‘Քանյե Ուեսթը աֆրոամերիկացիներին կոչ է անում լքել Դեմոկարատական կուսակցության շարքերը’

1352

Սկանդալային ռեփ երաժիշտ, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը մասնակցել է Blexit լոգոտիպով հագուստի ստեղծմանը: Շապիկների ու գլխարկների վրայի այդ գրությունը աֆրոամերիկացիներին կոչ է անում լքել ԱՄՆ դեմոկրատական կուսակցության շարքերը:

Blexit-ը նշանակում է Black Exit ՝ «Սև ելք», այսինքն՝ սա բառախաղ է Brexit-ի՝ Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու, և սևամորթ լսարանի հետ:

«Blexit-ը վերածնունդ է, և ես ուրախ եմ, որ այդ լոգոտիպը, այդ գույները հնարել է իմ ընկեր Քանյե Ուեսթը»,- սոցցանցում գրել է քաղաքական ակտիվիստուհի Քենդիս Օուենսը, որն աշխատում է սևամորթ երիտասարդներին հավաքագրել նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների շարքերում:

Մամուլում բարձրացած աղմուկից հետո Օուենսը փորձել է բացատրել, որ Blexit-ը չի արտահայտում Քանյե Ուեսթի քաղաքական հայացքները: «Նա ասում էր, որ սիրում է Հիլարի Քլինթոնին, սիրում է Դոնալդ Թրամփին»,- սոցցանցում գրառել է քաղակտիվիստուհին՝ հանրությանը կոչ անելով «չքաղաքականացնել սերը»:

Քանյե Ուեսթն առաջին անգամ չէ, որ եռանդագին կերպով պաշտպանում է Թրամփին: Հոկտեմբերի կեսերին նա Սպիտակ տանը հանդիպել է Թրամփի, ինչպես նաև նրա դուստր Իվանկայի և փեսա Ջարեդ Քուշների հետ: «Այն պահին, երբ ես դրեցի այս կեպին, ես ինձ սուպերմեն զգացի»,- ասել է երգիչը Make America Great Again («Ամերիկան կրկին դարձնենք հզոր») մակագրությամբ կեպիի մասին: Դա Թրամփի նախագահական կամպանիայի կարգախոսն էր:

Blexit լոգոտիպով շապիկներն ու գլխարկները վաճառվում են  հատը 28 դոլարով:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դոնեցկի «Օլիմպիկի» կիսապաշտպան Ալեքսեյ Գայը Հենրիխ Մխիթարյանի՝ Ադրբեջան չմեկնելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը որոշել է չեղարկել արտասահմանցի ծնողների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաների քաղաքացիության իրավունքը’