‘Քեմբրիջի համալսարանի շրջանավարտը «Նուբարաշեն»-ում է. Նա մեղադրվում է ծղոտ վառելու մեջ’

3142

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած և մագիստրոսի աստիճան ստացած Արամ Մուղալյանն այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Նա մեղադրվում է խուլիգանության (ՀՀ Քր. Օր. 258 հոդված) և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու (ՀՀ Քր. Օր 185 հոդված) համար: Այս մասին գրում է panorama.am-ը:

Արամի մայրը` Վարդուհի Շափաղաթյանը, պնդում է, որ չհիմնավորված մեղադրանք են ներկայացրել որդու նկատմամբ, ինչի արդյունքում երիտասարադը չորս ամիս է, ինչ կալանավայրում է:  

Վարդուհի Շափաղաթյանը պատմում է.

«Այսօր տղաս Արմավիրի մարզի իրավապահների բազմաթիվ կեղծարարությունների շնորհիվ 4 ամիս ու 5 օր է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում`որևէ փաստով չհիմնավորված մեղադրանքով. իբրև գյուղին հարակից ամայի վայրում, առանց որևէ մեկի ներկայության, գետնին թափված ոչ պիտանի ծղոտ են վառել, գոյություն չունեցող խոտի դեզ այրելու փորձ կատարել: Սա առնվազն զավեշտական է: Եվ այս անհիմն ենթադրությունների համար ներկայացված պատժաչափը մինչև 4 տարվա ազատազրկում է նախատեսում: Այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

Նախաքննության սկզբում 18 օր շարունակ տղաս ու իր ընկերները` բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, գտնվել են ազատության մեջ և որևէ ձևով չեն խոչընդոտել քննչական աշխատանքներին: Մոտ 3 շաբաթ հետո միայն մեզ անհայտ պատճառներով նրանց նկատմամբ ընդունվել է կալանքի անօրինական և անտրամաբանական որոշում:

Թե ինչպես հկիմնավորեն իրենց հակաօրինական գործողությունները, Արմավիրի իրավապահները կալանքը իրականացնելուց հետո են սկսել մտածել: Այս պարագայում երկար խորհելու կարիք էլ չկար, քանի որ վաղուց ի վեր գործում է իրեն գրեթե միշտ արդարացրած մեթոդը`«մշակել» տղաներին: Եվ սկսվում են սպառնալիքներով լեցուն բացատրական աշխատանքները տղաների ու ծնողների հետ: Բայց ապարդյուն:

Տղաներից մեկը, գտնվելով անազատության մեջ, հոգեկան խանգարում է ստանում: Միայն թերթերի բարձրացրած աղմուկից հետո նրան գրավով բաց են թողնում: Իսկ մյուս երեքը դեռ կալանքի տակ են:

Հասկանալի են Արմավիրի մարզի դատախազության ու քննչականի հետագա գործողությունները ևս. տղաներից ոչինչ չստացվեց, ուստի պետք է «մշակել» ու՞մ: Իհարկե տուժող կողմին` միամիտ գյուղացուն, որը ամիսներ շարունակ գրում և ամենուր բարձրաձայնում էր, որ իրեն նյութական վնաս չի պատճառվել , անասունները կերել են խոտի դեզը և ինքը բողոք չունի:

Այստեղ Արմավիրի իրավապահների բախտը բերում է. ամիսներ անց տուժող գյուղացին «հանկարծ հիշում է», որ իրեն 36000 դրամի վնաս է պատճառվել. իբրև մոտ 30 կապ խոտ է ծխահարվել ու կենդանիները չեն կերել (բնականաբար սա որևէ արձանագրությամբ հիմնավորված չէ), իսկ շան մազը տեղ-տեղ խանձվել է, որի հետևանքով հոտին «լավ չի առաջնորդում» (գործում կա արձանագրություն, ըստ որի` «շունը աշխույժ վիճակում է, շարժվում է ու հաչում»):

Ստացվում է, որ ցանկացած չբացահայտված գործ հանգիստ կարելի է կարել-կպցնել ոչ ճիշտ պահի, ոչ ճիշտ տեղոււմ հայտնված դյուրահավատ մարդուն և վերադասներին «հրաշալի» կատարողական ցույց տալ»:

Արամ Մուղալյանի փաստաբան Վահե Գաբրիելյանը «ծիծաղելի» է համարում անհիմն մեղադրանքի հիման վրա հարուցված քրեական գործը: «Որևէ ապացույց գործում առա չէ, որը կհիմնավորի մեադրանքը: Նույնիսկ գործով տուժողի և վկաների ցուցմունքներից ակնառու է, որ վերջիններիս նկատմամբ ազդեցություն եղել է, քանի որ սկզբում տուժողը և նրա ընտանիքի անդամները հայտարարում են, որ իրենց որևէ վնաս չի պատճառվել, իսկ հետո, երբ արդեն ձերբակալում են տղաներին, արդեն նրանց ցուցմունքները փոխվում են, հայտարարում են, որ վնաս կրել են: 

Թե ոնց է հիմնավորված մեղադրանքը իրավապահների կողմից, ներկայացնում ենք ստորև՝ ըստ Դատակատ տեղեկատվական համակարգի կայքի (Datalex.am)

1.ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ ՄՈՒՂԱԼՅԱՆԻՆ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերներ Ռոբերտ Փիլոյանի և Արթուր Քլյանի հետ կատարել է խուլիգանություն, այնուհետև Ռ.Փիլոյանի և Ա.Քլյանի հետ հրկիզման եղանակով գույքը վնասելով կատարել է խուլիգանություն, այնուհետև Ռ.Փիլոյանի հետ հրկիզման եղանակով գույքը վնասելով կատարել է խուլիգանություն, այնուհետև Ռ.Փիլոյանի և Գագիկ Առաքելյանի հետ կատարել է խուլիգանություն և փորձել է ուրիշի խոշոր չափի գույքը հրկիզման եղանակով ոչնչացնել
Այսպես՝
Արամ Մուղալյանը 06.01.2013թ., ժամը 01.30-ի սահմաններում, իր ընկերներ Ռոբերտ Փիլոյանի և Արթուր Քլյանի հետ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Փաշոյի Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում. հրճվել դրանով և «ԲՄՎ» մակնիշի 32 ԼԼ 526 հ/հ-ի ավտոմեքենայով դիմել են փախուստի։ 
Այսինքն, Արամ Մուղալյանին մեղսագրվում է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով։ Շարունակելով իրենց՝ նման եղանակով զվարճանալու, ուրիշի գույքը ոչնչացնելով և վնասելով զուգորդված հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու իրենց դիտավորությունը, խուլիգանական մղումներից ելնելով 19.01.2013թ. ժամը 04.15-ի սահմաններում, Արամ Մուղալյանը Ռոբերտ Փիլոյանի և Արթուր Քլյանի հետ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, տագնապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզին հարակից տարածքը և դեզին մոտ կապված շանը` գույքային վնաս պատճառելով սեփականատիրոջը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում, լուրջ անհանգստություն առաջացրել, հրճվել դրանով և դիմել փախուստի։ 
Այսինքն, Արամ Մուղալյանին մեղսագրվում է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ։ 
Շարունակելով իրենց անզուսպ եսամոլությամբ ներքին բավականություն ստանալու, զվարճանալու, ուրիշի գույքը ոչնչացնելով և վնասելով զուգորդված հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու իրենց դիտավորությունը, Արամ Մուղալյանը և Ռոբերտ Փիլոյանը 26.01.2013թ., ժամը 02-ի սահմաններում, իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, Սիաբանդ Փաշոյի Խուդոյանին պատկանող տանը հարակից տարածքում դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են վերջինիս պատկանող 1.440.000 ՀՀ դրամ արժողության 1200 հակ պարունակող խոտի դեզի 1-ին շարքում դրված հակերից մեկը և ծխահարման արդյունքում վնասվել է 30 հակ` Ս.Խուդոյանին պատճառելով 36.000 ՀՀ դրամի նյութական վնաս։ Արդյունքում խախտվել է նաև մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Սիաբանդ Փաշոյի Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում, լուրջ անհանգստություն պատճառել նրանց։ Ա.Մուղալյանը և Ռ.Փիլոյանը հրճվել են դրանով և դիմել փախուստի։ 
Այսինքն, Արամ Մուղալյանին մեղսագրվում է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ 
Բացի դա, ուրիշի խոշոր չափի գույքը հրկիզման եղանակով ոչնչացնելու դիտավորությամբ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և նրանց ընկեր Գագիկ Գրիշայի Առաքելյանը 29.03.2013թ., ժամը 23.30-ի սահմաններում, նախապես իրենց հետ վերցրել են բենզինով լցված 1 հատ 1 լիտր և 2 հատ 1,5 լիտր տարողության պոլիէթիլենային տարաներ ու գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի անասնագոմին հարակից տարածք և փորձել են այրել վերջինիս պատկանող խոշոր չափի` 1.440.000 ՀՀ դրամ արժողության , 1200 հատ հակ պարունակող խոտի դեզը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ խոտի դեզը իր նախկին տեղում չի եղել։ Վերջիններս, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, շարունակելով իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությունը, իրենց հետ վերցրած բենզինը լցրել են խոտի դեզի նախկին տեղում և հրկիզել են` Ս.Խուդոյանի, նրա ընտանիքի անդամների ու հարևանների շրջանում առաջացնելով վախ, խուճապ և տագնապ ու դիմել փախուստի։
Այսինքն, Արամ Մուղալյանին մեղսագրվում է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ։  

Նախորդ հոդվածը‘Ոստիկանություն. Կոմիտաս 5-ում տարեց կնոջ նկատմամբ բռնության փաստով քննություն է ընթանում’
Հաջորդ հոդվածը‘ժամանակավորապես արգելվել է Իտալիայից Հայաստան որոշ ապրանքատեսակների ներմուծումը’