‘Քըրք Քրքորյանը Forbes-ի ցուցակում դիրքերը զիջել է Սամվել Կարապետյանին’

1719

Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը։ 1426 անուն պարունակող այդ ցուցակում միլիարդատերերի թվով առաջինը Միացյալ Նահանգներն է, որտեղ 442 մարդ միլիարդից ավելի կարողություն ունի, այնուհետև Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է` 386, հետո` Եվրոպան, որտեղ 366 միլիարդատեր է բնակվում, Հարավային Ամերիկան` 129, իսկ Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան 103 միլիարդատեր ունեն:

Աշխարհի ամենահարուստների ընդհանուր կարողությունը, ըստ Forbes-ի, 5.4 տրիլիոն է կազմում, ինչը նախորդ տարվա 4.6 միլիարդի համեմատությամբ զգալի աճ է արձանագրել։

Աշխարհի հարուստների այս ցուցակում տեղ են գտել նաև հայկական ազգանուններ, չնայած Հայաստանի քաղաքացիություն նրանց անվան դիմաց Forbes-ը չի նշում:

Հայազգի գործարար, Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանը 3.8 միլիարդ դոլար կարողությամբ Forbes-ի ցուցակում 353-րդ տեղն է զբաղեցնում, նա Ռուսաստանում 29-րդն է: Forbes-ի էջում Կարապետյանի մասին գրված է, որ նա անշարժ գույքով զբաղվող «Տաշիր գրուպ»-ի ղեկավարն է, ում պատկանում է 24 առևտրի կենտրոն, 7 գրասենյակային շենք և 7 հյուրանոց, ծնվել է Հայաստանում և 1990-ականներին տեղափոխվել Կալուգա:

Հայազգի միլիարդատեր, Lincy հիմնադրամի ղեկավար 95-ամյա Քըրք Քրքորյանը 3.3 միլիարդով Forbes-ի ցուցակում 412-րդն է, Միացյալ Նահանգներում 135-րդ տեղն է զբաղեցնում:

Ցուցակում է նաև Էդուարդո Էռնեկյանը, Արգենտինայում նա երկրորդ հարուստն է համարվում, իսկ Forbes-ի ցուցակում 1.8 միլիարդ դոլար կարողությամբ 831-րդ հորիզոնականում է։ Էռնեկյանը Եվրոպայում և Լատինական Ամերիկայում 49 օդանավակայանների տեր է, Արգենտինայի փոստային ծառայությունն է նրան պատկանում, հազարավոր հեկտարների վրա նա արտադրում է գինի և ձիթապտուղ:

Վրաստանից ցուցակում է երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` 5.3 միլիարդ դոլարով, նա միլիարդատերերի ցուցակում 229-րդն է:

Forbes-ը չորրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ մարդ է համարում Կարլոս Սլիմին Մեքսիկայից` 73 միլիարդ դոլար ունեցվածքով: Նրա ամենաշահութաբեր ընկերությունը Լատինական Ամերիկայում կապի ծառայությունն ապահովող America Movil-ն է:

Սլիմին հետևում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը. 67 միլիարդ կարողությամբ նա առաջինն է Միացյալ Նահանգներում:

Forbes-ի ցուցակի երրորդ հորիզոնականում Zara իսպանական բրենդի սեփականատեր Ամանսիո Օրտեգան է։ Նա ամենամեծ շահույթն է ունեցել այս տարի` գրեթե 20 միլիարդ դոլար, և իր 57 միլիարդ կարողությամբ առաջինն է Իսպանիայում:

Աղբյուրը՝ «Ազատություն» ռ/կ

Նախորդ հոդվածը‘Վատիկանում բացահայտել են ինքնակոչ եպիսկոպոսի’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների վիճակը Արդարադատության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույցը’