‘Քրիստինե Խանումյան. Արեւմտամետնե՛ր ողջ Հայաստանի` гоп до кучи!’

2091

Կիեւի Մայդանում տեղի ունեցող զարգացումները հայաստանյան հասարակության ուշադրության էպիկենտրոնում են: Բոլորը ցավում են, աջակցում են հեռվից հեռու, ուրախանում են մարդաշատ Մայդանով, եւ տխրում ու ցասում ապրում  «Բերկուտի» գործողություններից, ուկրաինական իշխանությունների հասցեին հնչեցնում գրեթե նույն արտահայտությունները, ինչ Հայաստանի իշխանությունների հասցեին: Չնայած՝ վերջին հարցում այդպես են վարվում ոչ բոլորը: Բայց այդ մասին` քիչ ներքեւում:

Մի խոսքով, մեր հասարակությունը «բալետ է անում» Մայդանին, եւ աջակիցների բանակում հատկապես աչքի են ընկնում տեղական արտադրության` ինքնահռչակ արեւմտամետները:

Բայց ամեն ինչին գանք հերթով, կարգով, ու փորձենք հասկանալ` ի՞նչ է կատարվում:

Քանի դեռ հայաստանյան քաղաքական միտքը չի հարստացել նորահայտ ուկրաինագետներով, որոնք մեզ կշտապեն բացատրել այնտեղի ու այստեղի տարբերությունները, փորձենք, հետադարձ հայացք ձգելով վերջին մի քանի տարիներին` ինքներս մի քանի համեմատություններ անել` գոնե տեղեկատվական հոսքի ծիրին մեջ:

 

***

Եւ այսպես, Ուկրաինան կասեցրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Սերժ Սարգսյանը հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից:

Ուկրաինան այդ քայլին դիմեց Հայաստանից շուրջ երկու ամիս անց:

Բայց մի փոքր էլ հետ գնանք եւ խնդրին նայենք ոչ թե ներքին պայմանավորվածությունների, կուլիսային զարգացումների, այլ հրապարակային գործողությունների եւ հայտարարությունների տեսակետից` առանց սուբյեկտիվիզմի եւ էմոցիաների, առանց կանխակալ տրամադրվածության եւ նախապաշարումների: Ուղղակի համեմատենք սա:

***

Յանուկովիչը, որ 2004-ին լինելով վարչապետ` նախագահական ընտրություններում մրցապայքարի մեջ էր մտել Յուշչենկոյի հետ, համարվում էր պրոռուսական գործիչ, եւ խոսքն այն նույն Յանուկովիչի մասին էր, որը իրեն սատարելու համար Ուկրաինա ժամանած Պուտինին ու Մեդվեդեւին նախընտրական քարոզարշավի ժամանակ առաջարկում էր «սեմուշկա չրթել», եւ արեւմտամետները ակտիվորեն տարածում էին այդ տեսանյութը: Այդ ընտրություններում վերջինս, ինչպես հիշում ենք, չնայած հսկայական ֆինանսական ու վարչական աջակցությանը, պարտվեց:

2 տարի անց նրա ղեկավարած Ռեգիոնների կուսակցության «հաղթանակը» խորհրդարանական ընտրություններում, ըստ բազմաթիվ գնահատականների՝ կեղծիքներով էր ուղեկցվել, եւ նույնքան կասկածի տակ դրվեց նաեւ 2010-ին նրա հաղթանակը նախագահական ընտրություններում: Հետո Յուլյա Տիմոշենկոն գազի հայտնի սկանդալի հարցով հայտնվեց բանտում, հետո ԵՄ-ն սկսեց ավելի սերտ մերձեցման գործընթացը Ուկրաինայի հետ, որը պետք է այս տարվա դեկտեմբերին Վիլնյուսում ավարտվեր Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ:

Տիկին Յուլյան այդ ընթացքում հաղորդում էր իր դեմ իրականացվող տարատեսակ բռնությունների ու ճնշումների մասին, բայց Ուկրաինան գնում էր դեպի Եվրոպա, եւ նույնիսկ ընդդիմադիրները որոշակի քարտ բլանշ էին տվել Յանուկովիչին այդ հարցում: Հետո Յանուկովիչը գնաց Պուտինի մոտ, մի քանի օր նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկային, հետո` նոյեմբերի վերջին, Ուկրաինան հայտարարեց Ասոցացման գործընթացը կասեցնելու մասին, հետո ժողովուրդը դուրս եկավ փողոց: Բայց այստեղ շատ կարեւոր է հատկապես այն քաղաքական ուժերի պահվածքը, ովքեր Յանուկովիչին քարտ բլանշ էին տվել` Եվրոպա գնալու ակնկալիքով. երբ հայտարարվեց ասոցացման գործընթացի կասեցման մասին, նրանք դուրս եկան փողոց եւ սկսեցին պահանջել վերջինիս հրաժարականը: Ֆիքսենք` Յանուկովիչի հրաժարականը:

***

Այժմ դառնանք Հայաստանին:

2008-ին Սերժ Սարգսյանը նախագահ դարձավ առնվազն 10 զոհի կյանքի, հարյուրավոր քաղբանտարկյալների, բռնաճնշումների գնով: Ժողովուրդը դուրս եկավ փողոց իր քվեին տեր կանգնելու համար, միջազգային հանրությունը բավարարվեց մի քանի հայտարարություն ու զեկույց տարածելով, հետո սկսվեց Սերժ Սարգսյանի հետ Արեւմտյան մեղրամիսը, պարզվեց, որ օրակարգում հայ-թուրքական արձանագրություններն են եւ ԵՄ-ի հետ ասոցացումը: Այժմ ձեւացնում ենք, թե չենք կարդացել վիկիլիքսյան բացահայտումները, որտեղ ներկայացված են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների կողմից ԱՄՆ պետքարտուղարություն ուղարկված գաղտնի գրությունները, եւ ուղղակի նայում ենք լրահոսին: Լրահոսն ասում է, թե 2009-ից հետո «ընդդիմադիրների» մի հսկա բանակ Եվրոպա գնալու պատճառաբանության «ներքո» սկսեց խաղալ ճիշտ այն նույն խաղը, որը ձեռնտու էր բացառապես մեկ մարդու` Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանին իբր Եվրոպա գնալու համար նրանք տվեցին քարտ բլանշ, եւ իրենց թիրախ դարձրին բացառապես այն ուժերին, ովքեր վտանգ էին ներկայացնում Սարգսյանի իշխանությանը: Բայց եղավ սեպտեմբերի 3-ը, Սարգսյանը գնաց Մոսկվա եւ հայտարարեց, որ Հայաստանը չի նախաստորագրելու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, եւ դեռ մի բան էլ վրադիր` Հայաստանը մտնելու է Մաքսային միություն: Այստեղից, ահա, Ուկրաինայի ու Հայաստանի արեւմտամետների ճանապարհներն սկսեցին գնալ տարբեր ուղղություններով: Սարգսյանի հայտարարությունից անցել է արդեն 3 ամիս, սակայն, եթե հաշվի չառնենք սեպտեմբերի 3-ին հաջորդած անկախության երթը, Եվրամիության հետ ասոցացվելու ջատագովների ձայնը մամլո ակումբներից այն կողմ` այդպես էլ դուրս չեկավ:

Ո՛չ մի ցույց, ո՛չ մի նստացույց, ո՛չ մի հանրահավաք, ոչի՛նչ: Որեւէ փոփոխություն այդ մարդկանց գործողություններում տեղի չունեցավ, պայքարի թիրախները շարունակեցին մնալ նույն ուժերը: Տրամաբանական էր, որ իրենց խիստ ծայրահեղ արեւմտամետ հռչակած գործիչները, ովքեր նաեւ պնդում էին, որ ընդդիմադիր են, տուն չպետք է գնային Երեւանի «Մայդանից»` մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չլուծեին: Ավելին, առաջինը հենց նրա՛նք պետք է նախաձեռնեին Մայդանի մոբիլիզացիան: Սակայն նման ոչ մի բան տեղի չունեցավ, եւ դատելով զարգացումներից՝ չի էլ լինելու: Միակ բանն, ինչ արեցին այդ մարդիկ, Երեւանից Կիեւ վիրտուալ աջակցություն ցուցաբերելն էր, Կիեւի Մայդանով հիանալն ու այդ համատեքստում տարածվող լուրերը սոցիալական ցանցերում «շեյր անելը»: Այս մարդիկ պահանջեցին բոլորի հրաժարականը, անգամ` Յանուկովիչի, բայց ո՛չ երբեք  Սերժ Սարգսյանի: Եւ այժմ, նորից ձեւացնենք, թե Վիկիլիքս չենք կարդացել, ու համեմատեք տեղական արտադրության արեւմտամետների եւ Ուկրաինայում` Եվրամիության հետ Ասոցացման ջատագովների պահվածքը: Անգամ առանց Վիկիլիքսի էլ ակնհայտ է, որ մերոնց պարագայում՝ Եվրոպան,Սերժ Սարգսյանին սատարելու հարցում, ընդամենը «օտմազկա» էր: Եթե ոչ՝ հիմա արեւմտամետները վաղուց գրոհել էին Բաղրամյան 26-ը եւ բարիկադներ էին կառուցել Ազատության հրապարակում:

Հ.Գ. Ի դեպ, այս հարցում շատ ուշագրավ է նաեւ Արեւմուտքի պահվածքը: 2008-ի Համաժողովրդական շարժման ժամանակ գրեթե ողջ Հայաստանն էր ոտքի կանգնել: Արեւմտյան երկրների դեսպանատների քթի տակ առնվազն տասը ՀՀ քաղաքացի սպանվեց, արդյունքում՝ Արեւմուտքից ստացանք մի քանի դատապարտող հայտարարություն եւ զեկույցներ, ապա` աննկարագրելի աջակցություն Սերժ Սարգսյանին: Այժմ՝ արդեն չենք ձեւացնի, թե չենք կարդացել Վիկիլիքսյան բացահայտումները: Եւ մեկ առ մեկ կհիշենք այդ գրությունները, հետո կվերհիշենք, թե ինչ հաջորդեց այդ գրություններին: Իսկ դրանից հետո աջակցությունն արդեն բացահայտ էր. Երեւան ժամանած Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին անվանեց «հիանալի առաջնորդ», ԵՄ-ն սկսեց հայաստանյան ընտրությունները գնահատել որպես անկախությունից ի վեր անցկացվող լավագույն ընտրությունները, փուչիկը ուռճացվեց-ուռճացվեց ու պայթեց` սեպտեմբերի 3-ին: Պայթեց, այսպես կոչված՝ արեւմտամետների փուչիկը: Իբրեւ թե դեպի Եվրոպա գնացող Սերժ Սարգսյանին աջակցող այդ մարդիկ արեւմտամետ էին ճիշտ այնքան, որքան ինքը` Սարգսյանը: Նրանց ոչ թե արեւմտյան արժեքներն էին հետաքրքրում, այլ` Սերժ Սարգսյանը: Մնացածը հուզական սոուս է:

Իսկ Հայաստանը փրկելու հույսն ու ծանր բեռը էլի մնաց նույն մարդկանց ուսերին: Հայաստանը ՀՀ քաղաքացիներն են փրկելու, նրանք, ովքեր ո՛չ արեւմտամետ են, ո՛չ ռուսամետ, ո՛չ չինաստանամետ են, ո՛չ աֆրիկամետ: Հայաստանը փրկելու են նրանք, ովքեր Հայաստանամետ են ու Հայաստանակենտրոն: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը կմասնակցի ԵՄ համաշխարհային առաջատար ծրագրերին ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանցիսկոս պապը Time ամսագրի վարկածով տարվա մարդ է ճանաչվել’