‘Քարիմովը Բարեկեցության և բարգավաճման տարի է հայտարարել’

873

Գալիք 2013 թվականն Ուզբեկստանում հայտարարված է Բարեկեցության և բարգավաճման տարի: Այդ մասին, lenta.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովը: Հայտարարությունն արվել է Ուզբեկստանի սահմանադրության 20-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ և ընդունվել է բուռն ու երկարատև ծափահարություններով:

Անցնող՝ 2012 թվականն Ուզբեկստանում հայտարարված էր Ընտանիքի տարի: Ամռանը հրապարակվել էին սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ երկրի բնակչության 90 տոկոսը գոհ էր տնտեսության, մարդու իրավունքների, բնակչության սոցիալական պաշտպանվածության և ազատ տնտեսական գործունեության բնագավառներում ձեռք բերված հաջողություններից: Մինչդեռ ընդդիմադիր լրատվամիջոցները ենթադրում են, որ քաղաքացիները պարզապես խուսափել են ազնվորեն պատասխանելուց, քանի որ զգուշանում են հալածանքներից: ՄԱԿ-ի մարդկային կարողությունների զարգացման վարկանիշով՝ 2011 թ. Ուզբեկստանը 187 երկրների շարքում գրավում էր 115-րդը (այս ցուցանիշը հաշվարկվում է կենսամակարդակով, գրագիտության, կրթվածության և երկարակեցության մակարդակներով): Ուզբեկստանի մի քանի միլիոն քաղաքացիներ աշխատանք են փնտրում արտասահմանում, նախ և առաջ՝ Ռուսաստանում:

Ի դեպ, Ուզբեկստանի հարևան Թուրքմենստանում հայտարարվել է Հզորության և երջանկության դարաշրջան: Նման կերպ է նշվել նախագահ Գուբանգուլի Բերդիմուհամեդովի ընտրությունը երկրորդ ժամկետով:

Նախորդ հոդվածը‘«Վերին Լարսում» խցանված հայկական բեռնատարների թիվը աճում է’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Մարգարյանը և Արմեն Ռուստամյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ’