‘Քաղաքապետարանի ներկայացուցիչը աշխատասենյակում նստած է ու չի կարող ասել՝ երթևեկությունը նույն վիճակում է, թե ոչ’

841

Ձյունը, իհարկե, քաղաքապետարանի համար անակնկալ չէր, որովհետև Հայաստանում շատ վաղուց «Հիդրոմետ» ծառայությունը շատ հստակ իրազեկում է այն մասին, թե երբ է սպասվում ձյուն: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ ԱրթուրՍարուխանյանը:

«Մաքրվում են փողոցները, մաքրվում են մայթերը, մաքրվում են բակային տարածքները: Այս պահին փողոցներում նույն ինտենսիվությամբ, ինչպես այս և նախորդ գիշեր, աշխատանքներ չեն ընթանում, քանի որ ցերեկային ժամերին ծանրաբեռնված են փողոցները, ավելի շատ ուշադրությունը մայթերին ու բակային տարածքներին է դարձվում, բայց երեկոյան ժամներին ու հատկապես գիշերները փողոցներն են մաքրվում»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե երթևեկությունը կաթվածահար է, տրանսպորտը նորմալ չի աշխատում, քաղաքապետարանի ներկայացուցիչն արձագանքեց, թե դա մեր գնահատականն է:

«Դուք այսօր մայրաքաղաքում կարո՞ղ եք մատնանշել մի հատված՝ կաթվածահար երթևեկությամբ: Էսօր չանցանելի փողոց մայրաքաղաքում չկա, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ»,- նշեց Սարուխանյանը՝ հավելելով, որ բոլոր երթուղիները նորմալ դուրս են եկել երթուղի, գուցե որոշ երթուղիներում մեքենաների քանակի պակաս կա:

«Եթե դուք կարող եք մեզ ուղղորդել, որ երթուղիներում են, մենք համապատասխան միջոցներ ձեռք կառնենք պարզելու, թե ինչու, և շտկելու այդ բացթողումը: Մայրաքաղաքում ուղևորափոխադրումը սպասարկող բոլոր ընկերություններն այսօր աշխատում են ու աշխատելու են: Եթե ունեք կոնկրետ երթուղի, որը չի աշխատում, խնդրում եմ, մեզ հուշեք, ու մեր տրանսպորտի վարչությունը և «Երևանտրանս» ընկերությունը կզբաղվեն այդ հարցով ու կշտկեն բացթողումը»,- հավաստիացրեց նա:

Մեր հարցին, թե այժմ երթևեկությունը նույն վիճակո՞ւմ է, ինչ՝ եթե ձյուն տեղացած չլիներ, Սարուխանյանը պատասխանեց, թե ինքն իր աշխատասենյակում նստած է ու չի կարող ասել՝ երթևեկությունը նույն վիճակում է, թե ոչ: 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնյա. Իրանը մտադիր չէ տեղի տալ արտաքին ուժերի պահանջներին և դադարեցնել ուրանի հարստացումը’
Հաջորդ հոդվածը‘«Մատաղիսի գործով» ամբաստանյալներն արդարացվեցին’