‘Քննիչ. Վարդան Պետրոսյանը ներողություն է խնդրել ինձանից’

1567

News.am-ը զրուցել է Եղվարդի խճուղու վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առիթով հարուցված գործի քննիչ Հայկ Հակոբյանի հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել են երկու դեռահասներ, ծանր վնասվածքներ են ստացել մի քանի հոգի, այդ թվում` հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, որը օրերս կալանավորվել է քրօր. 242 հոդվածի երրորդ մասի մեղադրանքով: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից.

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ոստիկանապետին՝  ձեր դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար: Պատճառն այն է, որ ըստ փաստաբանի՝ դուք ասել եք, թե «դեռասանը մեյմունություն է անում», ինչպես նաեւ գնացել եք նրա մոտ եւ հայտնել, թե իր պաշտպանը խաշ ուտելու է գնացել, առանց պաշտպանի ցուցմունք տուր:

Մեյմունության բառի մասին կարող եմ ասել, որ նման բան չի եղել, իսկ խաշ ուտելու մասով ոչինչ չեմ կարող ասել, ոչինչ, թող դիմի, թող պարզեն:

Դուք մտածելու բան չունե՞ք:

Չէ, չէ, իհարկե մտածելու չունեմ, որտեղ ուզում է, թող դիմի, որտեղ օրենքով  նախատեսված է, թող դիմի:

Դեռ ղեկավարության կողմից ձեզ չե՞ն կանչել՝ բացատրություններ պահանջելու:

Ոչ, ինձ ոչ մեկը ոչ կանչել է, ոչ էլ երեւի պատրաստվում են կանչել, ընդամենը իմ գործը կուսումնասիրեն եւ ինձ թվում է պատասխանը կտան դրա:

Քննության առաջին օրվանից Նիկոլայ Բաղդասարյանը բարձրաձայնում է ձեր կողմից թույլ տրված մի շարք խախտումների մասին:

Եթե խախտում անեի, ինձ թվում է՝ դատախազը ինձ կհեռացներ գործից կամ, չգիտեմ, նկատողություն կտային:

Օրինակ, մեղադրյալ կողմը ասում է, որ օրենքով նախատեսված փաստաթղթերը չեք տալիս, որ ծանոթանան:

Ամեն ինչը օրենքի շրջանակներում կատարվում է, դա բացառվում է:

Վարդան Պետրոսյանը եւս ձեզնից բողոքեց, որ փորձել եք դավադրաբար հարցաքննել, երբ իր փաստաբանը չկար:

Ոչինչ, դատարանում էլ ներողություն խնդրեց ինձնից իր ասածների, արածների համար:

Փաստաբանը նաեւ ասում է, որ իր միջնորդությունները չեք ստանում, բողոքի պատասխանը ոչ մի կերպ իրեն չի հասնում: Դիմել են նաեւ դատախազին ձեզ բացարկ հայտնելու պահանջով:

Դիմել են, լավ են արել, խնդիր չկա: Ես, ճիշտն ասած, ուրախ էլ կլինեմ, որ էդ գործը վերցնեն, տանեն ուրիշ տեղ քննեն, թող տեսնեն՝ ոնց է, ինչ է,  ուրախ էլ չեմ իրենց տեսնելու կամ էդ գործը քննելու համար: Եթե ինչ-որ բացարկ, նկատողություն լինի, այդ մասին բոլորն էլ կիմանան:

Շարունակությունը

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ հյուսիսում զորավարժություններ են տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘«Հայ կանանց ճակատ» նախաձեռնությունը կոչ է անում օգնել նստացույց հայտարարած ընտանիքին’