Քայլ դեպի նոր աղետ. ՉԻ

407

ՌԴ ԱԳՆ-ի անանուն ներկայացուցիչը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Մոսկվան «բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավաբանորեն անվավեր «օրդերի» համատեքստում: Հայկական կողմը զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին»:

Տարիներ առաջ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր համախոհների հետ հանդիպման ժամանակ պատմում էր, թե ինչպես է 1992թ. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին ներկայացրել ԱՊՀ տնտեսական համագործակցության մեծ ծրագիրը և խնդրել ամերիկյան փորձագետներին գնահատական տալ, թե արդյոք տնտեսական այդ համաձայնագիրը չի հակասում Հայաստանի ինքնիշխանությանը: Ավելի ուշ ամերիկացիները տվել էին իրենց գնահատականը, որ համաձայնագրի առումով որևէ խնդիր չկա:

Այնուհետև Տեր-Պետրոսյանը շարունակում է պատմել, որ 1994թ. պատրաստվում էր Ֆրանսիայի հետ ստորագրել բարեկամության մեծ պայմանագիր: «Երբ նախագիծը պատրաստ էր, ես այն ուղարկեցի Ռուսաստանի արտգործնախարարություն: Նրանք շատ ազդվեցին և Ելցինի ու Կոզիրևի կողմից շնորհակալություն հայտնեցին, և ասացին, որ ոչ մի առարկություն չունեն, Ռուսաստանի շահերին այս պայմանագիրը բացարձակապես չի հակասում: Ես կամ Հայաստանը դրանից ոչինչ չկորցրեցինք, բայց շահեցինք երկու կողմերի վստահությունը»,- նշել է Առաջին նախագահը:

Սա ուղղակի որպես ուսումնական ձեռնարկ, շպարգալկա պետք է լիներ այս իշխանությունների համար, որոնք Հայաստանի ու Արցախի եղած պրոբլեմներին նորանոր պրոբլեմներ են ավելացնում: Ընդամենը կարող էին Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնել, Հռոմի կանոնադրության մասին հայտնել, փորձել ռուսների տեսակետն այս հարցում ճշտել: Պիտի դա անեին՝ հաշվի առնելով Հռոմի կանոնադրության շուրջ ստեղծված իրավիճակը, աշխարհաքաղաքական իրավիճակը, Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը, հաշվի առնելով, որ Ռուսաստանի հետ, թեկուզ թղթի վրա, բայց ունենք գործընկերային հարաբերություններ, ԱՊՀ անդամներ ենք, ԵԱՏՄ և այլն, և այլն: 

Ոչինչ չեն արել, պարզապես վերցրել ու ահա այսպիսի քայլի են գնացել՝ շատ լավ գիտակցելով (մարդ կա, կարող է ասի, որ չեն գիտակցում, այդքան չկան), որ Արևմուտքն այսօր Հռոմի ստատուտն օգտագործում է որպես գործիք Ռուսաստանի դեմ: Ռուսաստանն էլ ահա այսպես է արձագանքել: Սրա հետևանքները խիստ անկանխատեսելի են:

Սա էլ ձեզ պետության շահերով առաջնորդվող գործչի և արկածախնդրի տարբերությունը:

Հ.Գ. Մենակ չասեն, թե բա ՍԴ-ն անկախ մարմին է, մենք ի՞նչ անեինք: 2004-ին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Հռոմի կանոնադրությամբ ամրագրված որոշ պարտավորություններ չեն համապատասխանում Հայաստանի մայր օրենքին։ Ու հատկապես հիմա համապատասխանեցին, երբ գրեթե նույն Սահմանադրությունն է:

4rd.am

Նախորդ հոդվածըՇոտլանդիայի ազգային կուսակցության նոր առաջնորդ է դարձել Հումզա Յուսաֆը
Հաջորդ հոդվածըՀայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ (տեսանյութ)