‘Քանի՞ տոննա աղ կարող է ուտել միջին վիճակագրական քաղաքապետը մեկ գիշերվա ընթացքում (լուսանկարներ)’

1292

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ անցած գիշեր տեղացած  առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերն սկսվել և ներկայում էլ շարունակվում են գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաև մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ 

«Ձնամաքրման աշխատանքներին գիշերային ժամերին մասնակցել է 149 միավոր մասնագիտացված տեխնիկա: Առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ արդեն օգտագործվել էր ավելի քան 242 տոննա աղ և ավելի քան 597 խմ ավազ», — հայտնում են քաղաքապետարանից:

Մեր հույժ հավաստի աղբյուրներն իրենց հերթին հայտնում են, որ հարյուր հազարավոր երեւանցիներ այսօր առավոտյան ուշացել են աշխատանքից` տեղացած ձյան հետեւանքով անանցանելի դարձած ճանապարհների պատճառով: iLur.am-ը ներկայացրել է, որ Երեւանի ամենակենտրոնական փողոցները սկսել են մաքրել միայն կեսօրին մոտ:

Քանի որ վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկման առարկա է դարձել զվարճալի մաթեմատիկական խնդիրների ժողովածուն, մենք էլ մեր կողմից յուրատեսակ խնդիր առաջարկենք:

Այսպիսով, համադրելով վերը նշված թվերը, պատասխանենք հարցին` որքա՞ն աղ եւ ավազ մեկ գիշերվա ընթացքում կարող է ուտել միջին վիճակագրական քաղաքապետը, եթե հաշվի առնենք, որ այդ գիշերվան նախորդող օրը նա սկսել է զբաղվել շախմատով:  Որպես հուշում նշենք, որ մեկ գիշերվա ընթացքում կերված աղի ու ավազի քանակը ուղիղ համեմատական է նույն գիշերվա ընթացքում խմված դիզելային վառելիքի քանակին: 

Նախորդ հոդվածը‘Կիվիրյանը հրաժարվել է համաներման միջոցով խուսափել քրեական հետապնդումից’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի` հարազատների հետ տեսակցելու արգելքը հանվել է’