‘Քիսինջեր. Ուկրաինան պետք է կամուրջ դառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև’

916

«Արտաքին քաղաքականությունը գերակայություններ հաստատելու արվեստ է». Արևմուտքը չպետք է  Պուտինին ներկայացնի որպես չարագործ, իսկ Ռուսաստանն էլ չպետք է Ուկրաինան դարձնի իր արբանյակը, կարծում է հանրահայտ դիվանագետը, որի կարծիքը հարգում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ուկրաինական հարցով հասարակական բանավեճն ամբողջությամբ ներծծված է առճակատմամբ, բայց արդյո՞ք մենք գիտենք, թե ուր ենք գնում»,- այսպիսի հարցով է սկսվում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի՝ Washington Post-ում հրապարակված «Ինչով կավարտվի ուկրաինական ճգնաժամը» հոդվածը: Չարժե, որ Արևմուտքն ու Ռուսաստանը Ուկրաինայի վզին փաթաթեն իրենց տեսլականը և նրանից պահանջեն ընտրել՝ ում հետ է նա լինելու: Իսկ երկրի ներսում խմբավորումները պետք է ձգտեն հաշտության, այլ ոչ թե գերակայության, կարծում է Քիսինջերը: «Իմ կյանքում ես տեսել եմ, թե ինչ ոգևորությամբ ու հասարակական աջակցությամբ են սկսվել չորս պատերազմներ, որոնք մենք հետո չգիտեինք՝ ինչպես ավարտել, երեքից դուրս ենք եկել միակողմանիորեն: Քաղաքականության որակը որոշվում է նրանով, թե ինչպես է այն ավարտվում, այլ ոչ թե՝ ինչպես է այն սկսվում»,- գրում է Քիսինջերը:

Քիսինջերը, որը պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 1973-1977 թթ., պատրաստել է, մասնավորապես, ամերիկա-չինական հարաբերությունների ճեղքումը, նախաձեռնել և կյանքի է կոչել լիցքաթափման գործընթացը ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում, ինչպես նաև կնքել է Փարիզի խաղաղության պայմանագիրը, որը պետք է վերջ դներ Վիտնամական պատերազմին: Քիսինջերը բազմիցս այցելել է Ռուսաստան: 2001 թ. Պուտինը և Քիսինջերը հանդիպել են 14 անգամ:

 Washington Post-ի հոդվածում Հենրի Քիսինջերը կրկին փորձում է շփման եզրեր գտնել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որոնց հարաբերությունները խիստ սրվել են Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխության և Ղրիմում ծավալվող իրադարձությունների պատճառով: «Ուկրաինայի հարցի քննարկման ընթացքում չափազանց հաճախ են նրան դնում կոշտ ընտրության առջև՝ նա պետք է Արևելքի՞ն միանա, թե՞ Արևմուտքին: Բայց Ուկրաինան, գոյությունը պահպանելու և բարգավաճելու համար, չպետք է լինի կողմերից որևէ մեկի ֆորպոստը, նա պետք է կամուրջ լինի Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ռուսաստանը պետք է ընդունի, որ Ուկրաինան իր արբանյակը դարձնելու և այդպիսով Ռուսաստանի սահմանները տեղաշարժելու փորձերն անխուսափելիորեն հանգեցնելու են նրան, որ Մոսկվան կրկին վերադառնա արդեն որերորդ անգամ կրկնվող՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ առճակատման ճանապարհ: Իսկ Արևմուտքը պետք է հասկանա, որ Ռուսաստանի համար Ուկրաինան երբեք չի կարող դառնալ սոսկ արտասահմանյան երկիր»,- գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը: Փոխանցում է  vedomosti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գետիկ գետի մեջ հայտնաբերվել է երեխայի դի ‘
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է ԱԺ քառօրյան. Քվեարկության է դրվելու «Մարտի 1»-ի հանձնաժողով ստեղծելու հարցը’