‘ՔԿ. Բացահայտվել է բուքմեյքերական գրասենյակում տեղի ունեցած սպանությունը’

2017

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են դեկտեմբերի 24-ին  տեղի ունեցած ավազակային հարձակման և Արթուր Նազարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: 

Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում  ապացույցներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքում գործող «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում  ավազակային հարձակումն իրականացվել է Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու կողմից։

Նախնական տվյալներով՝ վերջինս 2015թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 01-ից մինչև ժամը 02-ն ընկած ժամանակահատվածում, որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել և բազմաթիվ հարվածներ է հասցրել Երևան քաղաքում գործող «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակի աշխատակից Ա.Նազարյանի որովայնի, պարանոցի և կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան, ապա հափշտակել գումար ու դիմել փախուստի։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել 32-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հայտարարվել հետախուզում։

Քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ մեղադրյալին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Նախորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Կենտրոնում ‘
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Ցանկացած պահի Կոնգրեսը պատրաստ է կրկին դուրս գալ փողոց’