‘Քրեական Դավիթաշեն. Վովա Գասպարյանի փեսայի «թայֆան» սնանկացրել ու ծեծել է ձեռներեցին’

11332

Դավիթաշենցի ձեռներեց Արման Երեմյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանից պահանջում է ապահովել իր ընտանիքի անվտանգությունը: Նա պահանջում է փոխհատուցել համայնքային իշխանությունների պարտադրած քրեածին բիզնեսի հետեւանքով իր որդու կրած միլիոնավոր դրամների կորուստը:   

iLur.am-ի հետ զրույցում տիկին Գայանեն պատմեց իր ընտանիքի անհաջողությունների մասին:

 

Ձեռներեց Արման Երեմյանը 2007-ից Դավիթաշենում զբաղվում է մրգի եւ բանջարեղենի առեւտրով: Նա մի քանի տարի Եվրոպայում ապրելուց հետո հայրենադարձվել է 2006-ին: Սկզբում մոր՝ Գայանե Մարտիրոսյանի հետ բացօթյա տաղավար էր բացել, հետո՝ շինություն վարձակալեց եւ մեծացրեց գործը:

2011-ին Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար (թաղապետ) Արթուր Գեւորգյանի մերձավոր, նախկինում դատապարտված ոմն Վաչոյի առաջարկով Արմանը Դավիթաշենի  չորրորդ թաղամասում երկու բացօթյա տարածք վարձակալեց, յուրաքանչյուրը 20-ական քմ մակերեսով: Ընդ որում, ըստ տիկին Գայանեի, վարձակալություն ասվածը հարաբերական էր: Որեւէ փաստաթղթային ձեւակերպում այդ վարձակալությունը չուներ՝ ուղղակի Արմանը ամսեկան 600 հազար դրամ էր «մուծվում» Վաչոյին՝ չհաշված կոմունալ վճարումները:

Քաղաքապետ Կարեն Կարապետյանի հայտնի որոշումից հետո, երբ արգելվեց բացօթյա առեւտուրը, Արթուր Գեւորգյանը Վաչոյի միջոցով առաջարկեց ծածկել տարածքը: Արման Երեմյանը սեփական միջոցներից 1,5 միլիոն դրամ ներդրեց՝ տաղավարը մետաղապլաստե ծածկով ծածկելու նպատակով: 2011-ի դեկտեմբերին տաղավարն ամբողջությամբ, ներսում եղած ապրանքով հանդերձ հրդեհվեց:  

«Ոչ մի աջակցություն իրենց կողմից: Խնդրեցինք, գոնե մի քանի ամիս վարձավաճարից հրաժարվել, ոչ մի արձագանք, մեկ ամիս չգործող խանութի համար գումար վճարեցինք», — պատմում է տիկին Գայանեն:

Նրա խոսքով, 2012-ի սկզբին արդեն Արմանի «կոմպանյոնները» առաջարկեցին Դավթաշենի սկզբնամասում՝ Սասնա ծռեր փողոցի վրա միրգ-բանջարեղենի խոշոր վաճառակետ բացել արդեն թաղամնասում հայտնի, Արմանին պատկանող «Կրեպսոն» բրենդի ներքո: Ծրագիրն իրականացնելու համար Արման Երեմյանը 12 միլիոն դրամի ներդրում է անում, կառուցապատում:

Արման Երեմյանի խանութը Դավիթաշենում

«Վաչոն ընդամենը դիմացի տարածքն ասֆալտ է արել ու շինության տանիքի թիթեղների համար վճարել», — նշում է տիկին Գայանեն: Նրա խոսքով, ժամանակակից պահանջներին համապատասխան առեւտրի կենտրոն էր բացվեց, որը, սակայն, չարդարացրեց ծախսերը, քանի որ Արթուր Գաւորգյանի եւ Վաչոյի սահմանած «հարկերը» բավական մեծ էին՝ ամսական 1 միլիոն գումար միայն «վարձավճար»: Բացի դրանից, անհարկի կոմունալ ծախսեր էր արվում: «Շրջակայքի բոլոր խանութներում էլեկտրաէներգիայի հաշվիչ կար, բացի մեր խանութից: Ամսական գալիս ստաբիլ 120 հազար դրամ էին տանում: Բայց ախր ես հաշվել գիտեմ, չէ՞, այդքան հնարավոր չէ էլեկտրաէներգիա ծախսել», — ասում է տիկին Մարտիրոսյանը: Բացի դրանից, ըստ նրա, «Կրեպսոնը» ստիպված էր վաճառվող մթերքի լավագույն տեսականին պարբերաբար մատարակարել Արթուր Գեւորգյանի եւ Վաչոյի ընտանիքներին: «Ամսվա մեջ մի քանի անգամ Գեւորգյանի վարորդը գալիս էր խանութ, լավագույն ապրանքից ձրի տանում էր: Մի անգամ էլ զանգեցին, ասացին, թե՝ Գեւորգյանի աղջկա սիրտը ալոճ է ուզում, մեր աշխատողը գնաց հասավ Գառնուց ալոճ բերեց»:

Հարաբերությունները Վաչոյի ու Արմանի միջեւ, ըստ ամենայնի, գործընկերային չէին: Ավելի շուտ՝ Դավթաշենի թաղապետ, այնուհետեւ՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի աջ ձեռքը համարվող Վաչոն Արմանին «կռիշություն» էր անում. իր կապերն օգտագործելով՝ թաղի երեւացող տեղում տարածք էր «հարմարացրել», փոխարենը՝ Արման Երեմյանը ամսական 1 միլիոն դրամ Վաչոյի միջոցով «մուծվում էր» Արթուր Գեւորգյանին: Տիկին Գայանեն շեշտում է, որ հենց մուծվում էր, քանի որ վարձակալությունը իրավաբանորեն ձեւակերպված չէր: «Մի անգամ, նույնիսկ, Արթուր Գեւորգյանը Եվրոպա պետք է գնար, զանգեցին, ասեցին՝ արենդայի գումարը եվրոյով տվեք»:

Ըստ տիկին Գայանեի, արդեն 2012-ի սկզբից Արմանը չէր հասցնում այլեւս վճարել ո՛չ վարձակալության վճարները, ո՛չ մատակարարների պարտքերը: Դրանից բացի, նա լուրջ գումարներ էր վերցրել բանկերից: 

Արմանը հանդիպում է խնդրում Գեւորգյանից՝ «հախուհաշիվ անելու» ակնկալիքով: Գեւորգյանն իր վարորդ Էդիկի միջոցով փոխանցում է, թե «մինչեւ 1 միլիոն դրամը չբերի, թող չգա»:

Արդեն այս տարվա հունվարին Վաչոն կուտակված պարտքի դիմաց Արմանից խլեց գործի մեջ օգտագործվող «Ֆորդ»-ը: 

«Փետրվարի 27-ի գիշերը Մասիվի տաքսու պարկի տնօրեն Թաթուլ Հակոբյանի տղան՝ մաքսայինի աշխատող Ռեւիկը, զանգեց տղայիս տնից հանեց, տարան հինգ հոգով ծեծեցին՝ Արմանի ունեցած պարտքի պատճառով: Տղայիս վրա առողջ տեղ չէր մնացել, մի քանի շաբաթ տնից դուրս չեկավ», — պատմում է տիկին Գայանեն: Արմանի հորդորով նա հրաժարվում է ոստիկանություն դիմելու մտադրությունից: Սակայն, ինչպես ինքն է նշում, իզուր: Արդեն մարտի 21-ին, երեկոյան կողմ, նույն Ռեւիկը Վաչոյի քրոջ որդի Միհրանին համոզում է, որ սա Արմանից «ստանա» իր պարտքը:

«Խանութում էի, տեսա՝ դրսում մի քանի մեքենա է հավաքվել, մատ 15 հոգի շրջապատել են Արմանին, քաշքշում են: Քիչ հեռու էլ Վաչոյի մեքենան էր կանգնած՝ կողքից հետեւում էր առանց միջամտելու: Վազեցի, մտա մեջները, քաշեցին, գցեցին գետնին, մի քանի րոպե փոշիների մեջ թավալվում էի», — պատմում է տիկին Գայանեն: Նա հիշում է, որ, թեեւ ցերեկվա ժամ էր եւ դեպքը բավական տեսանելի վայրում էր տեղի ունենում, ոչ ոստիկանություն կար, ոչ շրջապատի բնակիչներն էին միջամտում: «Ո՞րտեղից ոստիկանություն գար: Ոստիկանությունն իրենցն է (Արմեն Գեւորգյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է-խմբ.), բնակիչներն էլ լավ գիտեն դրանց. ո՞վ ռիսկ կանի դրանց դեմ բան խոսի», — ասում է տիկին Մարտիրոսյանը:  

Դեպքից անմիջապես հետո, նա, առանց որդուն տեղյակ պահելու մեկնում է ոստիկանության Երեւանի վարչություն: Այնտեղից տիկնոջն ուղեկցում են Մաշտոցի բաժին, որտեղ իրավապահները մի  համոզում են նրան՝ հանգստանալ հանցագործության մասին հաղորդում գրելուց առաջ: Ամսի 22-ի առավոտյան Գայանե Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին՝ նկարագրելով դեպքի նախապատմությունը եւ շեշտելով այս ամենում Արթուր Գեւորգյանի, Վաչոյի, Դավիթաշենի ներկա թաղապետ, Գեւորգյանի ազգական Ռուսլան Բաղդասարյանի դերակատարությունը:

Մաշտոցի բաժնի պետ Ա. Պողոսյանի՝ ապրիլի 10-ին ուղարկված գրության համաձայն, ոստիկանությունը դիմումի հիման վրա կազմված գործերն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Բայց տիկին Գայանեն թերահավատ է, կրկին հիշեցնում է, Վաչոն Արթուր Գեւորգյանի աջ ձեռքն է, վերջինս էլ՝ ոստիկանապետի փեսան:

Այս ընթացքում տիկին Գայանեի տուն են այցելում Վաչոն ու Ռուսլան Բաղդասարյանը՝ «բարեխոսելու»: Հրավիրում են Արթուր Գեւորգյանի մոտ: Երբ տիկինը հրաժարվում է ոստիկանությունից դիմումը հետ վերցնել, Վաչոն սպառնում է՝ «որպես մայր՝ գլխիդ տալու ես, դեռ շատ ես լացելու»:

Կենտրոնում՝ ձախից աջ. Վաչոն ու Ռուսլան Բաղդասարյանը՝ «Կրեպսոն» խանութի բացմանը

«Վովա Գասպարյանը պետք է պատասխան տան այս ամենի համար: Սերժ Սարգսյանին եմ դիմելու, եթե հարցս չլուծեն, դեսպանատներն եմ դիմելու: Իմ երկրում ես ինձ ստրուկ եմ զգում: Նախ՝ սնանկացնում են, հետո ծեծում, հետո՝ սպառնում են, թե լացելու ես», — ասում է Գայանե Մարտիրոսյանը: Նա մի քանի շաբաթ առաջ վաճառել է մեկ սենյականոց բնակարանը՝ որդու պարտքերը փոքր-ինչ թեթեւացնելու համար:

«Հազար հույսով աշխատում, ապրում էինք, տղաս լուրջ ծրագրեր ուներ, մտադիր էր գյուղատնտեսական արտադրանք աճեցնել, համագործակցում էր «Հազարամյակների մարտահրավերի հետ»: Մինչեւ դրանց հետ կապվելը տուն ունեի, զարգացող բիզնես: Հիմա՝ ոչ մի բան չունենք, միայն պարտքեր», — ասում է: 

Նախորդ հոդվածը‘«Թերեկ»-«Կուբան»՝ 2:2. Օզբիլիզը գոլային փոխանցման հեղինակ’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորը» հաղթում է, իսկ Մխիթարյանը կրկնում ռեկորդը’