‘Քոչարյան՝ Արցախն իր ազատության համար վահան դարձրածը’

4981

Մեղադրյալ Քոչարյանը երեկ նորից հարցազրույց է տվել: Կարծես արդեն «հին ու բարի» ավանդույթ է ձեւավորվում՝ ամեն դատական որոշման հրապարակումից առաջ հերթական էքսկլյուզիվ հարցազրույցն է տալիս: Խոսեց ամեն ինչի մասին: Է՛լ իր մեղադրանքից, է՛լ քաղաքականությունից, է՛լ տնտեսությունից, է՛լ Արցախից ու Արցախի հարցից, է՛լ հասավ 90-ականներ (նորից) ու պատմեց իր պատկերացրած 90-ականները՝ իր ձեւով, իր ընկալմամբ, ինչպես որ միշտ անում է: Զուգահեռ իրականության մեջ եղած մարդու նմանությամբ:

Ու բանը հասավ նրան, որ անգամ իրեն թաքուն եւ անթաքույց սատարողների մոտ զարմանք առաջացրեք, որոնցից շատերը չդիմացան ու երեկվանից համացանցում խոստովանում էին, որ մարդն, ախր, բազմաթիվ ստեր է ասում, եւ ինչպե՞ս կարելի է այսքան ողջ ականատեսների պարագայում այդպես բացահայտ խեղաթյուրել բոլորի հիշողությունը, այն, ինչին ականատես են եղել բոլորը:

Իհարկե, իր անդրադարձած ցանկացած թեմայի մասին կարելի է առանձին մի հոդված գրել՝ ապացուցողական հերքումներով, բայց առայժմ՝ ամենակարեւորի մասին:

Ամբողջ հարցազրույցը կառուցված էր մեկ հիմնական սխեմայի հիման վրա. հարց-ենթադրություն իշխանությունների տեսակետների եւ մտադրությունների մասին, եւ ապա երկար ու խիստ քննադատություն այդ՝ իրենց իսկ կողմից ներկայացված ենթադրյալ մտադրությունների վերաբերյալ:

Այսինքն, չներկայացվեց կոնկրետ փաստ եւ կոնկրետ փաստի հերքում: Բացառապես վերոգրյալ ենթադրություններ եւ ապա կռիվ իրեն հորինած ենթադրությունների դեմ: Ավելին, հարցարզույցից պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի զբաղեցրել է նախագահի աթոռը, բայց չի տարբերում բանակցությունների կողմ եւ հակամարտության կողմ հասկացությունները, չի կարողանում հստակ պատասխանել, թե ինչի էր ծրագրում Մեղրին հանձնել Ադրբեջանին, իրեն հռչակում է հող գրավող, բայց հասարակությանը չի ներկայացնում թեկուզ մի փաստ, որ գոնե մեկ փամփուշտ, մի լիտր դիզվառելիք, մի կգ ալյուր բերած լինի Ղարաբաղ՝ պատերազմի նժարը մեր օգտին թեքելու համար: 

Ու բնականաբար, այս սխեմայի մեջ առանցքային տեղ հատկացվեց Արցախին ու Արցախի հարցին: Այս երկու կարեւոր հանգամանքները առանց աչք թարթելու մտցրին իրենց ենթադրությունների մսաղացն ու շահարկեցին առանց վարանելու: Թե՛ իր ամբողջ խոսքը եւ թե՛ լրագրողների հարցերը կառուցված էին այնպես, որ ակնհայտորեն ուղղված էր մեկ կոնկրետ լսարանի՝ Արցախում ապրող քաղաքական իրադարձություններից քիչ տեղյակ սովորական մարդկանց, որոնց ամեն գնով փորձում էին համոզել, թե ահա, տեսեք, այս իշխանությունները եկել ու հայաստանցի-ղարաբաղցի են շահարկում, ահա տեսեք, իբր՝ ինձ ցանկանում են կալանավորել՝ ոչ թե որովհետեւ հանցանք եմ կատարել, այլ որովհետեւ ես Արցախից եմ, եւ եթե ինձ բռնում են, նշանակում է՝ Արցախն են ուզում թուլացնել:

Այսինքն, մարդն ինքն իրեն բերել նույնականացրել է Արցախի հետ, իր անձնական ազատությունը եւ կատարածի համար պատասխանատվությունից խուսափելու ցանկությունը լղոզում է Արցախով, Արցախը դարձրել է իր վերջին վահանը, եւ առանց ամաչելու դեռ մի բան էլ իշխանություններին է մեղադրում Արցախի դեմ ոտնձգելու մեջ:

Ու բնական է, որ լրագրողի մոտ այդպես էլ հարց չի առաջանում, բա եթե Արցախը ձեզ համար իրապես այդքան կարեւոր է՝ ի՞նչ եք արել Արցախի համար Հայաստան տեղափոխվելուց հետո: Եթե միլիարդատեր չեք, բայց միլիոնատեր եք, ապա քանի՞ ներդրում եք արել այնտեղ: Որտե՞ղ էիք 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին, ինչո՞ւ Արցախ չէիք գնացել: Եթե բոլոր-բոլորը Արցախի հարցում տեսլական չունեն եւ ցանկանում են, ձեր ասելով՝ «հողեր հանձնել», ապա ո՞րն է ձեր տեսլականը, եւ ձեր տեսլականում հողերի թեմա չկա՞/չկա՞ր: Ի՞նչ էին, այդ դեպքում, ձեր համաձայնությանն արժանացած «Ընդհանուր Պետությունը», Քի Ուեսթը, Մադրիդյան սկզբունքները:

Եւ վերջապես, այդ ինչո՞ւ այդպես հանկարծակի հուզական, պաթոսական Արցախասեր դարձաք հենց հիմա, երբ ձեզ մեղադրանք առաջադրվեց: Եւ եթե Արցախն ու արցախցիները իրապես ձեզ համար արժեք են, ապա ինչպե՞ս է ձեր խոսքից ստացվում, որ դուք, հենց միայն դուք եք կերտել հաղթանակը, «հողերը գրավել», ինչո՞ւ է ձեր խոսքում ամեն ինչ պտտվում հենց ձեր առանցքի շուրջ: Առավելեւս, որ մի ճիշտ բան ասել եք՝ ամեն դեպքում. Արցախում գերթե բոլոր տղամարդիկ էլ պատերազմին մասնակցել են, եւ հետեւաբար դա՝ ձեզ մյուսներից առանձնացնելու եւ կարեւորելու առիթ չի կարող դառնալ:

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Թբիլիսիում դատարանն ազատ է արձակել 41 ձերբակալված ցուցարարների’
Հաջորդ հոդվածը‘Հ. Ուլոյան. Քոչարյանը կհավակնի արդեն մանիպուլյացիայի բնագավառում Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն’