‘Քենիացի ուսուցիչը լավագույնն է ճանաչվել աշխարհում’

1274

Քենիայի գյուղական ուսուցիչը, որն իր աշխատավարձի մեծ մասը, որպես օգնություն, տալիս է կարիքավոր աշակերտներին, մեկ միլիոն դոլար մրցանակ է ստացել՝ որպես տարվա լավագույն ուսուցիչ աշխարհում:

Ֆրանցիսկյան կրոնական միաբանության անդամ Փիթեր Տաբիչին, որը բնագիտություն է դասավանդում, դարձել է ամենամյա Global Teacher Prize-ի դափնեկիրը:

Տաբիչին ամեն ամիս իր աշխատավարձի 80 %-ը հատկացնում է ամենաաղքատ ու ծնողներին կորցրած աշակերտների համար դասագրքեր և համազգեստ ձեռք բերելուն:

Տաբիչիի խոսքով՝ դպրոցում ուսուցիչների և դասագրքերի խիստ պակաս կա: Դասարաններում 70-80 աշակերտ է, շատ երեխաներ ամեն առավոտ դպրոց են գալիս՝ ոտքով անցնելով վեց և ավելի կիլոմետր:

«Փողը դեռ ամեն ինչ չէ»,- ասում է Փեթերը: Նա հույս ունի երեխաների մեջ սեր ներշնչել գիտության հանդեպ: Նա այցելում է այն ընտանիքներ, որոնց երեխաները հաճախ են բացակայում դասերից: Նա ծնողներին համոզում է, որ չամուսնացնեն իրենց անչափահաս դուստրերին և թույլ տան նրանց ավարտել դպրոցը:

 Փիթեր Տաբիչիի աշակերտները մրցանակներ են ստացել ազգային և միջազգային գիտական մրցույթներում, այդ թվում՝ բրիտանական Թագավորական քիմիական ընկերության մրցանակը:

Global Teacher Prize մրցանակը շնորհվում է ամեն տարի Varkey Foundation հիմնադրամի կողմից: Նրա ժյուրին բաղկացած է 150 հոգուց: Մրցանակի նպատակը, դրա հիմնադրի՝ հնդիկ գործարար Սաննի Վարկիի խոսքով՝ ուսուցչի մասնագիտության հեղինակության բարձրացումն է:

Այս տարի  հաղթողն ընտրվել է 179 երկիր ներկայացնող ավելի քան տասը հազար հավակնորդներից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փաշինյանն ու Ալիեւը կհանդիպեն մարտի 29-ին. Առավոտ’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Պետություն՝ առանց տարածքի, սակայն՝ բանակով’