‘Քանի հանրապետականը կա, ոչ մի բան էլ չի լինի. Մարմարաշենի բնակիչ’

2449

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները ցանկանում էին փակել Մասիս-Երևան ավտոմայրուղին, քանի որ իրենց խոստացել էին Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության ժամանակ Մարմարաշենից Մասիս գնացող կամուրջ կառուցել, բայց այդպես էլ չեն կառուցել: Իմանալով, որ մարմարաշենցիները ցանկանում են փակել ճանապարհը, ԾԻԳ-ի աշխատակիցները շտապել են այնտեղ և բնակիչներին խոստացել, որ մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրեն շրջադարձի նշանները, իսկ մինչև ամսվա վերջը կսկսեն կամրջի շինարարական աշխատանքները:

Ի դեպ, նման խոստումներ գյուղացիներին տալիս են 2013 թվականից սկսած: Տեղեկացնենք, որ Հյուսիսի-Հարավ ավտոճանապարհի կառուցումից հետո գյուղի բնակիչները չեն կարողանում հատել ճանապարհը և մշակել իրենց հողերը, անասուններին չեն կարողանում անցկացնել մյուս կողմում գտնվող արոտավայրերը։ Այս ամենից բացի, Մասիս քաղաք հասնելու համար մարդիկ ստիպված են երկար շրջանցում կատարել, իսկ մինչ այդ՝ շատերն ուղիղ ճանապարհով նույնիսկ ոտքով էին հասնում Մասիս քաղաք:

Այսօր բողոքի ակցիայի ժամանակ Մարմարաշենի բնակիչներից Օնիկ Սիանոսյանն ասաց լրագրողների հետ զրույցում, որ մարմարաշենցիները մայրուղու մյուս կողմում ունեն 380 հեկտար վարելահող, որը, սակայն, հիմա չեն կարողանում մշակել, բացի դրանից՝ այնտեղ կա նաև 180 հեկտար արոտավայր : «Հիմա, սրանք որոշել են էս եկող շաբաթ երկու շրջադարձի նշան դնել: Չորս տարի առաջ խոստացել էին կամուրջը դնել բայց ասում էին՝ կամրջի շաբլոնը չի բռնում, քարտեզից դուրս ա, ծուռ ա: Հիմա էսօր ԾիԳ-ից եկան ասեցին, որ հաջորդ երկուշաբթի նշանները կդնեն հետիոտնի համար, անասուններին անցկացնելու համար, կկարգավորենք, որ վթար չլինի առաջվա նման, մինչև կամրջի կառուցումը»,- ասաց Օնիկ Սիանոսյանը:

Մարմարաշենի մեկ այլ բնակիչ Ռազմիկ Դավոյանն էլ ասաց, որ փողերը կերել են՝ ինչպես բոլոր տեղերում և մի 200- 300 հազարանոց կամուրջ չեն կարողանում սարքել. «Անհարմար է էլի՛, հերիք է էլի՛: Ընտրություններ է գալիս, գալիս են՝ շողոքորթում մարդկանց: Թալանչիներ, փողով եք ընտրվում, թե չէ դուք ե՞րբ եք ընտրվել, թողեք հեռացեք, էս ժողովրդին կերաք: Էլ չենք համբերում: Քանի էդ հանրապետականը կա, ոչ մի բան էլ չի լինի»։ Մարմարաշենի բնակչուհիներից մեկն էլ ասաց, որ չորս տարի իրենց խաբում են: «Ես օրական 2000 դրամ որտեղից տաքսուն տամ, գնամ Մասիս, ես հիվանդ կին եմ, գնում եմ բժշկի, ասում են՝ գնա, կեսօրից հետո կգաս, ես ո՞նց օրվա մեջ էդքան փող տամ տաքսիներին: Փողը կերել են, անցյալ տարի խաբեցին ասին՝ 100 տոկոս կսարքենք, հիմա էլ էս տարի են տենց անում: Երբ որ ընտրության ժամանակն է գալիս, գալիս՝ ժողովրդին խաբում են, էս ժողովուրդն էլ խաբվում է: Ընկել էին փողոցներն ասում էին՝ եթե «այո» քվեարկեք՝ կսարքենք: Շատերին խաբեցին, եկան «այո» քվեարկեցին, հիմա էլ ասում են՝ դե գնացեք, չենք սարքում: Եթե մի տեղ Հանրապետական կուսակցությունն է ղեկավարում՝ սպասելիք չունենք, մենք խաբված ենք: Դրանք իրանց թալանի համար են, մեզ համար չեն: Մենք ոչ մի ակնկալիք չունենք»,- ասաց բնակչուհին:

Գյուղի մեկ այլ բնակիչ, ազատամարտիկ Աբրահամ Ադոյանն էլ ասաց, որ երբ գյուղատնտեսության նախարարն ասում է, թե Արարատի մարզում այսքան տնտեսական աճ կա, եթե 350 հեկտար հող չի՛ մշակվում միայն Մարմարաշենի տարածքում, էդ աճը որտեղի՞ց է եղել. «Ամոթ չե՞ն անում, գնում են կանգնում իրանց ցանած ցորենի արտի վրա, որ միլիոնավոր հեկտարներ ունեն, հնձում են, ասում են՝ Արարատի մարզն էսքան ցորեն տնտեսեց, որտեղի՞ց»։

Լրագրողների հետ զրուցեց նաև Մարմարաշենի գյուղապետ Էդուարդ Հակոբյանը, որն ասաց՝ իրենց խոստացել են, որ մարտի վերջերին կամրջի կառուցման աշխատանքները կսկսվեն, և մինչև տարվա վերջ կավարտեն: Իսկ այն հարցին, թե ինչու Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ժամանակ կամուրջը չկառուցեցին, Էդուարդ Հակոբյանն ասաց. «Այդ հարցն ինձ մի տվեք, ես շինարարը չեմ, ես ծրագրի ղեկավարը չեմ: Իսկ այդ հարցը մենք միշտ էլ բարձրացրել ենք, հենց ճանապարհի կառուցման առաջին օրվանից: Դրանից հետո իրենց ենք ներկայացրել հետազոտությունները, ուսումնասիրությունները, իրենք էլ ընդունել են դա: Բարդ է, բայց արվելու է», -հավելեց գյուղապետը:

Տեսանյութը` Xnews.am-ի

Լիլիթ Թադեւոսյան

Նախորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Վլադիմիր Գասպարյանի անվան թատրոնի դերասանները’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիա» – «Մայնց»֙ 1:2․ Մյունխենցիների երկրորդ պարտությունը (տեսանյութ)’