‘Քաղաքապետի հասցեին ցանկացած քննադատական խոսք արժանանում է Տարոնի բուծած ֆեյքերի ամենավերջին հայհոյանքներին’

1327

Որքան էլ իշխանության հանրապետական ներկայացուցիչները պնդում են, թե առաջիկա ընտրությունները տեղական, ոչ քաղաքական նշանակության միջոցառումներ են, քաղաքապետն էլ` ոչ ավելին, քան քաղաքը նկարազարդող, աղբաթափման գործընթաց կազմակերպող և ծաղիկ շիթիլող, այնուամենայնիվ, հենց իրենց գործելաոճով հակառակն են ապացուցում:

Երևանի ավագանու ընտրությունների ընտրապայքարը հասել է գագաթնակետին՝ իրական և վիրտուալ դաշտում: Հարձակումները սկսել են տարբեր ուղղություններով, արդեն թիրախ են ոչ թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, այլ լրագրողները: Բավական է` լրագրողի կողմից իրականության վերհանում, որը դուր չի գա Երևանի քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին կամ նրա գովքին լծված, այսպես ասած, փիարչիկներին, անմիջապես թիրախավորվում է:

Քարոզարշավի ընթացքում, բնականաբար, մեր լրագրողները աշխատում են բոլոր քաղաքական ուժերի հետ, լուսաբանում նրանց միջոցառումները: Ակտիվորեն լուսաբանվում է նաև ՀՀԿ-ի ու նրա թեկնածուի քարոզարշավը: Չենք թաքցնում, ուշադրությունը ՀՀԿ-ին առավել մեծ է, քանի որ, լինելով իշխող և ունենալով բացարձակ իշխանական լծակներ, նրանց գործունեությունը բոլորիս աչքի առջև է, նրանցից պահանջը՝ առավել շատ: Բայց, արի ու տես, որ ցանկացած խոսք, որը նորահայտ «չեբուրաշկաների» սազանդարություն չէ Տարոնի հասցեին, դառնում է գռեհիկ և ոչ համաչափ քննադատության պատճառ: Յուրաքանչյուր գրառման տակ մեկնաբանություններով հանդես են գալիս բազմաթիվ ֆեյքեր և ամենավերջին հայհոյանքները տեղում: Մակարդակից զուրկ այդ կենդանիները, որոնց այլ բառով, եթե բնորոշենք, ավելի կոպիտ կհնչի, բուծվել են «Ֆեյսբուքում» Տարոնին քննադատողների հասցեին լուտանքներ թափելու գործին՝ անկախ հոդվածի ճշմարտացիությունից: Իրենք ևս հասկանում են իրենց արարքի այլանդակություն լինելը, այլապես գրառումները կանեին սեփական դեմքով: Բայց այդ դեպքում էլ յուրաքանչյուր նյութի տակ արված 50 մեկնաբանությունից կմնային մեկ-երկուսը. պատճառը պարզ է՝ Տարոնն այդքան համակիր չունի: Եթե ունենար, քարոզչական թիմը ստիված չէր լինի զանազան ամոթալի ճանապարհներով «Ֆեյսբուքում» հավանողներ հավաքել: Այդ գրառումներից որևէ մեկում չտեսանք գեթ մեկ կարծիք, որը կհիմնավորեր, թե Տարոն Մարգարյանը արժանի է քաղաքապետ լիելու: Զավեշտն այն է, որ իրենց քիմքին ոչ վայել ցանկացած նյութ մեր «ընդդիմադիրները» համարում են պատվեր:

Հարգելինե’ր, որ ամեն ինչի թիկունքում պատվեր եք փնտրում, երբևէ մտածե՞լ եք, թե իր պետության, երկրի, քաղաքի ապագայով մտահոգ լրագրողին խնդիրներ վեր հանելու համար ինչո՞ւ պետք է պատվեր տալ: Քննադատությունը, մանավանդ` այս դեպքում, կարող էր օգնել մարդուն նվազեցնել գործած և դեռ գործելիք թերացումները, սխալները, զգույշ և մտածված խոսել հրապարակայնորեն հանդես գալիս: Բայց փոխանակ քննադատությունից դասեր քաղելու, փորձում են հաշվեհարդար տեսնել լրագրողների նկատմամբ:

Yerkir.am-ի լրագրող Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջում վերջին օրերին, իրար հերթ չտալով, չեն դադարում լկտի ոճով սպառնալից նամակներ գրել: Ընդ որում` նա միակը չէ, ում վրա հարձակվել են Տարոնի բուծած ֆեյքերը: Խուժանը սպառնալիքից անցել է նաև գործի: Ilur.am-ի լրագրողին ծեծել են` ոստիկանի ներկայությամբ: Ծեծել է ավագանու անդամը, ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Ծեծել է մարդ, ով կրկին ուզում է ավագանի ընտրվել: Ինչո՞ւ է ծեծել, որովհետև ամենաթողություն է, որովհետև ամենուր իրենք են, իրենց համարում են երկրի տիրակալը: Իրենցն է նաև ոստիկանությունը, որը, միջադեպին ականատես լինելով, մատը մատին չի տվել՝ կանաչ լույս վառելով խուժանի ճանապարհին: Ունենալով բացարձակ իշխանություն և զերծ լինելով սեփական վերահսկողությունից` իշխող ուժն արդեն նույնացել է պետության հետ, տիզի նման կպել է պետությունից և արյունաքամ է անում:

 Հ.Գ. Վշտացնելով Տարոնի ֆեյքերին` ասենք, որ այսուհետ ևս թե’ նրա, թե’ իշխանության մյուս ներկայացուցիչների գործունեությունը, քարոզչական հնարքները լինելու են մեր մանրադիտակային ուշադրության տակ: Բացի դրանից` որքան ուզում եք` գործի անցեք, դուք մեզ չեք խանգարում, դուք մեր տեսադաշտից այլևս դուրս եք, մենք ձեզ չենք պատասխանելու, մանավանդ` դրա համար աշխատավարձ չենք ստանում, ի տարբերություն ձեզ, որ վճարվում եք յուրաքանչյուր գրառման համար:

Երկիր

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունից անձնական թիկնազոր մեկ քայլ է’
Հաջորդ հոդվածը‘Երևանում պատմամշակութային հուշարձան չմնաց, որի նկատմամբ ոտնձգություն չկատարվի ‘