‘Քեթրին Էշթոնը այցելել է Իրանում գտնվող Սուրբ Ամենափրկիչ հայկական վանք’

1045

Երկուշաբթի՝ 2014 թվականի մարտի 10-ին, Եվրամիութեան արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ժամանել է Նոր Ջուղայի  ս. Ամենափրկիչ վանք, որտեղ նրան ընկերակցող պատվիրակությանը Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբկեն եպս. Չարյանի գլխավորությամբ, դիմավորել են Շահինշահրի համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանյանը, Պատգամավորական ժողովի, Թեմական, Կրոնական եւ այլ մարմինների ատենապետերը եւ ներկայացուցիչները։

Պատվիրակության անդամները նախ այցելել են որմանկարներով զարդարված, 350-ամյա վաղեմություն ունեցող Ս. Ամենափրկչյան վանքի «Ս. Յովսեփ Արեմաթացի»  եկեղեցի, որտեղ Վանքի «Կոմիտաս» երգչախումբը  Արմեն Ամիրխանյանի խմբավարությամբ հանդես եկավ ս. Պատարագից հոգեւոր երգերով եւ իր ելույթն ավարտեց «Կիլիկիա» երգով։

Այնուհետեւ առաջնորդ Սրբազանը հյուրերին ներկայացրել է իրանահայության կյանքին, Իրանում նրանց ունեցած արտոնություններին եւ իրավունքներին։ Նա մատնանշել է կառավարության հետ սերտ հարաբերությունը եւ ներկայացրել է Իրանը որպես համագոյակցության երկիր եւ նշել, որ 400 տարիներ ի վեր հայերը, որպես քրիստոնյաներ, իսլամ եղբայրների ու քույրերի հետ ապրել են հարգանքով եւ սիրով։

Սրբազան Հայրը շնորհակալություն է հայտնել Եւրոմիության խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ, միաժամանակ անդրադարձել է Շվեյցարիայի դատարանի կողմից դատապարտված թուրք գործիչ Դողու Փերինչեքի արդարացման վճռին, հիշեցնելով, որ մեկ ամիս առաջ Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը, մի նամակով բողոքարկել է Շվեյցարիայի դատարանին՝ ընթերցելով Վեհափառ Հայրապետի նամակից մի հատված։

Թեմի առաջնորդը խոսել է նաեւ Ադրբեջանի կողմից Հին Ջուղային միջնադարյան հայկական գերեզմանատունը հիմնահատակ քանդելու մասին` հույս հայտնելով, որ ԵՄ-ը կդատապարտի նման դեպքերը` կանխելով դրանց կրկնությունը:  

Ի պատասխան, լեդի Էշթոնը վստահեցրել է, որ հետամուտ կլինի նշված խնդիրների բարձրաձայնմանը: Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի ազգային առաջնորդարանի կայքը:

Նախորդ հոդվածը‘Դավութօղլուն Ղրիմում հանրաքվեից հրաժարվելու կոչ է անում’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչ. «Ես կենդանի եմ» (տեսանյութ)’