Քիսինջեր․ Մերձավոր Արևելքում ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում Չինաստանը

269

Չինաստանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունները կարգավորելու պայմանավորվածությունները լրջորեն փոխում են ռազմավարական իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը The Washington Post-ի արտաքին քաղաքականության մեկնաբան Դևիդ Իգնեյշեսին տված հարցազրույցում։

«Ես դրանում նշանակալի փոփոխություն եմ տեսնում Մերձավոր Արևելքում,- ասել է Քիսինջերը։- Չինաստանը վերջին տարիներին հայտարարել է, որ ինքը պետք է մասնակցի աշխարհակարգի ստեղծմանը։ Այժմ նա կարևոր քայլ է կատարել այդ ուղղությամբ»։

Նախկին պետքարտուղարը նշել է, որ Չինաստանն ավելի ու ավելի կարևոր քայլ է կատարում Մերձավոր Արևելքում։ Խոսելով Իսրայելի կողմից Թեհրանի դեմ ձեռնարկված միջոցառումների մասին՝ Քիսինջերն ընդգծել է, որ «Իրանի վրա ճնշում գործադրելու դեպքում հիմա հարկ կլինի հաշվի առնել Չինաստանի շահերը»։

Իրանը և Սաուդյան Արաբիան մարտի 10-ին պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և երկու ամսվա ընթացքում վերսկսել դեսպանատների աշխատանքները։ Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր բանակցություններ են վարել Պեկինում, ինչի արդյունքում եռակողմ հայտարարություն է ընդունվել։ Դրանում նշվում է, որ Թեհրանը և Էր-Ռիադը հավատարիմ են ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբուքներին, ինչպես նաև ծրագրում են վերսկսել համագործակցությունը առևտրի, էկոնոմիկայի, գիտության, տեխնիկայի և մշակույթի բնագավառներում։

Քիսինջերը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 1973-1977 թթ․։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄերձմոսկվայում տղամարդը բազմահարկ շենքի պատշգամբից կրակահերթ է արձակել ինքնաձիգից
Հաջորդ հոդվածըԲերդիմուհամեդովն առաջարկել է Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի