‘Քաղաքապետարանը հաղորդագրություններ է տարածում, որ քողարկի անգործությունը’

954

Դեկտեմբեր և հունվար ամիսներին աննախադեպ ցուրտ եղանակով, այնուհետ ջերմաստիճանի կտրուկ տատանումներով, նաև տեղումներով պայմանավորված` մայրաքաղաքի որոշ փողոցներում, որոնք հիմնականում չեն նորոգվել երկար տարիներ, առաջացել են փոսեր: Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նաև ասվում է, որ հաշվի առնելով անվտանգ երթևեկի ապահովման առաջնահերթությունը` Երևանի քաղաքապետարանի կողմից խնդիր է դրվել մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարած ընկերությունների առջև` հնարավորին կարճ ժամկետում իրականացնել ժամանակավոր փոսալցման աշխատանքներ:

Հարկ է նկատել, որ տվյալ ընկերություններն աշխատանքներն իրականացնում են բացառապես իրենց սեփական միջոցների հաշվին:

Մեր կողմից նշենք, որ եթե փողոցները չեն նորոգվել երկար տարիներ, ապա ինչպե՞ս է քաղաքապետարանը խնդիր դրել մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարած ընկերությունների առջև ասֆալպտապատման աշխատանքներ կատարել սեփական միջոցներով: Մի՞թե այդ ընկերությունները պատասխանատվություն են կրում երկար տարիներ առաջ արված ասֆալտապատման համար: Պետք է նշենք, որ այս հաղորդագրությունը նման է քաղաքապետարանի այն հայտարարություններին, որոնք արվում են միայն նրա համար, որ քողարկեն քաղաքապետարանի անգործությունը: Նշենք, որ մեր խմբագրության աշխատակիցները Երևանի բնակիչներ են, ամեն օր տեղաշարժվում են մայրաքաղաքով, բայց բոլորը տեսնում են միայն փոսերը, իսկ ասֆալտապատման աշխատանքները՝ ոչ:

Որպեսզի հեշտացնենք քաղաքապետարանի գործը, նշենք մի քանի փողոցներ, որոնք շտապ ասֆալտապատման կարիք ունեն. Օրբելի փողոց, Կիևյան փողոց, Վարդանանց փողոց, Մամիկոնյանց փողոց, Ադոնցի փողոց:

Նախորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը Վոլոդյա Ավետիսյանին թողեց կալանքի տակ’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Հեֆերնը խոսել է հայաստանցի հաշմանդամների իրավունքների մասին (տեսանյութ)’