‘Քառյակ. Կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անվավեր են ‘

1594

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները (Հայ ազգային կոնգրես, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն») հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշում են, որ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած նիստի ընթացքում ԱԺ ղեկավարությունը բազմիցս խախտել է Կանոնակարգ օրենքը՝ սահամանափակելով խմբակցությունների և պատգամավորների իրավունքները։

Հայտարարությունը՝ ստորեւ.

«Ազգային ժողովի այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Ազգային ժողովի ղեկավարությունը բազմիցս խախատեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը` սահմանափակելով խմբակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները:

Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը` առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննարկումների, խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը՝ խորհրդարանին պարտադրել վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր:

Արտահերթ նստաշրջանի այս փաթեթում ընդգրկված էր նաև ժողովրդի գերակշիռ մեծամասնության և քաղաքական ուժերի կողմից մերժված «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրինագիծը, որը փորձ արվեց անցկացնել Իրավական ակտերի մասին օրենքի, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի կոպտագույն խախատումներով:

Նման գործելաոճը թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մարմինը, ինչը լրջորեն խարխլում է մեր պետականության հիմքերը:

Ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անվավեր են։ Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ շարունակելու ենք պայքարել սահմանադրական դատարանի որոշման ամբողջական կիրառման համար»:

Քառյակի այս հայտարարությանը միացել է նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը։

 

  

Նախորդ հոդվածը’10 դրամանոցներ` ՀՀԿ-ականների ճակատին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դատական սխալի համար կվճարի 40 մլն դոլար’