‘Քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը նոր լուծումներ գտնելն է ‘

2233

Երբ դեկտեմբերին, սկզբում՝ Գագիկ Ծառուկյանը, իսկ հետո` Լևոն Տեր-Պետրոսյանը,  հայտարարեցին, որ չեն առաջադրվելու գալիք նախագահական ընտրություններում, պարզ դարձավ, որ գործ ենք ունենալու ոչ թե մրցակցային ընտրության, այլ թատերականացված մի գործընթացի հետ, որն անցնելու է համատարած համաժողովրդական անտարբերության ֆոնին:

Այնուհանդերձ, մեկ հարց մնացել էր օդում` ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններն անցնում են այսպիսի ոչ մրցակցային պայմաններում: Այս հարցը տալիս են քաղաքական և հասարակական շրջանակները, փորձագիտական և լրատվական հանրությունը, հասարակ մարդիկ: Այս հարցը տվել են անխտիր բոլոր միջազգային կառույցների դիտորդական խմբերը և ազդեցիկ պետությունների դիվանագետները: Չմասնակցող թեկնածուները չառաջադրվելու հիմնավորումները տվել էին, բայց հարցը դեռ մնում էր. ինչը՞ բերեց դրան: Երկու օր առաջ այդ հարցին պատասխանեց Սերժ Սարգսյանը:

Սպառիչ և սպանիչ  պատասխան

Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողի՝ իր շանսերին վերաբերող հարցին, հայտարարել էր, որ իր շանսը 100-ից  90, 80, 70, թե 60  խփելն է: «Ինչքան կուզեք, էդքան կխփեմ…»,- ասել էր Սարգսյանը:

Եվ նա անկեղծ էր:  Եւ հիմա բոլորին պարզ դարձավ, թե ինչու ստացվեց այնպես, որ ընտրություններին առաջադրվել են միայն այնպիսի թեկնածուներ, որոնք չեն կարող ապահովել մրցակցություն: Քանի որ նախագահի աթոռը զբաղեցրած Ս. Սարգսյանը չէր էլ պատրաստվում ընտրությունների: Նա պատրաստվում էր 100- ից 90, 80, 70, թե 60 խփելու: Ամեն դեպքում, ինքն այդ թիվը իր համար գրելու էր: Պարզ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Գագիկ Ծառուկյանի առաջադրման պարագայում դա անելը կլիներ շատ ավելի դժվար ու անհարթ, բայց խնդիրը դրանից չէր փոխվում: Որովհետև թիվ խփելուց հետո Ս. Սարգսյանն անցնելու էր իր ծրագրի երկրորդ փուլին` ցուցարար խփելուն: Երբ երկրի նախագահի աթոռը նման մտածողության մարդն է զբաղեցնում, ապա երկրորդ մարտի 1 ունենալու հավանականությունը դառնում էր 100-ից  90, 80, 70, թե 60 տոկոս` ըստ Սերժի Սարգսյանի:

Պարզ է, որ Շիրակում արատասանած իր այդ տեքստից հետո Սերժ Սարգսյանը լրջագույն խնդիրներ է ունենալու արտաքին աշխարհում: Գուցե հետո նա փոշմանի իր ասածների համար, բայց դա արդեն միայն նրա խնդիրն է: Հայաստանյան հասարակության խնդիրն այլ է: Այո, մենք ընդունում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը, չառաջադրվելու դժվարագույն որոշումը կայացնելով, թույլ չեն տվել, որ կրակեն ժողովրդի վրա, խափանել են արյունահեղության  տարբերակը: Մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ սա ժամանակավոր լուծում է, առավելեւս՝ որ «7 + 1» կրկեսային շոուն չի կարող Հայաստանին ապագա խոստանալ: Իսկ սա նշանակում է, որ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը` նոր լուծումներ գտնելն է: Բոլորը հասկանում են, որ Ս.Սարգսյանի գլխավորությամբ մենք գնում ենք կործանման, եւ հիմա կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս է պետք խուսափել դրանից:  Հիմա հաջորդ քայլի պահն է` գտնել առանց արյունահեղության խնդրի լուծումը: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժերը, մյուս կուսակցությունների հետ միասին և ժողովրդի հսկայական աջակցության պայմաններում, ի վիճակի են քաղաքական դաշտից հեռացնելու 100-ից  90,  80,  70 խփողներին, խաղաղ մարդկանց վրա կրակողներին և նրանց սպասարկող փոքրաթիվ քաղաքական մարմնվաճառներին:

 

Արման Իսագուլյան 

Նախորդ հոդվածը‘Հայկական ֆիլմը՝ Սոչիի միջազգային կինոփառատոնի դափնեկիր’
Հաջորդ հոդվածը‘Պոզներ. Վերմախտի զորքերին հաջողվել է հասնել Ստալինգրադ՝ հենց Ստալինի մեղքով’