‘Քայլ առ քայլ՝ դեպի Բաղրամյան 26’

2293

Վեց-յոթ տարի առաջ Տաթևս  ճիշտ այն տարիքին էր, ինչ այսօր ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի դուրս եկած երեխեքի ճնշող մեծամասնությունը: Ու հիշում եմ. երբ առաջին անգամ վեց-յոթ տարի առաջ (ի՛նչ հավի հիշողություն ունեմ, տո՛, ամեն ինչ մոտավորապես եմ հիշում. կարծեմ մայիսի վերջն էր, ու ազգային անվտանգության շենքի մոտ՝ Նալբանդյան փողոցում՝ էս մեկը հաստա՛տ, երեկոյան կողմ… Դե՝ որ ուզեմ՝ կճշտեմ, բայց, մի տեսակ՝ հավես չունեմ, ու նաև՝ ասելիքիս տեսակետից դա էնքան էլ կարևոր չի  ) ոստիկանությունը շրջապատեց մեր «ցույցը», Տաթևս ո՜նց էր վախեցել… Ես էլ էի վախեցել՝ ճիշտն ասած: Ու դեռ երկար ժամանակ էլ վախենալով էի գնում ակցիաների, «վալերիանկայի» հաբերը կուլ էի տալիս ու գնում էի Հյուսիսային պողոտա՝ «քաղաքական զբոսանքի»: Ճանապարհին էլ նայում էի երթուղայինում հանգիստ նստած ու փողոցներով հանգիստ քայլող մարդկանց, ու գլխումս մի միտք էր առկայծում. «Երանի սրանց, որ իրենց պարտավորված չեն զգում գնալ «քաղաքական զբոսանքի»… Բայց ի՞նձ ով էր ստիպում… Մի անգամ տնից դուրս գալուց առաջ ասացի.

-Սիրտս վկայում է, որ էսօր ինձ են տանելու ոստիկանություն:

-Դու էլ էսօր մի գնա ու խաբս տուր էդ ոստիկանությանը,- հեգնեց եղբայրս, ինչին ես ամենայն լրջությամբ և պաթետիկությամբ պատասխանեցի.

-Չեմ կարող: Քաղաքացիական գիտակցությունս թույլ չի տալիս…

Երեկ այնպես ստացվեց, որ աշխատանքից տուն վերադարձա freecar-ազատ մեքենա ակցիայի շրջանակներում: «Ստացվեց»-ը ո՞րն է.  «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի ջահել-ջուհուլները, հենց լսեցին, որ դեպի Լենինգրադյանը իմ ուղղությունն է (կողքինիս ասացի, իրենք էլ լսեցին), թռան արդեն շարժվող ավտոմեքենայի վրա, կանգնեցրին ու ինձ ուղղակի խցկեցին  այնտեղ (նույնիսկ մի քիչ վիրավորական է՝ կարծես ինձ նման «ծերուկները» չեն ուզում մասնակցել էդ ակցիային…)… Մեքենայում, բացի վարորդից ու ինձնից, ևս երկու ուղևոր կար՝ երիտասարդ տղամարդիկ: Ես նախ վարորդից հետաքրքրվեցի՝ կարո՞ղ է ինքն էլ է շոու-բիզնեսի աստղերից, « ուղղակի ես լավ չեմ ճանաչում մեր «աստղերին», մեկ էլ տեսար՝ դուք էլ եք «աստղ», խայտառակ չլինենք»,- պարզաբանեցի-արդարացա ես: Պարզվեց՝ չէ, «աստղ» չէր, բայց հեռուստատեսության աշխատակից էր: Էդպես սկսեցինք զրուցել՝ դեսից-դենից, ուղեվարձից, Տարոնից, մեկ էլ վարորդի կողքը նստած տղամարդը թե՝ «Տարոնը կարգին էլ տղա ա, Տարոնն ի՞նչ անի, իրան ինչ ասում են վերևից՝ էն էլ անում ա»: «Ո՜նց թե,- զարմացա ես,- դա հիմա կոչվում է «կարգին տղա՞»: Իսկապես որ՝ մեր արժեհամակարգը հիմնովին շուռ է եկել»: Ու հեռուստատեսության աշխատակիցն էլ վրա բերեց. «Հա, ճիշտ է, մի տեղ գրել էին՝ Տարո՛ն,  փրկիր հորդ պատիվը»: «Ո՞նց թե,- նորից զարմացա ես,- այսինքն՝ Տարոնի «հերը» պատվով մարդ է՞ր»:

 Չորրորդը չէր խոսում: Ու ես էլ ձենս կտրեցի ու սկսեցի մտածել՝ էս ի՜նչ կուպե եմ ընկել… Էդպես մտածում էի մինչև այսօր առավոտ, երբ էս պատմությունը պատմեցի մեր Հակոբին, ու նա ասաց. «Շատ լավ է, տիկին Սեդա, ուրեմն՝ արդեն բոլորն են հասկանում, դե, կամ՝ շատերը, որ էս ամենի պատասխանատուն ոչ թե Տարոնն է, այլ Սերժիկը»: Գլո՛ւխը, էլի:

 Էնպես չի, որ ես երբևէ կարծել եմ, թե «սիրուն չի, Տարոնը»  կարող է ինքնուրույն որոշում կայացնել, բայց  ո՞նց չէի մտածել էս ուղղությամբ՝ որ Տարոնին «լավ, կարգին տղա» համարողներն էլ են արդեն սկսել բարձրաձայն խոսել սրա մասին՝ թե էս ամենի մեղավորը Բադեն-Մադեններում «հանգստացող» Սերժիկն է…

Հիմա էս մեր սիրուն-պայծառ-ոգևորված-ջրիկացած-բարիացած-անուշ երեխեքը փողոց են դուրս եկել ու «գժվել» քթներին խփած «ազատության ու հաղթանակի քամուց»: Աստված չտա՝ դեռ չեն ծեծվել ու ոստիկանություն չեն ընկել, առավել ևս՝ դեռ չեն դատվել ու մեղավոր չեն ճանաչվել ԱՅՍՊԵՍ, ոչ թե ԱՅՆՊԵՍ մտածելու համար՝  ինչպես մեր Տիգրանը… Բայց նրանք արել են առաջին քայլը. նրանք հաղթահարել են առաջին վախը, նրանց գիտակցության մեջ հեղաշրջում է կատարվել,  նրանք հասկացել են, որ իրենք էս երկրի քաղաքացի են ու ԿԱՐՈՂ են ինչ-որ բան փոխել: Ու էդպես քայլ առ քայլ, թեկուզ և՝ առայժմ գիտակցության ոլորտում՝ (բայց ինչո՞ւ «թեկուզ և», ամենակարևորը հե՛նց գիտակցության մեջ կատարված հեղաշրջումը չի՞) դեպի Բաղրամյան 26…

Սեդա Մեսրոպյան

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը այցելել է Չինաստան’
Հաջորդ հոդվածը‘Քոթակի տղեկը’