‘Քրիստինե Խանումյան. Խոսքին սպասելիս’

3545

ՀԱՊԿ վերջին նիստում Սերժ Սարգսյանի ելույթի PR ակցիան կազմակերպող լրագրողները, թերեւս, մինչեւ հիմա չեն հասկացել, որ այդ ելույթում եթե հպարտանալու բան լիներ, մարդիկ սեփական կամքով կանեին դա, եւ որ ինչքան էլ իրենք գովերգեն՝ որպես սենսացիոն, ուժեղ ու թույն, դրանից այդ ելույթն այդպիսին չի դառնալու:

Մի ծանոթ ունեմ, որն ամեն անգամ դրսում Սերժ Սարգսյանի որեւէ ելույթ, հարցազրույց կամ հանդիպման ժամանակ ասված խոսքը լսելիս` արդեն մեքենայաբար արտաբերում է. «Հլա ամեն ինչ մի կողմ, գոնե դրսում սենց խայտառակ չաներ մեզ»: Ասում է՝ որ դրսում խոսում է էս մարդը, մի պահ ուզում եմ վերանալ ամեն ինչից, ով է, ինչ է, ոնց է էդ պաշտոնում հայտնվել, ասում է` միայն խոսքն եմ լսում, ու մտածում՝ կլինի՞ մի անգամ գոնե փորձես մի այնպիսի բան ասել, որ ոչ միայն չամաչեմ քո ասածի համար, այլեւ` հպարտանամ:

Քաղաքական այս գաղջ մթնոլորտին, որտեղ ամենուր ապօրինությունների ենք ականատես լինում, գումարվել է նաեւ մի հոգեբանական հանգամանք, որն, ուզենք-չուզենք, խորն ազդեցություն է ունենում մեր քաղաքացիների վրա, որոնց մեծ մասն այդ հանգամանքից մեկ-մեկ ընկճախտի գիրկն է ընկնում, մի փոքրիկ մասն էլ՝ սկսում է օրինաչափ համարել եւ զարմանում է, երբ հակառակին է ականատես լինում:

Իրականում, մեր քաղաքացիները՝ ամեն ինչից զատ եւ ամեն ինչից դուրս, մոռացել են, թե ինչ բան է հպարտության զգացումը, երբ քո երկրի անունից խոսում է այս կամ այն պաշտոնյան: Խոսքն, իհարկե, ՄԱԿ-ի ամբիոնից կոշիկ թափ տալու կամ խունկ վառելու մասին չէ, խոսքը` խոսքի մասին է: Բանական, տրամաբանական, իրատեսական, հավասարակշռված խոսքի: Մենք վաղուց այդ զգացումը չենք ապրում: Բայց ամենավատն այն է, որ մենք ավելի վատ զգացում ենք ապրում ամեն անգամ, երբ նրանք խոսում են: Ամոթ: Ընդ որում, էդ ահավոր զգացումն ունենք  ոչ միայն մենք, որ ապրում ենք այստեղ ու ամենօրյա ռեժիմով առնչվում ենք սրանց «կառավարման» հետեւանքներին, այլեւ մեր այն հայրենակիցները, որոնք վաղուց այստեղ չեն ապրում կամ այստեղ չեն էլ ապրել, իրենք իրենց կյանքից գոհ են, եւ Հայաստանի իշխանության հետ նրանց հիմնական կապը հենց այդ խոսքն է, որ լսում են նրանց շուրթերից:

Իհարկե, կգտնվի մեկը, որ կասի՝ իսկ ի՞նչ խոսք եք սպասում Սերժ Սարգսյանից, Հովիկ Աբրահամյանից, Գալուստ Սահակյանից, մյուսներից: Ի վերջո, որպեսզի խոսք ասեն, նրանք պիտի քաղաքական գործիչներ լինեն, եթե այդպիսին լինեին՝ կհասկանային, որ նախեւառաջ պիտի լեգիտիմ լինեն, որ ընտրակեղծարարությունը հայրենիքի դավաճանության պես մի բան է, ու եթե այս շղթայով գայինք, կհասնեինք այն հանգրվանին, որ նրանք իշխանության ղեկին չէին լինի:

Անխոս՝ հենց այդպես էլ կա: Միայն թե ի՞նչ մեղք ունի այս ամենում քաղաքացին, որը՝ հեռուստացույցը միացնելով, ստիպված է լինում լսել սրանց բարբաջանքները, ամաչել ու մտածել`տեսնես նորից կգա՞ն այն ժամանակները, երբ մենք լսում էինք մեր նախագահին, ու եթե անգամ նրա կողմնակիցը չէինք, միեւնույն է՝ ունեինք էդ զգացումը` հպարտությունը:

 

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթունում’
Հաջորդ հոդվածը‘Ու էլի` տեղումներ չեն լինի’