‘Քրեական գործը կարճելու համար քննիչը ստացել է խոշոր չափերի կաշառք’

1071

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչի զեկուցագրի և քաղաքացի Բաբկեն Բ.-ի գրավոր հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Ռաֆիկ Դ.-ն զեկուցագիր է ներկայացրել նույն բաժանմունքի պետին այն մասին, որ իր կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված` քրեական գործով մեղադրյալ Բաբկեն Բ.-ն 2014 թվականի մայիսի 26-ին` ժամը 16:21-ին, իր բջջային հեռախոսից իրեն «sms» հաղորդագրությամբ հասցեագրել է սպանության և գույքի ոչնչացման սպառնալիքներ: 

Բաբկեն Բ.-ն էլ, իր հերթին, գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի օգոստոս ամսին ոստիկանության բաժնի բակում քննիչի հորեղբայրը և Արմավիրի մարզի համայնքներից մեկի ղեկավարն իրեն հայտնել են, որ Հ. Մ.-ի վերաբերյալ քրեական գործը կարճելու համար քննիչը ստացել է խոշոր չափերի կաշառք:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմը. Դիեգո Կոստան կլինի խաղադաշտում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’