‘Քննարկվել են Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարությանն առնչվող հարցեր’

1266

Հունվարի 31-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Նիստի աշխատանքը վարում էր  Ազգային ժողովի նախագահ, պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Քննարկման թեման տոնական միջոցառումների ծրագրի իրականացման խնդիրներն էին։ Նշվեց, որ նախատեսված լինելով ամբողջ տարվա կտրվածքով, միջոցառումները դասակարգված են ըստ ժամանակացույցի, նշանակության, բնույթի, առաջնահերթության, տարածքային ընդգրկման։ Ընդ որում, հանձնաժողովի նախորդ նիստից հետո ծրագրում որոշ անհրաժեշտ շտկումներ ու լրացումներ են կատարվել, ինչն էլ ավելի համընդգրկուն և առավել բովանդակալի է դարձրել այն։   Մասնավորապես, խոսքը վերաբերում է փետրվարի 12-ին Հադրութ և Մարտունի շրջկենտրոններում հանդիսավոր միջոցառումների, իսկ փետրվարի 13-ին Ստեփանակերտում երթ-հավաքի անցկացմանը։

Միջոցառումների ծրագրի առնչությամբ ծավալված քննարկումների ընթացքում հստակեցվեցին Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջանային վարչակազմերի, տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների կոնկրետ անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Նիստը քննարկեց  նաև տոնակատարության խորհրդանիշի՝ լոգոյի, պատրաստման՝ հունվարի 27-ին ավարտված մրցույթի արդյունքները։ Հաղորդվեց, որ մրցույթին մասնակցել է չորս արվեստագետ, երեքը՝ Արցախից, մեկը՝ Հայաստանից, ովքեր խորհրդանիշի իրենց նախագծերը պատրաստել են մի քանի տարբերակով։      

Ի ամփոփումն մրցույթի՝ հանձնաժողովը չհաստատեց  ներկայացված նախագծերը որպես վերջնական տարբերակ և որոշեց առաջարկել հեղինակներին վերամշակել դրանք։ 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ՊՆ. Ռուսաստանի և Վրաստանի միջև չպետք է թույլ տալ լարվածության սրացում ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետն անդրադարձել է բնակարանային խնդիրներին’