‘Քննչական խումբը օֆշորային սկանդալի հետքերով մեկնել է Կիպրոս’

1133

Hetq.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության քննչական խումբը երկու օր առաջ մեկնել է Կիպրոս: Ինչպես «Հետքին» հայտնեց Կիպրոսի աղբյուրը, քննչական խումբը  քննչական գործողություններ պետք է իրականացնի Կիպրոսի դատախազության հետ համատեղ` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին: 

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկը» ադամանդագործ Սուքիասյանին 12 մլն դոլար վարկ է տրամադրել, որի դիմաց գրավադրվել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը: Վարկային փաթեթի հիմքում դրված բիզնես ծրագրի հեղինակը հենց «Ամերիաբանկ»-ն է: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցվել է «HELLENIC BANK PUBLIK COMPANY»` մի քանի օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին: Այդ ընկերություններից երկուսում ` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ում  եւ «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ում բաժնետերեր էին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: 

Այս տարվա հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին առձեռն փոխանցել է իրավական օգնության մասին միջնորդագրերի կրկնօրինակները: Իրավական օգնություն ցուցաբերելու վերջին միջնորդությունը Կիպրոսի դատախազին էր ուղարկվել հունիսի 19-ին, իսկ նախորդը 2012 թվականին քննչական մարմինը հասցեագրել էր Կիպրոսի իրավապահ մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազը հուլիսի 2-ին Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին առձեռն փոխանցելով իրավական օգնության վերաբերյալ միջնորդության ամբողջ փաթեթը՝ նրան խնդրել էր համապատասխան ծառայություներին հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել միջնորդության պահանջները և արդյունքների մասին տեղեկացնել ՀՀ ԳԴ:

www.Hetq.am 

 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարին’
Հաջորդ հոդվածը‘ԱՆ-ն պնդում է, թե ԱԽՔ-ի պատճառով խոլերա չկա’