‘Քաղաքապետարանի ոռոգման համակարգը միացրել են. ցուցարարները ջրի տակ պարում են’

1153

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ցուցարարներն անժամկետ նստացույց են հայտարարել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ։ Նրանք պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները, ովքեր այս վերջին օրերին անպարկեշտ գործելաոճ էին դրսևորել։ Ցուցարարները նստած էին քաղաքապետարանի սիզամարգերի վրա, սակայն քիչ առաջ միացրել են ոռոգման համակարգը, որն էլ սկսել է ջուր ցողել ցուցարարների վրա։ 

–Մեզ ոչ մի բան չի՛ կանգնեցնի,–սկսել են բղավել նրանք և ի նշան բողոքի՝ մտել ջրի շիթերի տակ ու սկսել պարել։

Սա ուղեկցվել է «Ամո՜թ», «Լողացե՜ք, ջուրը ձրի ա» բացականչություններով։

Այս ամենին հեռվից հետևող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարբերաբար գլուխը դժգոհությամբ տարուբերել է և ճպպացրել։ Իսկ որոշ ժամանակ անց նկատողություն է արել քաղաքապետարանի մոտ կայանած մեքենաներից մեկի վրա նստած կիթառ նվագող երիտասարդին։

–Բա ո՞ւր ա ձեր գաղափարը, քոնն ա՞, որ նստել ես։ Թողե՛ք, թող մոտ գա, մի հատ էլ գեներալին խփի՛,– բորբոքվել է փոխոստիկանապետը։

Երիտասարդն էլ Օսիպյանին մեղադրել է սադրանք հրահրելու մեջ։

www.7or.am 

Նախորդ հոդվածը‘Քանի՞ «դուբլից» են նկարահանել Տարոն Մարգարյանի ուղերձը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կիեւում ՀՀ դեսպանություն. Միջադեպի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն’