‘Քառյակի հայտարարությունը՝ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ’

1487

Խորհրդարանական չորս ուժերը՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը, համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում փաստորեն սակագինը բարձրանում է  40 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ:

Մենք արձանագրում ենք.

1. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրությանը ներկայացվող պատճառները անհամոզիչ են և անընդունելի:

2. Էներգետիկ համակարգի մի շարք ձեռնարկությունների փաստացի սնանկ վիճակում հայտնվելը բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում տարիներ շարունակ իրականացվող ոչ արդյունավետ և անհամարժեք քաղաքականության վկայությունն է: 3. Էլեկտրաէներգիայի սակագնի աճը վատթարացնելու է սոցիալ-տնտեսական պայմանները՝ մեծացնելով գնաճը, աղքատության մակարդակը, նվազեցնելով բնակչության գնողունակությունն ու հայկական ապրանքների մրցունակությունը:

4.  Էլեկտարաէներգետիկ համակարգում ֆինանսական «ճեղքվածքը» հաղթահարելու համար կառավարությունը պետք է օգտագործի ֆինանսական այլ ռեսուրսներ՝ բացառելով հասարակության և տնտեսության վրա սակագնի բարձրացման բացասական ազդեցությունը:  

ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

1. Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին:

2. Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձևավորելու նպատակով` նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման կանխատեսելի համակարգ:

3. Մինչև վերը նշված գործողությունները կատարելը՝ բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:  

աՄիաժամանակ քառյակը դատապարտում է հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ապօրինի գործողությունները: 

Նախորդ հոդվածը‘Բախում Աֆրիկյանների շենքի մոտ. (Ամբողջական տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Էրբիլ’