‘Քաղտեխնոլոգ. Փետրվարի 18-ից հետո ՀՀԿ-ականները սկսելու են մտածել իրենց քաղաքական ապագայի մասին’

1325

Քաղտեխնոլոգ. Սերժ Սարգսյանը աստիճանաբար կթուլանա

Ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

— Անկախ Հայաստանի պատմության մեջ նախագահի ընտրություններն առաջին անգամ անցնում են առանց մրցակցության: Ընդ որում՝ նախագահի ընտրություններին չեն մասնակցում ոչ ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ ՀԱԿ-ը, ոչ ԱԺ-ում իր մեծությամբ 2-րդ քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, ոչ էլ ավանդական ՀՅԴ-ն, որն էլ ամենամեծ տարածումն ունի Սփյուռքում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս վիճակը:

— ՀՅԴ-ի մասին այս առումով ձեռնպահ կմնամ խոսելուց, իսկ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն ձեռնպահ մնացին ընտրությունների անվան տակ իրականացվող միջոցառմանը մասնակցելուց, որովհետև չէին ցանկանում փետրվարի 18-ից հետո Սերժ Սարգսյանին ազատ գործելու քարտ-բլանշ տալ: Ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ մի շարք երկրներում մեր աչքի առաջ ընթանում է ազդեցությունների վերաբաշխման գործընթաց. Արևմուտքը ցանկանում է իր ազդեցությունը, դիրքերն ընդլայնել այս տարածքներում, ՌԴ-ն էլ չի ցանկանում զիջել իր դիրքերը: Նույն գործընթացը տեղի է ունենում նաև Հայաստանում: Այս իրավիճակում եթե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն մասնակցեին ընտրություններին, ընդ որում՝ ցանկացած ձևաչափով, ապա Հայաստանում ստեղծված ընտրակեղծիքների, նկարչության  պայմաններում նրանք պարտվելու էին, արդյունքում՝ դուրս էին գալու քաղաքական դաշտից, ու դաշտն անցնելու էր Ս.Սարգսյանի լիակատար մենաշնորհի տակ: Արդյունքում՝ գործող նախագահը լինելու էր միակ որոշողն ու անելու էր՝ ինչ ցանկանում է: Ընտրություններին չմասնակցելով՝ կանխվեց հենց այդ հեռանկարը, թույլ չտրվեց դա, որովհետև փետրվարի 18-ի միջոցառմանը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ոչ թե պարտվելու են, այլ պարզապես չեն մասնակցելու:

— ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին քննադատողները պնդում են, որ ընտրություններին չմասնակցելով, նրան ընտրապայքարում մենակ թողնելով՝ այդ ուժերը պարզապես օգնեցին նրան առանց խնդիրների ընտրվելու հարցում:

— Դա առաջին հայացքից է այդպես թվում և զգացմունքային մոտեցում է: Եթե մենք խորքային առումով մոտենանք խնդրին, ապա Սերժ Սարգսյանը թվանկարչության արդյունքում փետրվարի 18-ից հետո էլ էր պաշտոնավարելու Բաղրամյան 26-ում: Այս ընթացքում իշխանությունները ստեղծել են ընտրակեղծիքների մի մեխանիզմ, որի դեմ անհնար է որևէ բան անելը, այդ մեխանիզմին կպարտվի ցանկացած ոք: Ուստի խնդիրը ընտրապայքարը հեշտ կամ բարդ դարձնելու մեջ չէ: Խնդիրը՝ ինչ է լինելու փետրվարի 18-ից հետո: Կհաղթի Սերժ Սարգսյանը էպոսագետին, կունենանք էպոսագետին հաղթած նախագահ: Եվ ճիշտն ասած՝ 2012թ. դեկտեմբերին, երբ պարզ դարձավ, որ ոչ  ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն է մասնակցելու ընտրություններին, ոչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ընտրությունները փաստացի ավարտվեցին: Խնդիրը հիմա՝ ինչ տեղի կունենա հետագայում: Ս.Սարգսյանի գործերը հեշտացել են միայն թվանկարչության առումով, բայց հետագա գործընթացների առումով նրա վիճակը գնալով վատանալու է:

— Փաստորեն, կարելի է ասել, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, և Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարելի է սպասել այդ իրավիճակում:

— Մինչև փետրվարի 18-ը բոլոր ՀՀԿ-ականներն իրենց մտքում ասելու են մեկ կարևոր նախադասություն՝ Սերժ Սարգսյանը դեռևս 5 տարի ունի, և բոլորն աշխատելու են նրա համար: Փետրվարի 19-ից բոլոր ՀՀԿ-ականներն ասելու են՝ Սերժ Սարգսյանին մնաց 5 տարի: Այսինքն՝ փոխվում է ընդամենը մեկ բառ, բայց փոխվում է իմաստը: Սա նշանակում է, որ մինչև փետրվարի 18-ը ազդեցիկ ՀՀԿ-ականները մտածելու են Սերժ Սարգսյանի ու նրա հաղթանակի մասին: Ամսի 18-ից հետո սկսելու են մտածել իրենց քաղաքական ապագայի մասին: Արդյունքում՝ Ս.Սարգսյանի վարկանիշը, ազդեցությունը գնալով թուլանալու է: Սա, իհարկե, տեղի չի ունենա անմիջապես: Բայց տեղի կունենա անպայման՝ օր օրի, աստիճանաբար: Եվ ՀՀԿ-ում սկսվելու է պայքար՝ Ս.Սարգսյանի ժառանգը դառնալու համար: Իսկ ՀՀԿ-ում, բնականաբար, կլինեն մարդիկ, որ կցանկանան լինել հաջորդ նախագահ: Իշխանության ներսում ընթանալու է այդ թեժ պայքարը: Եվ այդ դեպքում արդեն կկարևորվի և ՀԱԿ-ի, և ԲՀԿ-ի գործոնը:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Սանդրո Ռոսել. «Մանչեսթեր Սիթիի» մոտ ձուկ որսալը չի ստացվում’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է ‘