‘Քաղաքապետարանը գլխավոր տոնածառի ճյուղերը կնվիրաբերի անապահովներին’

845

Երեւանի քաղաքապետարանը գտել է գազի թանկացման եւ ցուրտ եղանակի դեմ պայքարի բանալին: Հանրապետության հրապարակի ամանորյա տոնածառը, շուրջ երկու շաբաթ իր պայծառ տեսքով մեծերի ու մանուկների հոգիները ջերմացնելուց հետո, կշարունակի ջերմացնել նրանցից ոմանց մարմինները:  Եւ այս ամենի համար մեծերն ու մանուկները, բնականաբար, պարտական են քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Ա1+»-ին տեղեկացրել են, որ Հանրապետության հրապարակի` այսօր ապամոնտաժված «մայր» տոնածառի ճյուղերը «աննպատակ չեն օգտագործվի, այլ որպես վառելանյութ՝ դրանք կտրվեն սոցիալապես անապահով ընտանիքներին»։ Իսկ տոնածառը զարդարող խաղալիքները կպահեստավորվեն եւ հաջորդ տարի կօգտագործվեն, հնարավոր է, քաղաքի այլ հատվածներում:

Քաղաքապետարանում չեն մանրամասնել` քանի ընտանիք կօգտվի քաղաքապետի ողորմածությունից, փոխարենը հիշեցրել են, որ  գլխավոր տոնածառի բարձրությունը 32 մետր էր եւ այն ձեւավորվել էր սոճու 600 ճյուղերով։ Տոնածառը զարդարվել էր 8 հազար լուսադիոդային սարքերով եւ 500 խաղալիքներով։

Ինչպես ասում են, այս ամենը բավական զվարճալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:

 

Նախորդ հոդվածը‘Սոցիալական լարվածության մակարդակով 2014 թվականին Հայաստանն ընդգրկվել է ռիսկերի կանխատեսման միջին մակարդակ ունեցող երկրների ցանկում’
Հաջորդ հոդվածը‘Ռոուհանի. Ռազմական ագրեսիայի դեպքում Իրանը պատրաստ է հակահարված հասցնել’