‘Քիմիական զենքի սիրիական պահեստների շուրջ աշխուժությունն անհանգստացրել է Արևմուտքին’

807

Արևմտյան հատուկ ծառայությունները մտահոգված են քիմիական զենքի սիրիական պահեստների շուրջ աննախադեպ աշխուժությամբ և շտապել են նախազգուշացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որ նա պատասխանատվություն կկրի, եթե ապացույցներ լինեն, որ երկրի ազգաբնակչության դեմ զանգվածային ոչնչացման զենք է կիրառվել: Այս տեղեկությունները փոխանցվել են միջնորդ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի միջոցով: Առայժմ իրական սպառնալիքի հաստատումը չկա, իսրայելական աղբյուրները ենթադրում են, որ դա ընդամենը ՆԱՏՕ-ի համար նախատեսված ազդանշան է, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է սիրիական ընդդիմությանը աճեցնելու գաղափարը: Բացառված չէ, որ սպառազինության տեղափոխման ետևում կանգնած է հենց ընդդիմությունը, որը տարածքներ է զբաղեցրել պահեստների անմիջական մերձակայքում, հաղորդում է The New York Times-ը:

Քիմիական զենքի տասնյակ պահեստներում տեղափոխություններն աննկատ չեն մնացել արևմտյան հետախուզությունների աչքից: «Դա նման է զանգվածային ոչնչացման զենք կիրառելու նախապատրաստությունների»,- հաղորդում է ամերիկյան հատուկ ծառայությունների անհայտ աղբյուրը: Սակայն տեղափոխությունների ստույգ դրդապատճառներն անհայտ են մնում: Քանի դեռ բանը չի հասել «ծայրահեղ սահմանագծին», ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերով՝ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները Բաշար Ասադին նախազգուշացրել են քիմիական զենքով պատերազմ սանձազերծելու անթույլատրելիության մասին: Այնուհանդերձ, ինչպես հաղորդում է New York Times-ը, Օբաման ծայրաստիճան զգուշավորությամբ է վերաբերվում Սիրիայում արտաքին միջամտությանը, ինչպես նաև՝ Ասադի վարչակարգին ընդդիմացող սիրիական զորքերի սպառազինմանը: Պենտագոնի գնահատականներով՝ սիրիական քիմիական զենքը գրավելու համար կպահանջվի 75 հազար զինվոր: Եթե անհրաժեշտ լինի իրականացնել այդ գործողությունը, ՆԱՏՕ-ն  գործի կդնի Սիրիայի հարևան Թուրքիայի տարածքում տեղադրված Patriot հրթիռային համակարգերը, որոնք այդ երկիրը կպաշտպանեն հրթիռային հարվածներից:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ Առողջապահության նախկին նախարարը նշանակվել է փոխնախարար ‘
Հաջորդ հոդվածը‘Լիբանանում հայազգի զինվորական է զոհվել ‘