‘Քաղաքապետի մամուլի խոսնակը քննադատողներին «ուռոդ» եւ «տականք» է համարում’

1900

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Արթուր Գեւորգյանը «ուռոդ» եւ «բառի ամենաուղիղ իմաստով տականք» է անվանել բոլոր նրանց, ով քննադատում է «Էրեբունի-Երեւան» տոնակատարութունների առիթով քաղաքապետարանի կատարած խոշոր ծախսերը:

News.am-ի հետ զրույցում նա նշել է, որ այս տարվա տոնակատարություններին կծախսվի շուրջ 200 միլիոն դրամ, որի մեծ մասը տրամադրելու են գործընկեր մասնավոր կազմակերպությունները, իսկ այն մասը, որը չի բավարարի, կհատկացվի համայնքային բյուջեից:

«Ու եթե ինչ-որ մի քանի «ուռոդ», որոնք ուղղակի չարացած տականքներ են, բառիս ամենաուղիղ իմաստով, եթե իրենք անգամ հասկանալով են դա անում, շատ ավելի վատ, բառացի այդ մարդը (քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը-խմբ.) բացատրել է, եթե իրենք չեն հասկանում, ես իրենց ասելու բան ուղղակի չունեմ»,- ասել է նա:

Ըստ Արթուր Գեւորգյանի` տոնակատարություններին ծախսված գումարով կարելի էր գնել ընդամենը մեկ աղբատար մեքենա: «Ընդունենք՝ առանք մեկ աղբատար մեքենա, դա քաղաքի հարց լուծո՞ւմ է: Ինչ-որ տականք, տականքների մի խումբ ասում է տրանսպորտի սուբսիդավորում չեք իրականացնում, ասում եք՝ գումար չկա, բայց 200 միլիոն դրամ եք տալիս, տրանսպորտը սուբսիդավորելու համար առնվազն անհրաժեշտ է մինչեւ տասը միլիարդ գումար: Եթե 90 միլիոնով պայմանական պետք է 5 հատ կտուր սարքենք, կամ չգիտեմ ինչքան մետր ասֆալտ պետք է անենք պայմանական, դու կարծում ես, որ դա շատ ավելի կարեւո՞ր է, քան մարդիկ, ովքեր մեր քաղաքում հյուր են, կամ թե չէ երեւանցին, որ իր քաղաքի տոնն է,  արժանի չէ դրան»,- ասել է նա` հավելելով. «եթե դու քո քաղաքը այդպես ես հարգում, ուրեմն դու մարդ չես»:

 

Նախորդ հոդվածը‘Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը’
Հաջորդ հոդվածը‘Երևանում ընթանում է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8–րդ նիստը ‘