‘Քերին ԿԺԴՀ-ին կոչ է անում փակել քաղբանտարկյալների ճամբարները’

1019

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԿԺԴՀ ղեկավարությանը կոչ է արել փակել այն ճամբարները, որտեղ, ՄԱԿ-ի տվյալներով, պահվում են տասնյակ հազարավոր քաղբանտարկյալներ:

Երեքշաբթի Նյու Յորքում հանդիպելով իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ Քերին օրինակներ է բերել ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի հանձնաժողովի 400 էջանոց զեկույցից, որի համաձայն՝ այդ երկրի տարածքում «քաղաքական բանտարկյալների ճամբարներում պահվում է 80 հազարից մինչև 120 հազար մարդ»: «Մենք բոլորս այսօր կոչ ենք անում Հյուսիսային Կորեայի կառավարությանը՝ դուք պետք է փակեք այդ ճամբարները»,- շեշտել է Քերին:

Այս տարվա փետրվարին հրապարակված՝ ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցում ասվում է, որ հյուսիսկորեական իշխանությունները սեփական երկրի ժողովրդի նկատմամբ այնպիսի հանցանքներ են գործում, ինչպես՝ ապօրինի ազատազրկումը, քաղաքական կամ կրոնական նկատառումներով հալածանքները, կտտանքները, հարկադիր աբորտները և այլն: Փաստաթղթում նաև առաջարկ է արվում հավաքված նյութերը հանձնել Միջազգային քրեական դատարան և դատակոչել հյուսիսկորեական ղեկավարներին: Սակայն Չինաստանն արդեն հայտարարել է, որ դեմ է ԿԺԴՀ-ի գործի հետաքննությանը ՄՔԴ-ում և վետո կդնի ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևի վրա: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Տարերքը կրկին փոթորկվում է Աջարիայում’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը որոշել է ընդլայնել բնակտարածքը և սկսել է «նեղել» հարևաններին. «Հրապարակ»’