‘«Քանի դեռ ողջ եմ…». նախագիծ կյանքի ու ապրելու մասին’

1173

«Քանի դեռ ողջ եմ, ուզում եմ ապրել կյանքս այնպես, ինչպես իրականում ուզում եմ…» Ահա այս գրառումն առաջինն էր, որ հայտնվեց սույն թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Սիրահարների այգում տեղադրված «Քանի դեռ ողջ եմ…» (Before I die) պատի վրա:

Պատի բացումը իրականություն դարձավ մի խումբ երիտասարդների եռանդուն ջանքերի և «Օսըմ» (Awesome) հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ:

Ըստ համաշխարհային փիլիսոփայության՝ մահվան մասին պարբերաբար մտածելը հզոր գործիք է, որի միջոցով կարելի է վերանայել մեր նպատակներն ու իղձերը, և որը հիշացնում է մեզ այն ամենի մասին, ինչն իմաստավորում է մեր կյանքը: Հասարակական վայրերը մարդկանց համօգտագործման տարածքներ են, որոնք կարող են օգնել մեզ՝ պատկերացում կազմելու մեզ շրջապատող մարդկանց կյանքի գեղեցկության ու ողբերգականության մասին: Շատ հաճախ մենք ժամանակ չենք գտնում կանգ առնելու և խորհելու մեր կյանքի դեռևս չիրականացած, սակայն ամենաբաղձալի երազանքների մասին:

Արվեստագետ Կենդի Չանգը, ով ուսումնասիրում է կապը հասարակական վայրերի, ժողովրդավարության և մշակութային ու անձնական ինքնադիտողության միջև, Նոր Օռլեանում ստեղծեց «Before I Die» պատը, որը միտված էր հասկանալու, թե ինչն է կարևոր նրան շրջապատող մարդկանց համար:

2011 թ. ստեղծված այս պատը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Այն դարձավ ժամանակակից արվեստի մի տարատեսակ՝ տարածվելով աշխարհի տարբեր երկներում, որը ցուցադրվեց կենդանի արվեստի կոնտրոն՝ Venice Biennale արվեստի համաշխարհային ցուցահանդեսին և «Smithsonian Cooper-Hewitt National Design» թանգարանում:

Սա ժամանակակից արվեստի տարատեսակ է, որը մեզ հնարավորություն է տալիս կյանքի շուրջ մտորելու և մեր ձգտումների մասին պատմելու մարդկանց: Այն միջավայր է ստեղծում, որտեղ մարդիկ կարող են միմյանց փոխանցել անձնական ապրումները: Այստեղ կարելի է նաև մտորել և կիսվել մարդկանց հետ մեր կյանքի կարևոր և թանկ երազանքների մասին:

2013 թ. հուլիսին «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզկենտրոնում՝ Եղեգնաձորում աշխատող ուսանողների թիմը նախաձեռնեց և իրագործեց «Եղեգեաց փառատոնը»։ «Եղեգնաձորն ավելի լավը կդառնա, եթե…» վերտառությամբ պատը դարձավ մի վայր՝ տեղացիների ցանկությունները բարձրաձայնելու համար։ Այս փորձն էլ հիմք դարձավ՝ զարգացնելու միտքը և նախաձեռնությունն իրագործելու Երևանում։

Ամբողջ աշխարում ստեղծվել է ավելի քան 200 նման «պատ»` շուրջ 15 լեզվով և 40 երկրներում, այդ թվում` Գերմանիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Իտալիայում, Իսրայելում, Թաիլանդում և Հարավային Աֆրիկայում:

«Before I Die» գիրքը, հրատարակված «St. Martin’s Press»-ի կողմից, դարձավ այս բոլոր պատերի և դրանց ետևում գտնվող պատմությունների պսակը: Համեմված լինելով մարդկանց հույսերով ու վախերով, հումորով ու ցավով՝ այս գիրքը հնարավորություն է տալիս խորհելու յուրաքանչյուրիս կյանքի հիմնական հարցի շուրջ:

 «Publishers Weekly» շաբաթաթերթն այն անվանեց «հզորագույն ու արժեքավոր հիշեցում այն մասին, որ կյանքն ապրելու համար է, և երբեք չափազանց ուշ չէ կամ չափազանց շուտ անել այն, ինչ ուզում ենք…»:

Սիրահարների այգու «պատին» հանձնված երազանքները դարձան բոլորինը. դրանք շատ տարբեր էին՝ անձնական երջանկությունմից ու բարեկեցությունից մինչև ֆուտբոլային հավաքականի հաղթանակներ։ Ու կարևորն այն է, որ բառը ոգի ունի, և երազանքն արդեն իրագործման ճանապարհին է։

Նախաձեռնող խումբ՝ Նարեկ Սարիբեկյան, Ինեսա Թադևոսյան, Վահագն Վարդանյան, Ինեսսա Ալավերդյան, Քրիստինե Մելքոնյան, Միքայել Պետրոսյան, Մարիամ Սաֆարյան,
Նարեկ Միսակյան, Հայկ Ծատուրյան, Արմեն Ներսեսյան, Վիտալի Ավագյան, Արամ Կոստանյան

Նախորդ հոդվածը‘Սպասվում է մառախլապատ, կայուն ցուրտ եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’