունակական բնույթ կրեն: Քաղաքական իրավիճակը, որ ստեղծվել է մեր երկրում, հուշում է, որ հաջողության են հասնելու այն քաղաքական ուժերը, որոնք կամք կունենան ներքին բարեփոխումներ իրականացնելու համար: Կոնգրեսն ու ԲՀԿ-ն գնում են այդ ճանապարհով :

Երբ ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրեն փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն, ակնարկը բոլորին պարզ էր`  դրանով նա ավելին ասաց, քան կարելի էր ասել կես ժամանոց ելույթում: Եթե  ԲՀԿ-ում թելադրող դառնան  ժողովրդավարական ուժերը, որոնք գիտակցում են, որ առանց ուժեղ պետության՝ անձնական հաջողությունները ոչինչ են, ապա քաղաքական դաշտում շատ հետաքրքիր պատկեր է ուրվագծվում: 

 

Արմեն Իսախանյան

  

Նախորդ հոդվածը‘Ճապոնական խանութում վաճառքի է հանվել Մեսիի ոսկե ոտնաթաթը. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ հայցով կդիմի ՍԴ’