‘Քննչական բաժինը մերժել է Նարեկ Սարգսյանի գործի քննությունը’

848

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը այսօր տարածել է մամլո հաղորդագրություն, որտեղ հայտնում է, թե  Կենտրոնականի քննչական բաժինը մերժել է ԹԻՀԿ-ի հաղորդման առիթով նախատեսված նյութերով Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը՝ նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքերով:

Նյութերը պատրաստվում էին Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտելու նպատակով:

Հիշեցնենք նաև, որ Նարեկ Սարգսյանը, որպես Երևանի գլխավոր ճարտարապետ, պաշտոնավորել է 1999-2004 և 2011-2013 թվականներին, իսկ 2008-2011 թվականներին աշխատել է որպես քաղաքաշինության նախարարի տեղակալ՝ համատեղելով իր պաշտոնն ու բիզնեսը, ինչպես նաև ներգրավվել է մի քանի շենքերի կառուցապատման նախագծերում՝ շարունակելով նաև նույն գործելաոճը 2011 թվականից հետո:

Այս տարվա օգոստոսին Նարեկ Սարգսյանը ազատվեց գլխավոր ճարտարապետի պաշտոնից եւ նշանակվեց կառավարությանն առընթեր ճարտարապետության կոմիտեի նախագահ:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հեռանկարի բացակայությունը’
Հաջորդ հոդվածը‘Է. Վարդանյան. Տ. Առաքելյանի խափանման միջոցը չփոխելը կնպաստի արդարադատության նկատմամբ հավատի է՛լ ավելի կորստին’