‘Քաղաքացիական ակցիա՝ ընդդեմ ոստիկանական ապօրինությունների (Տեսանյութ)’

1764

Այսօր, ժամը 13:00-ին Նաիրի կինոթատրոնի մոտից քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ շարժվեցին դեպի Մաշտոցի պուրակ՝ ճանապարհին բաժանելով մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման եւ «Սերժիկ, պետական դավաճան» թռուցիկներ:
Միջոցառման կազմակերպիչ Արթուր Գրիգորյանը իր խոսքում նշեց, որ ակցիայի կազմակերպման գաղափարը ձագեց այն բանից հետո, երբ օրենքին չհակասող գործողություններ կատարելու համար մի խումբ քաղաքացիներ հարձակվեցին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների վրա` գործադրելով բռնություն, որը շարունակվեց նաեւ ոստիկանությունում:

iLur.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ երբ երթը տեղի է ունենում առանց իրավապահ մարմինների ներկայության, ակցիան անցնում է օրենքի սահմաններում, հանգիստ եւ որեւէ օրինախախտում չի գրանցվում: «Սա թույլ է տալիս մտածել, որ հենց ոստիկաններն են իրենց սադրանքներով խանգարում ակցիայի նորմալ ընթացքին եւ հենց նրանց պատճառով է, որ տեղի են ունենում ապօրինություններ»,- նշեց Կարապետյանը:

«ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանից փորձեցինք ճշտել` արդյո՞ք ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան գործողություններ իրեն ապտակող եւ բռնի ուժով տեսախցիկը խլած ոստիկանին պատժելու ուղղությամբ, ինչին ի պատասխան` լրագրողը նշեց, որ իր հետ մինչ օրս իրավապահ մարմիններից որեւէ մեկը կապ չի հաստատել:

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանությունը բերման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 6 ակտիվիստների եւ ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին: Մինչ ոստիկանության ժամանելը՝ երիտասարդների ակցիան փորձել էին խոչընդոտել Ագրարային համալսարանի ՀՀԿ-ական ուսանողները:

Մանրամասները` տեսանյությում

Նախորդ հոդվածը‘ԱՆ. Հանրապետությունում սուր շնչառական վարակների աշխուժացում է նկատվում’
Հաջորդ հոդվածը‘Ֆլեշ-մոբ Հյուսիսայի պողոտայում` ընդդեմ կանանց նկատմամբ բռնության’