‘Քննարկել են տրանսպորտի թանկացման հարցը ‘

889

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման հանձնաժողովի նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, նախքան նիստի  աշխատանքներն սկսելը, տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմը համալրվել է ևս մեկ անդամով, ով սահմանված ժամկետում դիմել էր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու խնդրանքով:  Հանձնաժողովի 37 անդամից նիստին մասնակցել է 25-ը:

Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել  հանձնաժողովի առաջին նիստում հաստատված՝ Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի չափորոշիչների հիման վրա ձևավորված ծախսերի հաշվարկը մեկ միկրոավտոբուսի և մեկ ավտոբուսի համար՝ մեկ ամսվա կտրվածքով: Հաշվարկը, ըստ քաղաքապետարանի մամլո ծառայության, ներառել է վառելիքային, շարժիչի յուղի և քսանյութերի, տեխնիկական սպասարկման և նորոգման, անվադողերի և մարտկոցի փոխարինման, ինչպես նաև ամորտիզացիոն ծախսերի բաղադրիչները: Հաշվարկում ներառվել են նաև ինչպես վերադիր, այնպես էլ վարորդների աշխատավարձի գծով ծախսերի  ու հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների ծախսերի բաղադրիչները: Քաղաքապետարանի լրատվականի փոխանցմամբ, ներկայացված հաշվարկի յուրաքանչյուր բաղադրիչի վերաբերյալ արտահայտվելու, կարծիքներ հայտնելու և առաջարկներ անելու հնարավորություն է ընձեռվել հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնցից ելույթ ունեցողները, սակայն, իբր թե «քննարկվող հարցերի վերաբերյալ կոնկրետ հիմնավորված և փաստարկված առաջարկ չեն ներկայացրել»: Այդուհանդերձ, որոշվել է հանձնաժողովի անդամ Բաբկեն Պիպոյանի կողմից վառելիքի բաղադրիչի մասով արված առաջարկի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և ստացված արդյունքի համեմատությունից հետո միայն վերջնական եզրահանգման գալ: Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ներկայացված բաղադրիչների հիման վրա ձևավորված՝ Երևան քաղաքում միկրոավտոբուսով և ավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկը, որը,  ինչպես հանձնաժողովի նախագահն է նշել, կարող է նաև որոշակի փոփոխությունների ենթարկվել:

Թե ինչ թվերի մասին է խոսվել, հաղորդագրության մեջ չի նշվում:

 

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» և «Չելսին» ամռանը փորձել են գնել Մեսսիին’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ’