‘ Քրիստինե Խանումյան. Բոլորին «քցողը» հենարաններին էլ «կքցի» ‘

2405

Քաղաքական հակառակորդների դեմ երկարատեւ պայքարը, առաջին հերթին, նշանակում է, որ հակառակորդդ ուժեղ է: Ուժեղ՝ ոչ թե քաղաքական, մտավոր, կամ համակիրների բանակի առումներով, այլ ռեսուրսների առումով: Եթե քաղաքական գործիչը չի ունենում համախոհների բանակ, բնականաբար, նա սկսում է այդ բանակը փոխարինել հենարաններով՝ ներքին կամ արտաքին: Ու երբ նա ստանում է այդ հենարանների (հատկապես՝ արտաքին) աջակցությունը, ապա այդ պայքարը շատերը փորձում են դիտարկել կամ ընկալում են հե՛նց այդ հենարանների դեմ պայքար որպես:

Հենարանների գործառույթները ակնհայտ են. երբ նրանց բացատրում ես, որ չի կարելի աջակցել այնպիսի գործիչների, ովքեր չունեն քաղաքական թիմ, ովքեր չեն վայելում մարդկանց աջակցությունը, ովքեր ամենուր եւ ամեն անգամ կարեւորում են միայն սեփական ես-ը, ու սեփական կարիերայից բացի՝ նրանց ոչինչ չի հետաքրքրում, ովքեր այդ սեփական իշխանությունն ու լծակները պահելու համար պատրաստ են զոհաբերել ամեն ինչ, եւ ավելին, այդ լծակները պահում են բացառապես ստի, կեղծիքի, ներքին ինտրիգների շնորհիվ, եւ վերջապես, որ նման մարդկանց քաղաքական հիմնական ռազմավարությունը «քցելն» է,  հենարանները միշտ չէ, որ կարող են կամ պատրաստ են դա գիտակցել կամ հրապարակավ ընդունել այդ զգուշացումները:

Նրանք գրեթե միշտ կարծում են, որ եթե անգամ իրենց «պաշտպանյալը» հայտնի է այլոց «քցելու» հակումներով, միեւնույն է՝ իրենց չի «քցի», քանի որ առանց իրենց հովանավորության՝ կդառնա ոչինչ, ինչպիսին որ է՛ր մինչ այդ, եւ հետեւաբար՝ ում հանդեպ ինչ էլ որ անի, միեւնույն է՝ իրենց հավատարիմ կմնա: Իբր՝ «Տականք է, բայց փոխարենը՝ մեր վստահելի ու մեզ հավատարիմ տականք է», կամ «ո՞ւր պիտի փախչի մեզանից»:

Սա է, ահա, այն հիմնական տրամաբանությունը, որով հեղինակություն վայելող արտաքին ուժերը կամ անձինք սկսում են իրենց «գործընկերությամբ» ու հեղինակությամբ հովանավորել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց սեփական արժանիքներով դրան չէին արժանանա երբեք:

Կյանքը, սակայն, դաժան բան է եւ ժամանակի ընթացքում, վաղ թե ուշ, ցույց է տալիս, որ երբ քաղաքական «քցոցին» դառնում է քաղաքական գործչի բնավորության գիծը կամ, ժողովրդական լեզվով ասած՝ խասյաթը, դրանից ապահովագրված չեն անգամ հովանավորները:

Ժողովրդավարության «ֆլագմանը» չի կարող իր հովանավորության տակ առնել ոչ լեգիտիմ մեկին, որն իր էությամբ որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ: Անշուշտ՝ քաղաքական մեծ խաղացողների համար միշտ էլ նախընտրելի են թույլ ու կառավարելի անձինք, ովքեր իրենց բնույթով չեն կարող լինել գործընկերներ, նրանք միշտ էլ կլինեն ենթականեր, ընդ որում՝ կառավարելի ենթականեր: Բայց երբ կառավարելի ենթական հրապարակավ հռչակվում է վստահելի գործընկեր, ապա անկասկած՝ նա մի պայծառ օր այնքան է լուրջ ընդունելու իր «ես»-ի կարեւոր գործոն լինելը, որ «քցելու» է նաեւ հովանավորին: Կամ՝ հովանավորներին: Եւ երբ այդ պահը գա, կամ երբ արդեն եկել է՝ շուրջբոլորը մեղավորներ փնտրելու փոխարեն, թերեւս, արժե խոստովանել, որ «սխալն էն գլխից էր», երբ «քցողին» լեգիտիմություն շնորհեցիք:

***

Այն, որ Սերժ Սարգսյանը երբեք էլ Հայաստանը Եվրոպա տանելու մտադրություն չի ունեցել, կասկածի տակ կառնեն միայն միամիտներըկամ նրա ռեժիմին ծառայողները: Մյուսների համար ի սկզբանե էր պարզ՝ «լայն քայլերով գնում ենք դեպի Եվրոպա»-ն ընդամենը ծխածածկույթ էր՝ հնարավորինս երկար ժամանակով եվրոպացի չինովնիկների աջակցությունը ստանալու, սեփական իշխանությունը երկարաձգելու եւ արտաքին լեգիտիմությամբ ամրապնդելու համար: Արեւմուտքը, ի դեմս Եվրոպայի ու նաեւ ԱՄՆ-ի, 2008-ից հետո Սերժ Սարգսյանին տվեց այնքան լեգիտիմություն, որի մասին վերջինս կարող էր միայն երազել, անգամ եթե իրապես ընտրված լիներ ժողովրդի կողմից: Անվերապահ աջակցության չափաբաժինն աննախադեպ մեծ էր, ոչ մի ջանք ու ռեսուրս չխնայվեց նախագահական աթոռին Սերժ Սարգսյանին փայփայելու ու գուրգուրելու համար, Սերժ Սարգսյանի դեմ պայքարողները հռչակվեցին Արեւմուտքի դեմ պայքարողներ, Արեւմտյան պետությունների ազդեցության գործակալները բացահայտ պատերազմ հայտարարեցին Սարգսյանի դեմ պայքարողներին, մի խոսքով՝ « օդուժը, հեծելազորը, հետեւակը, նույնիսկ նավատորմը» ոտքի  հանվեցին՝ ի պաշտպանություն Սարգսյանի, եւ արդյունքում եղավ այն, ինչ եղավ: Մինչդեռ, ինչպես ասում են՝ ընդամենը ասողին լսող էր պետք:

Եւ ահա՝ թարմ նորությունը: Սերժ Սարգսյանի հետքայլը դեռ չմարսած՝ Եվրոպան ավելի ծանր հարված ստացավ՝ այս անգամ արդեն Ուկրաինայից: Յանուկովիչը, եթե դեռ հիշում եք, եւս կասկածելի հանգամանքներով  էր դարձել նախագահ, ապա Տիմոշենկոյին փակել էր բանտում, եւ որոշ ժամանակ անց հանկարծ Արեւմուտքի աչքին լեգիտիմ ու սիրելի էր դարձել: Ի՛սկը Սերժ Սարգսյանի պես: Հայաստանում էլ ինքնահռչակ արեւմտամետները մոռացել էին նախընտրական քարոզարշավի ժամանակ Պուտինին «սեմուշկա չրթելու» առաջարկ անող Յանուկովիչին, վերջինս նրանց համար արդեն դեպի Եվրոպա գնացող լեգիտիմ նախագահ էր: Բայց եղավ այն, ինչ պիտի լիներ: Դարձ ի շրջանս յուր: Եթե քաղաքական դաշտում պատահում են «շուստռիներ», ապա հաստա՛տ կգտնվեն «ավելի շուստռիներ» ևս: Ուղղակի պետք չէ աջակցել նրանց, ովքեր թույլ են ու կառավարելի, ովքեր հեղինակազրկված են, ովքեր չեն վայելում հասարակության վստահությունն ու համակարանքը, ովքեր ձեր անունը եւ հովանավորությունը օգտագործում են բացառապես սեփական անունը մաքրելու, իշխանությունը երկարաձգելու, ձեր անունով ստացված հովանավորությամբ  հակառակորդներից ազատվելու համար: Ու հարկ չկա զգուշացնողներին որպես թշնամի ընկալել.  բոլորին «քցողը», միեւնույն է՝ ձեզ էլ է «քցելու»: Սա աքսիոմա է:

***

Կոնգրեսի վարչության նիստերից մեկում ունեցած իր ելույթում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի ուշագրավ դրվագ էր ներկայացրել իր եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի զրույցից. «…Իրենց սխալը չեն խոստովանում, թեև մենք նրանց վաղուց զգուշացրել ենք: Շատ ենք ասել՝ դուք ո՞ւմ հետ եք բանակցում, ո՞ւմ հետ գործ ունեք, ինչպե՞ս կարող եք հավատալ մի մարդու խոսքի, որը ահա այսպիսի բաներ է կատարել Հայաստանում: Դուք ձեր ուզածը չեք ստանալու: Ասել եմ բաց: Նրանք մեզ կա՛մ միամիտի տեղ էին դնում, դա քիչ էր՝ նույնիսկ սկսեցին թշնամաբար վերաբերվել, որ մենք խանգարում ենք իրենց ծրագրերին: …Ես այս ամեն ինչն իրեն ասել եմ: Ֆյուլեն կտրուկ ասաց՝ դուք սխալվում եք: Ես էլ ասացի, որ ձեր համառության մեջ տեսնում եմ մի բան՝ որ ձեզ ձեռ են տալիս այս իշխանությունները՝ ձեր գեոպոլիտիկ շահերից ելնելով, և ձեզ ձեռ են տալիս, որ նրանք լինեն ոչ դեմոկրատ, կոռումպացված, կառավարելի և այլն: Շատ նեղացավ, կարմրեց: Ինչ որ է: Բաժանվելիս ես նրան ասացի՝ ես վստահ եմ, որ կանցնի որոշ ժամանակ, դու կհամոզվես, որ ես ճիշտ էի»: Սա՝ ի դեպ: 

Նախորդ հոդվածը‘Իրանը Հայաստանին կոչ է անում Մեղրիի ՀԷԿ-ի և Իրան-Հայաստան 2-րդ էլեկտրագծերի շինարարության հարցում անցնել գործնական քայլերի’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’