‘Քրիստինե Խանումյան. Կռիվ գնալու և կռիվ-կռիվ խաղալու ժամանակները’

4773

Մի ծանոթ ուսուցչուհի ունեմ, պատմում էր, որ պատերազմի նախօրեին իր ավարտական դասարանում մի քանի խելացի ու օրինակելի տղաներ կային, և մի ծույլիկ տղա: Ասում էր` բոլորիս ուշքն ու միտքն այդ օրինակելի տղաներն էին, էն մյուսի մասին հա մտածում էինք` տեսնես նա որտե՞ղ պիտանի կլինի: Ասում էր՝ երբ արդեն պարզ էր, որ պատերազմ կսկսվի, բոլորիս համար արդեն ակնհայտ էր` պատերազմ կգնան այդ խելացի ու օրինակելի տղաները, ովքեր միշտ խոսում էին այդ մասին: Իսկ էն մյուսը ոչինչ չէր ասում, նա լռում էր: Ասում էր՝ բայց երբ սկսվեց պատերազմը, օրինակելիները եկան դասի, իսկ էն մյուսը չկար: Պարզվեց՝ հենց նա էր առաջինը գնացել հայրենիքի համար կյանքի ու մահվան կռիվ տալու:

Ամեն անգամ էս պատմությունը հիշում եմ, երբ սոցցանցերի քննարկումներին եմ ականատես լինում: Կռիվ-կիռվ խաղալու պես մի բան լինի ասես պատերազմը ոմանց համար, ովքեր դեռ գետը չհասած` բոբիկացել են, ու ջուրը մտնել են պատրաստվում: Կռիվ գնացողներն էլի շատացել են: Նրանք էլի օրինակելի են, խելացի կամ առնվազն հուզական մտքեր են ասում` պաթոսով համեմված: Զինվորական համազգեստով նկարներ դնելուց զատ, հուռա են կանչում ու հա գոռում են, թե պատրաստ են գնալ սահման, սահմանում են հայտնվում և սելֆիներ անում զինվորների հետ:

Փաստորեն՝ կա կռիվ տալու ժամանակը, և կա կռիվ-կռիվ խաղալու ժամանակը: Կա վտանգի ժամանակ առանց ավելորդ պաթոսի պետականության համար կռիվ տվողների ժամանակը, և կա տագնապի ժամանակ իրենց ապագա հերոսութունների մասին նախապես գոռացողների ժամանակը: Վիրտուալ պատերազմի մեջ ենք ասես: Չէ, հաստա՛տ: Որովհետև միայն վիրտուալ պատերազմի ժամանակ սահմանին կանգնած, պատերազմի բոհով անցած սպան «պատիվ» կտար Տարոն Մարգարյանին: Իսկ իրական պատերազմի ժամանակ Տարոններին բլինդաժից քացով կիլոմետրերով հեռու կտշեին: Ոչ թե այն պատճառով, որ նա նույնիսկ Կալաշնիկով քանդել-հավաքել չգիտե, այլ որովհետև նա ինքը պետականությանը նույնքան վտանգ է  սպառնում, որքան սահմանից էն կողմ կանգնած հակառակորդը: Գուցեև՝ ավելի մեծ վտանգ: Որովհետև թիկունքն է ուտում:

Պատերազմի ժամանակ մենք անուն առ անուն գիտեինք մեր բոլոր այն հարևան տղամարդկանց, ովքեր «փախել» էին, և ովքեր պատերազմ գնալու փոխարեն` ծվարել էին մեզ հետ նկուղներում: Փախածների խավը երկար ժամանակ լուսանցքում էր գտնվում, նրանք պատերազմից հետո միշտ մի տեսակ ամաչելով էին ապրում այն հասարակության կողքին, որը կռիվ է տվել իր ազատության համար: Էդ փախածը մի տեսակ պիտակ էր դարձել ասես: Մարդիկ, ամեն դեպքում, տարբեր են լինում, և բոլորը չէ, որ խիզախում են ճակատագրական պահին գնալ մահվանն ընդառաջ: Դա էլ նորմալ է, դա էլ է մարդու համար: Բայց այն ժամանակ նրանք, ովքեր լքում էին երկիրը նեղ պահին` գոնե հասկանում էին, որ տարբերվել են մեծամասնությունից, ու պատերազմի ավարտից հետո ամաչում էին մի տեսակ:

Իսկ էս վիրտուալ պատերազմում բանակից խույս տվածները չեն ամաչում: Սահմանին սելֆի անելու համար խելքներն իրենցը չի: Գլուխները բարձր պահած՝ մեզ միասնականության կոչեր հնչեցնելու համար խելքներն իրենցը չի, որովհետև ոչ միայն չեն ամաչում, այլև` արդեն իսկ կարծրացած մտածելակերպ ունեն, որ ճիշտը հենց դա է. մի կողմից՝ իշխանություններն իրենց իշխանությունը պահելու համար պիտի չխորշեն օգտագործել չկարգավորված հակամարտությունն ու բանակը` թեժ պահելով պատերազմի վտանգը, մյուս կողմից` բանակ պետք է գնան, իրենց ասած` անճարները, իսկ շուստրիները պետք է բանակին օգեն կողքից, սելֆիներ, անեն, կողքից դուխ տան ու բալետ անեն, իսկ պատերազմ տեսած սպան պետք է իրենց նմաններին պատիվ տալով դիմավորի: Ու սա իրենց համար լավ է: Զի նույնիսկ այս հարցում ինքնաքարոզչություն են անում` մոռանալով, որ ոչ միայն խաղաղությունը, այլև պատերազմն իրենց պուճուրիկ խելքի բանը չէ:

Պատերազմը խաղ ու պար չէ, պատերազմը վիրտուալ խաղ չէ, որ երբ քո հերոսի կյանքն ավարտվի, կես ժամ անց նոր կյանք գնելու հնարավորություն ստանաս, ու ոչ էլ սահման է վիշապի ամրոցը, որ այն գրավելով՝ քեզ հերոս հռչակես:

Պատերազմը կենցաղային, էնքան կենցաղային է, որ կարող է նույնիսկ խելագարության հասցնել անգամ ամենաամուր նյարդեր ունեցող մարդկանց: Պատերազմը ամերօրյա վտանգ է` կախված բոլորի գլխին, ռուսական ռուլետկայի պես մի բան, որ երբեք չես իմանա, թե ում բաժին կհասնի իրական փամփուշտը: Պատերազմը նենգ է: Որովհետև կարող է վրա հասնել գիշերը, քնած ժամանակ, կարող է տանել նրան, ում կարծես` պիտի չտաներ, և կարողէ փրկել նրան, ով փրկվելու մի պտղունց անգամ հնարավորություն չուներ: Պատերազմը կորստի վախն է՝ ամեն գնով ապրելու անհագ ցանկությանդ դեմ հանդիման դուրս եկող կենդանի հակառակորդի տեսքով, որին սպանելու պահին ներսումդ կարող է զարթնել մարդը: Պատերազմը կույր ատելությունը չէ, պատերազմը երբեմն գերի ընկած հակառակորդիդ տված քո մի կտոր հացն է, պատերազմը նույնիսկ գնդակահարվող հակառակորդիդ համար քեզանից անկախ թափած մի կաթիլ արցունքն է: Պատերազմը ծնողներն են, որոնք սպասում են իրենց զավակներին: Պատերազմը անհետ կորած մարդիկ են, որոնց պետք է հետո սպասես տասնամյակներ շարունակ` հույսով, որ նրանք գոնե ողջ են: Պատերազմը նույնիսկ սահմանից այն կողմ գտնվող ծնողներն են, ովքեր նույն հույսով կորոնեն ձեր զավակին իրենց երկրում, որովհետև նույնքան հույս ունեն, որ իրենց զավակն էլ այստեղ է, որ հետո փոխանակեն նրանց: Պատերազմը ամեն մարդկայինի ծայրահեղ դրսևորման ժամանակն է` ե՛ւ քաջության, ե՛ւ վախի, ե՛ւ դավաճանության, ե՛ւ հերոսության: Պատերազմն ընտրություն է` կյանքդ վտանգելով՝ հակառակորդի օղակից փորձես փրկե՞լ վիրավոր ընկերոջդ, թե՞ թողնես նրան ու փախչես, ու հետո երկար տարիներ ապրես խղճիդ դեմ կռիվ տալով:

Պատերազմը ռոմանտիզմ չէ: Պատերազմը խեղված ճակատագրերն են: Ամեն օր մահվանը դեմ առ դեմ հանդիպելու մի անվերջանալի թվացող մղձավանջ: Պատերազմը հավատի սրացումն է, որ վերևն Աստված կա, ու նա կփրկի, անպայմա՛ն կփրկի: Պատերազմը հազարավոր մարդկանց պատմություններ է, հազարավորների ճակատագրեր: Պատերազմը ո՛չ վիճակագրություն է, ո՛չ էլ թվաբանական աղյուսակ հիշեցնող ամենօրյա սովորական լրահոս, որ երբ հոգնես դրանից, ուղղակի անջատես համակարգիչը: Դա այդպես է, եթե դա քո պատերազմը չէ: Իսկ եթե դա քո պատերազմն է, ուրեմն, ամեն վայրկյան հենց դու կարող ես լինել այդ վիճակագրական թվերից մեկը: Էն, որ կասեն՝ տվեցինք 10 զոհ, այ էդ 10-ից մի թվանշանը քո անվան փոխարեն կգրվի: Դու կարող ես լինել 5, 6, կամ` 11 թիվ ընդամենը: Պատերազմը ամեն ինչի գիտակցված ընտրությունն է, առաջին հերթին` մեռնելու: Երբ գիտես` ինչի համար ես զոհվում: Հակառակը` ուղղակի գնամ մեռնեմ, խելագարություն է:

Պատերազմը խաղաղության վերջին հույսի սպառումն է: Պատերազմ` նշանակում է` սպառել ես քաղաքական եղանակով հարցեր լուծելու բոլոր, բոլո՛ր հնարավորությունները: Պատերազմի գնում են այն ժամանակ, երբ հակառակորդդ քեզ այլ հնարավորություն չի թողնում: Եթե ուժով քեզանից փորձում են խլել քո երկիրը:

Եւ ի վերջո, պատերազի գնում են սառը ուղեղով` հասկանալով, թե ուր են գնում, ինչի են գնում, և ինչ է լինելու: Չի կարելի պատերազմի կոչ անել, եթե պատերազմի մասին պատկերացումներդ սահմանափակվում են պատերազմի մասին ֆիլմերով ու խաղերով: Պատերազմը խաղ չէ: Հատկապես այն ժամանակ, երբ մի պատերազմ արդեն տեսել ու հաղթել ենք: Ու առայսօր չենք գնահատել ու գիտակցել այդ հաղթանակը: Որովհետև եթե գիտակցած լինեինք այդ հաղթանակը, այսօր Տարոն Մարգարյանին սպան պատիվ չէր տա խրամատում, իսկ Շարմազանովի` Բաքուն գրավելու պատրաստակամությունը հալած յուղի տեղ չէին ընդունի ոմանք:

Չէ, այնպես չէ, որ եթե հարկ լինի, չեն գտնվի նրանք, ովքեր Բաքուն չեն գրավի: Կգտնվեն, հաստա՛տ: Բայց նրանց մեջ շարմազանովները չեն լինի: Բաքուն կգրավեն նրանք, ովքեր այսօր լռում են, ովքեր սահմանի կողքով իրենց ամեն մի անցնելու հանգամանքը ֆեյսբուքյան ստատուսների տեսքով չեն հրամցնում մեզ: Նրանք, ովքեր գիտակցում են, և ո՛չ երբեք նրանք, ովքեր կռիվ-կռիվ են խաղում: Հաստա՛տ:

Հ.Գ. Խաղաղություն Հայաստանին, Ղարաբաղին, աշխարհին, բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն: 

Նախորդ հոդվածը‘Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Ադրբեջանի հոգևոր առաջնորդին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է միջազգային հանրությանը` Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով’