‘Քրիստինե Խանումյան. Գառների քվեարկությունը’

2268

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկվա նիստում անընդհատ ուղղակի եւ անուղղակի ձեւով փորձում էր ինքնապաշտպանվել, իբր՝ «ինձանից ի՞նչ եք ուզում», «էդ որոշումը հո էստեղ չի կայացվել», «էդ որոշումն այլ տեղ է կայացվել՝ այլ անձանց կողմից»: Եւ մեծ հաշվով՝ որոշումն իսկապես այլ կաբինետում է կայացվել, այլ անձանց մասնակցությամբ: Այո, քաղաքական առումով՝ որոշումն ուղղակիորեն Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգն է, եւ հենց Սարգսյանն է թանկացրել էլեկտրաէներգիան հերթական անգամ, ինչպես որ՝ մեկ տարի առաջ, ինչպես որ՝ ամիսներ առաջ՝ գազը: Բայց, ձեւական առումով՝ Սերժ Սարգսյանն այդ որոշումն ի կատար ածելու որեւէ իրավական լծակ չունի: Որոշումն ի կատար ածվելու համար պետք է հինգ՝ վերեւ տնկված ձեռք, պետք ենք հանձնաժողովի հինգ անդամներ, հինգ լռակյաց գառներ, հինգ կոճակ, որոնց Սարգսյանը կարող է սեղմել: Եւ ահա հենց այստեղ է, որ Նազարյանի հանձնաժողովը անմիջական պատասխանատվություն է ստանձնում: Նազարյանի հանձնաժողովն, այո, որոշում կայացնողը չէ, բայց Նազարյանի հանձնաժողովն այդ որոշումը իրականացնողն է, Նազարյանի հանձնաժողովը հենց այն բութ գործիքն է, որով ամեն անգամ իշխանությունները հարվածում են քաղաքացիների ճակատներին, ու այդ բութ գործիքը ձայն չի անում, չի ասում՝ տղերք, էս ի՞նչ եք անում ինձ հետ, ինչի՞ համար եք ինձ էսպես ստորացնում, ինչի՞ եք դարձնում հասարակության աչքի փուշը, չի ասում՝ տղերք, մենք ինքնասիրություն ունենք, չի ասում՝ տղերք, մենք թասիբ ունենք, տղերք, մենք զավակներ ունենք, տղերք՝ մենք բարեկամներ ու հարազատներ ունենք, հարեւաններ ունենք, որոնց աչքերին դեռ պետք է նայենք, տղերք մեզ ոտատակ մի տվեք՝ մի թուլափայի համար, չի ասում՝ տղերք, մենք անեծքի տակ մտնել չենք ցանկանում, չի ասում՝ տղերք, տո դուք էլ, ձեր տված թուլափայն էլ, մեզ փալաս մի սարքեք ու մեզնով ձեր ոտքերը մի սրբեք, չի ասում՝ տղերք, մենք էս հասարակության մեջ ապրել ենք ուզում, տղերք, մեր թասիբն ինչի՞ եք պատերով տալիս, տղերք, մենք ձեր գառը չենք, ոչ էլ ձեր նոխազը, տղերք՝ էս ի՞նչ եք անում, ինչի՞ եք թքում մեր ճակատներին:

Նազարյանի հանձնաժողովը մեղավոր չէ՞ր, անելիք չունե՞ր: Ուներ, եւ շատ ավելի կարեւոր անելիք, քան գառների լռությամբ ու գլխահակ ձեռքերն օդ տնկելն ու իշխանության որոշումը դակելը: Ուներ, որովհետեւ, ի վերջո, նրանք էլ ընտանիք ունեն, զավակներ ունեն, տուն ունեն, որտեղ պետք է գնան «աշխատանքից» հետո, հայելի էլ ունեն տանը, որի մեջ պետք է նայեն իրենք իրենց, հարեւաններ էլ ունեն, որոնց աչքերին պետք է կարողանան նայել, ու հենց այդ պատճառով կարող էին կամ, ավելի ճիշտ՝ ուղղակի պարտավոր էին կանգնել ու ասել՝ չենք քվեարկում, էլ բավակա՛ն է, մենք էլ մարդ ենք, ինքնասիրություն ունենք, մենք է՛լ չենք ուզում գործիք լինել, բավական է, մենք մեր երկրի թշնամին չենք, ինչքա՞ն կարելի է ապրել գլխահակ, մարդկանց նզովքին արժանացած:

Կարող էին, հաստատ: Ու հենց իրե՛նք էին կարող դա անել, հենց իրե՛նք՝ էս իշխանությունների գործիքները, որոնք մի օր պետք է հասկանան, որ քանի դեռ կան իրենք՝ կան գործիքները, էս իշխանությունները կարող են երկրի հետ անել էն ամենը, ինչ խելքներին փչի: Պիտի հասկանան, որ հենց իրենք են հենարանը, պիտի հասկանան, որ հետո արդարացումներով ու հետողորմյայով հարց չեն լուծելու, որ հետո չեն կարողանալու ասել՝ մենք ի՞նչ անեինք, մենք կապ չունեինք, մեզ ստիպում էին, մենք ընտանիք էինք պահում, ի՞նչ անեինք մենք:

Ի՞նչ անեիք: Ձեռքներգ գլխահակ օդ բարձրացնելու փոխարեն՝ գլուխներդ պատովը տայիք: Կամ՝ պաշտոններդ պատովը տայիք: Ինքնասիրությունն ի՞նչ է, որ չունեք:   

Նախորդ հոդվածը‘Քառյակ. Էլէներգիան թանկացնելու որոշումը քաղաքական էր (ամբողջական, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր. Էլցանցերի աշխատողների հարստացման գաղտնիքը կորուստներն են ‘