‘Քաղաքապետարան. Տուգանում՝ նշանակում է շինաշխատանքների դադարեցում ‘

840

Քաղաքի կենտրոնում առանց թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու համար պատասխանատու է շինարարություն իրականացնողը: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Հետաքրքրվեցինք, թե քաղաքապետարանը չի՞ վերահսկում՝ քաղաքում որտեղ են ապօրինի շինարարություն իրականացնում:

«Տուգանել ենք իրենց: Մինչև էդ ամեն ինչը: 2 մլն 200 հազար դրամի մասին որ խոսքը գնում է, մինչև դա էր եղել: Մեր տուգանելուց հետո ինքը իրավունք չուներ շարունակելու: Եթե շարունակել է, հենց ինքն էլ պատասխանատու է, ու ինքը հիմա պատասխան կտա հարուցված գործի շրջանակում», — ասաց Գևորգյանը:

Նրա պնդմամբ՝ քաղաքապետարանի համապատասխան վարչությունը եղածի համար պատասխանատվություն կկրեր միայն այն դեպքում, եթե այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերությանը չտուգաներ, բայց տուգանել է:

«Ավելին ասեմ՝ եթե այդ դեպքը չլիներ, եթե մենք կրկին փաստաթղթերը ստուգելիս պարզեինք, որ ինքը չի դիմել երկրարացնելու իր ժամկետը, ինքը այս անգամ կրկնակի կտուգանվեր: Շրջայցեր լինում են պարբերական, ոչ ամեն օր, որովհետև զուտ ֆիզիկական առումով էդքան մարդ չունի վարչությունը, որ ամբողջ օրը քաղաքի բոլոր ծայրերով գնա ու գա»:

Մեր այն հարցին՝ եթե ապօրինի շինաշխատանքեր են իրականացվում քաղաքում, քաղաքապետարանը իրավասու չէ՞ դադարեցնել այդ աշխատանքները, Գևորգյանը պատասխանեց՝ այո, իրավասու է և դադարեցնում է: Մեր այն դիտարկմանը, թե՝ չէ՞ որ միայն տուգանել է, չի դադարեցրել, Գևորգյանն այսպես արձագանքեց.

«Իսկ տուգանում, հարգելիս, չի՞ նշանակում դադարեցում: Օրենքը հետևյալն է սահմանում. եթե ապօրինի աշխատանքը տեսնում ես, արձանագրում ես, անմիջապես դադարեցնում ու տուգանում ես»:

Բայց շինարարական աշխատանքեր իրականացնող ընկերությունը, փաստորեն, տուգանքից հետո չի դադարեցրել աշխատանքները: «Այս պահին, մեր տուգանման պահին դադարեցրել են»,- ասաց Գևորգյանը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին, ահազանգ էր ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 կիսակառույց շենքում տեղի է ունեցել փլուզում, տուժել է 11 մարդ, որոնցից 3-ը չեն հոսպիտալացվել, իսկ 8-ը տեղափոխվել են հիվանդանոց: Հոսպիտալացվածներից 4-ի վիճակը բժիշկները գնահատել են ծանր։

Նշենք նաև, որ ավել վաղ Արթուր Գևորգյանը հայտնել էր, թե՝ «Խանջյան փողոցում այսօր փլուզման ենթարկված կիսակառույցը շինարարության ժամկետների առումով ապօրինի է: Սեփականատերն այս պահին շինաշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի ունեցել»:

Նախորդ հոդվածը‘«Ես էլ» ֆիլմը արժանացել է Սիրակուզի կինոփառատոնի երեք մրցանակի ‘
Հաջորդ հոդվածը‘Գերմանիան բողոքի ցույցով է դիմավորել Թուրքիայի վարչապետին ‘