‘Քանի դեռ փոխում են կեղծարար մեքենայի յուղը…’

2072

Մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքական, եւ հատկապես ոչ իշխանական ուժերի մասնակցության ձեւաչափն ու մասնակցության հարցն ընդհանրապես վերջին շրջանում դարձել է բուռն քննարկման թեմա: Մասնակցել-չմասնակցելու խնդիրը երբեմն դարձնում են լինել-չլինելուն հավասար երկընտրանք: Ոմանք, այո, երբեմն միտումնավոր, արհեստականորեն խնդիրը առաջ են քաշում ճակատայաին եղանակով՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցելու դիլեմայով: Այնինչ, թվում էր, թե այստեղ քննարկելու որեւէ հարց պետք է որ ընդհանրապես չլիներ:

  1. Ընդհանրապես, անհասկանալի է, երբ քաղաքագիտական կամ վերլուծական շրջանակները քննարկում են այն հարցը, թե արդյո՞ք քաղաքական ուժերը պետք է մասնակցեն որեւէ ընտրության, (իսկ տվյալ պարագայում Երեւանի ավագանու ընտրություններին), թե՞ ոչ: Քաղաքական ուժերը, եթե նախապես չեն հայտարարում ընտրությունները բոյկոտելու մասին, ապա պարտավոր են մասնակցել բոլոր հնարավոր ընտրություններին, քանզի չի կարող որեւէ քաղաքական ուժ երկարատեւ հեռանկարի հույսեր փայփայել, եւ միաժամանակ ուղղակի վերցնել ու չմասնակցել ընտրություններին, որոնք քաղաքական ամենակարեւոր գործընթացն են: Ուզենք, թե չուզենք, ընտրությունները, այն էլ՝ Հայաստանում, քաղաքական դաշտի կատալիզատորներ են հանդիսանում, քաղաքական կյանքի ակտիվացման ամենաբուռն շրջանը, եւ դրանից հենց այնպես դուրս մնալը առնվազն անլրջություն է, իսկ երբեմն նաեւ քաղաքական մանկամտություն: Խոսքը, կրկնվեմ, ամենեւին էլ հայտարարված բոյկոտի մասին չէ, ինչպես որ դե ֆակտո եղավ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ, երբ երկրի կարեւոր երեք քաղաքական ուժերը՝ Հայ ազգային Կոնգրեսը, ԲՀԿ-ն եւ Դաշնակցությունը, փաստացի բոյկոտեցին ընտրությունները: Խոսքն այդ մասին չէ, քանզի դե ֆակտո բոյկոտն ինքն իրենով արդեն քաղաքական քայլ էր: Խոսքը ընտրություններից դուրս մնալու, դրանց չհիմնավորված չմասնակցելու մասին է:
  2.  Երեւանի ավագանու ընտրությունները առանձնահատուկ կարեւորություն ունեն այն առումով, որ դե յուրե լինելով ՏԻՄ ընտրություններ, այն դե ֆակտո գրեթե համապետական ընտրություն է: Չմոռանանք, որ Հայաստանի բնակչության կեսը ապրում է մայրաքաղաքում, այսինքն ՀՀ բնակչության կեսը մասնակցում է այդ ընտրություններին: Ընդ որում, խոսքը քաղաքականապես ակտիվ բնակչության մասին է: Չմոռանանք, որ իշխանական կեղծարար մեքենան Երեւանում առավել դժվարությամբ է կարողանում կեղծիքներ իրականցնել, քան՝ Երեւանից դուրս գտնվող տարածքներում: Կոպիտ ասած, այն, ինչ չեն կարողանում, կամ ամբողջությամբ չեն կարողանում իրականացնել Երեւանում՝ անում են մարզերում, եւ հիմնականում հենց մարզերում կատարվող կեղծիքների հաշվին էլ՝ համապետական ընտրություններին «խփում են այնքան, որքան պետք է»: Ըստ պաշտոնական արդյունքների անգամ,  (2008-ի նախագահական, 2009-ի Երեւանի ավագանու, 2012-ի ԱԺ եւ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ) Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն Երեւանում կարողացել են կեղծել բացառապես մինչեւ 50 տոկոսի արդյունքների սահմաններում: 50 տոկոսից ավել քվե անգամ կեղծիքների պարագայում ոչ ՀՀԿ-ն, ոչ Սերժ Սարգսյանը չեն ունեցել:   
  3. Երրորդ, եւ այս պարագայում թերեւս ամենակարեւոր հանգամանքն այն է, որ նախագահական ընտրությունները դեռ նոր են ավարտվել, եւ իշխանական կեղծարար մեքենան այժմ, ըստ էության, թարմացման փուլում է, պատկերավոր ասած՝ տարել են մեքենայի յուղը փոխելու: Չմոռանանք՝ որքան էլ կեղծարար մեքենան լավ մշակված լինի, որքան էլ իշխանությունները պատրաստ լինեն՝ անընդհատ ընտրություններ անցկացնել եւ կեղծել դրանք, միեւնույն է՝ այդ մեքենան որոշակի առանձին դետալներից է բաղկացած, որոնց հաջորդ կեղծիքներին պատարստվելու համար ժամանակ է պետք: Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք դե յուրե համապետական ընտրություններ չլինելով, դե ֆակտո գրեթե այդպիսինն են,  անմիջապես հաջորդում են նախագահական ընտրություններին: Նման բան մեկ էլ 2003 թվականին է եղել, երբ ԱԺ ընտրությունները հաջորդել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին: Երբ ժամանակը քիչ է լինում, բնականաբար, ընտրակեղծարարներն էլ՝ իրենց կեղծարար մեքենան նոր գործողության նախապատրաստելու համար քիչ ժամանակ են ունենում: Դա տրամաբանական է: Օրինակ, եթե որեւէ օլիգարխ գումար է ներդնում որեւէ ընտրության ժամանակ, նրան հետո որոշակի ժամանակ է անհրաժեշտ այդ ներդրած գումարը հետ բերելու համար: Հիմա, եթե նա դեռ չի հասցրել հետ բերել ներդրած գումարները, ապա հազիվ թե նույն ջանասիրությամբ մտնի նոր ընտրության մեջ: Մտնելը, իհարկե, կմտնի, (այլընտրանք չունի), բայց ջանասիրությունը հազիվ նախորդին հասնի: Եւ այսպես, մինչեւ կեղծարար մեքենայի բոլոր առանձին դետալները ռեստարտի փուլում են, ասել է թե՝  մինչ իշխանությունները կեղծարար մեքենան տարել են յուղելու, քաղաքական ուժերը պետք է օգտվեն այդ առիթից: 
  4. Չգիտես ինչու, քննարկման առարկա է դարձել նաեւ այն, թե ինչպես պետք է ընտրություններին մասնակցեն ոչ իշխանական ուժերը: Տեսակետներ կան, թե՝ կամ պետք է մասնակցել միասնական ցուցակով, կամ՝ ընդհանրապես չպետք է մասնակցել: Այսպիսով ուշադրությունը շեղվում է խնդրի բովանդակությունից, դեպի ձեւը: Բովանդակային առումով, իրականում, այս պարագայում ընդհանրապես էական չէ՝ ոչ իշխանական ուժերը միասնական ցուցակո՞վ են մասնակցում, թե՞ առանձին: Կարեւորն այն է, թե արդյո՞ք միասնական ջանքեր կգործադրվեն կեղծիքների դեմ պայքարելու գործում: Եվ Կոնգրեսը, եւ ԲՀԿ-ն, եւ ՀՅԴ-ն, եւ «Ժառանգությունը» հանձնաժողովներում անդամներ ունենալու հնարավորություն ունեն: Այսինքն, եթե բոլոր այդ ուժերը կարողանում են համաձայնության գալ համատեղ գործելու հարցում, ապա յուրաքանչյուր տեղամասում հանձնաժողովի առնվազն 4 անդամ կունենան, որոնք կպայքարեն կեղծիքների դեմ: Ընդ որում, եթե նրանք գործընթացը վերահսկում են միասին, արդյունավետությունն առավել բարձր է լինում: Եթե գումարենք նաեւ վստահված անձանց, լրագրողներին եւ դիտորդներին, ապա  տեղամասերում հնարավոր է լինում ստեղծել վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ:   
  5. Այսինքն, կարեւորը ոչ թե մեկ միասնական ցուցակն է, այլ՝ միասնական ջանքերը, եւ ՀՀԿ-ին՝ կեղծիքներով մեծամասնություն ունենալու հնարավորություն չտալը: Եթե բովանդակային առումով սրան հնարավոր է լինում հասնել, ապա՝ ձեւը դառնում է անկարեւոր: Հիշեցնենք, որ փոխգործակցության նման մի փորձ արվեց ԱԺ ընտրություններից առաջ՝ միասնական շտաբի տեսքով: Ճիշտ է, այն ժամանակ «Ժառանգությունը», ըստ էության, տորպեդահարելու փորձեր կատարեց, այդուհանդերձ, այդ ժամանակ որոշակի հաջողություններ հնարավոր եղավ գրանցել հենց տեղամասերում: ԱԺ ընտրություններից առաջ ունեցած այդ փորձը շատ լավ հնարավորություն է ընձեռում այս անգամ առավել ճկուն փոխգործակցություն մեխանիզմներ մշակելու եւ իրականացնելու համար՝ Երեւանը ՀՀԿ-ից ազատագրելը վերջնանպատակ ունենալով: Իսկ Երեւանն, ինչպես հիշում ենք՝ հանրապետության կեսն է արդեն:

 

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Հարթաշեն գյուղում նորածնի սպանությունը նոր մեղադրյալ ունի’
Հաջորդ հոդվածը‘Էպոսագետի փաստաբանը գտնում է, որ իր պաշտպանյալին վերաբերող գործը անհիմն չէ’