‘Քառյակ. Էլէներգիան թանկացնելու որոշումը քաղաքական էր (ամբողջական, տեսանյութ)’

1295

Այսօր ԱԺ-ում խորհրդարանական Քառյակի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում կայացված որոշմանը:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք  մի քանի պատգամավորներով մասնակցել են հանձնաժողովի նիստին և հիմնավոր փաստարկներով ներկայացրել, թե ինչպես և ինչու չի կարելի էլեկտրաէներգիան թանկացնել, և նրա խոսքով, ի պատասխան՝ որևէ հակափաստարկ չի հնչեցվել, այդ ամենին ընդամենը հետևել է լուռ քվեարկությունը: Նա նշեց, որ կան քայլեր, որոնք կարելի է անել այս պարագայում՝  խնդիրը լուծելու համար: Մասնավորապես, նրա խոսքով, այդ վնասները երեք տարում պետք է փոխհատուցի պետությունը, ամորտիզացիան՝ մաշվածությունը, և շահույթները պետք է վերանայել, պետք է իջեցվի շահութային նորման, կորուստների նվազեցումը կարող է  մեղմացնել իրավիճակն ու թույլ չտալ գնաճ, նաև պետք է մշակվի ֆինանսական առողջացման ծրագիր:  

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ սակագինը բարձրացնելու որոշումը քաղաքական էր, և թե՛ հանձնաժողովը, թե՛ ոստիկանները կարծես կրակն են ընկել իշխանությունների քաղաքական որոշումների ձեռքը: «Մենք տեսնում ենք, որ մութ գործարքներ կան, փակ տարածք է, և որևէ թափանցիկություն չկա: Իշխանությունները մեզ փաստի առաջ կանգնեցնելու ավանդույթ են ձևավորել, որ՝ բա գիտե՞ք, պարտք ունենք, այն էլ՝ դեռ պարզ չէ, այդ պարտքն ո՞ւմ պարտքն է: Կարծում եմ՝ Քառյակն աշնանը համարժեք պատասխան կտա այս իշխանություններին»,- նշեց նա:  

«Հայ ազային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ իշխանությունները վստահ էին, որ հանձնաժողովը քվեարկելու և որոշումն ընդունելու է, այդ պատճառով էլ նրանցից ոչ մեկը ներկա չէր նիստին: Անդրադառնալով հայտ ներկայացրած ընկերություններին՝ Մանուկյանը նշեց, որ նրանց շահույթներն անթույլատրելի մեծ են, և այն իջեցնելու դեպքում ֆինանսական ճեղքվածքները կփակվեն: Մանուկյանի խոսքով՝ մեծ է նաև մաշվածությունը, բացի այդ՝ մեծ թիվ են կազմում նաև վարկերը, որոնք բոլորը նստած են սակագնի վրա: «Այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան: Այստեղ էլ գնի ձևավորման ժամանակ գործում է նույն մաֆիոզ համակարգը, ինչը որ գազի գնի ձևավորման ժամանակ էր գործում»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ խնդիր է նաև բաշխիչ ցանցերի գրասենյակային աշխատակիցների աշխատավարձների հարցը: «Այսինքն՝ ներքին ռեզերվներն այնքան շատ են, որ կարելի է դրանց հաշվին լուծում գտնել»,- նշեց Մանուկյանը:  Նա նաև հավելեց, որ Քառյակը տեր է իր հայտարարությանը և հետամուտ է լինելու բարձրացված հարցերի լուծմանը: «Բայց սա միայն Քառյակի խնդիրը չէ, բոլորի հոսանքն էլ թանկացել է, բոլորս պետք է միասին պայքարենք այս խնդրի լուծման համար»,- ընդգծեց նա: 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ Հայաստանն այսօր ունի  խարխլված տնտեսություն, և իշխանությունները կարիք ունեն ֆինանսական միջոցների, և դրա ձևերից մեկը ժողովրդից փող կորզելն է, մյուսն էլ՝ դրսից պարտքեր բերելը: «Ճիշտը քվեարկությունը հետաձգելն էր, որը չարվեց, քանի որ քաղաքական պատվեր կար»,- հայտարարեց Ռուստամյանը՝ հավելելով, որ իրենք գործելու են Քառյակի հայտարարության տրամաբանության մեջ, իսկ աշնանը կայանալիք հանրահավաքին կամփոփեն արդյունքները: 

Նախորդ հոդվածը‘Հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը’
Հաջորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Գառների քվեարկությունը’