‘ՔԿՀ աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները’

854

ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն նյութեր են ստացվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի մարզային բաժանմունքում կատարված ստուգումներով պարզվել է, որ փորձաշրջանի մեջ գտնվող և պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված չորս դատապարտյալների՝ Հայաստանի Հանրապետությունից ավելի քան 30 օր բացակայելու պայմաններում նրանց վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը միջնորդություն չի ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու վերաբերյալ:

Բացի այդ, առանձին օրերին բաժանմունք ներկայանալու մասին նույն դատապարտյալների անձնական գործերին կցված ժամանակացույցերում առկա տեղեկությունները չեն համապատասխանում ստուգումներով ձեռք բերված տվյալներին առ այն, որ տվյալ ժամանակահատվածում նրանք գտնվել են արտերկրում:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի մարզային բաժանմունքի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սմբատյանը՝ Գերմանիայում ՀՀ դեսպան’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Հանրաքվեն կոնկրետ ուղերձ էր Սերժ Սարգսյանին’