‘Քուվեյթում էմիրին վիրավորելու մեղադրանքով բլոգերը դատապարտվել է երկամյա կալանքի’

833

Քուվեյթի դատարանը կիրակի օրը դատավճիռ է կայացրել, որով Twitter-ում թողած գրառումով երկրի ղեկավարին վիրավորանք հասցրած 26-ամյա բլոգեր Ռաշիդ Սալեհին դատապարտել է երկամյա կալանքի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կառավարամետ Al-Watan թերթին:

Դեռևս 2012 թ. հոկտեմբերին դատարանը որոշել էր, որ Սալեհի թվիթերյան գրառումը «հարված է հասցնում էմիրի իրավունքներին և իշխանությանը»:

Ի դեպ, վերջին շրջանում Քուվեյթի իշխանությունները բավական կոշտ են արձագանքում համացանցում հայտնված քննադատություններին: 2012 թ. հունիսին մի տղամարդ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ այն բանից հետո, երբ  որոշում կայացվեց, որ սոցցանցերից մեկում տեղադրված նրա գրառումը վիրավորանք է պարունակում Մուհամեդ մարգարեի և Սաուդյան Արաբիայի ու Բահրեյնի ղեկավարների նկատմամբ: Իշխանությունները որոշել էին, որ համացանցային տվյալ մեկնաբանությունը սպառնալիք է պարունակում ազգային անվտանգությանը: Երկու ամիս անց, իրավապաշտպանների տվյալներով, իշխող Մեշալ աս-Սաբահ ընտանիքի անդամներից մեկը ձերբակալվեց Twitter-ում կատարած մի գրառման համար, որում նա իշխանություններին մեղադրել էր կոռուպցիայի մեջ և կոչ էր արել քաղաքական բարեփոխումներ անցկացնել:

Դաժան արդարադատության առումով Քուվեյթից ետ չեն մնում նաև արաբական մյուս երկրները: Օրինակ, Քաթարում 2012 թ. ցմահ ազատազրկման դատապարտվեց մի բանաստեղծ, որն ընդամենը ոտոնավոր էր գրել «արաբական գարնան» մոտիվներով:

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Վերջապես հայտնի դարձավ, թե ո՛ւմ ճանապարհն էր փակել Լևոն Տեր-Պետրոսյանը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում Մխիթարյանից 30 գոլ են ակնկալում’