‘Քրիստինե Խանումյան. Մեդալ կախեմ դոշիդ’

10104

Երբ դպրոցում կարդում էինք, որ Հռոմի կայսր Կալիգուլան իր սեփական ձիուն դարձրել էր սենատոր, ծիծաղում էինք: Բայց սա անցյալներում տեղի ունեցածի մասին է: Գանք մեր օրեր:

Ծիծաղում էինք քահ-քահ, երբ լսում էինք, թե Թուրքմենստանի նախագահը ամիսն անվանել է սեփական հոր անունով կամ իր իսկ ոսկե արձանն է «տնկել» երկրի մայրաքաղաքում: Ծիծաղում էինք, երբ կարդում էինք լրահոսում, թե Ադրբեջանի «նախագեն» իր իսկ կնոջն իր հոր անվան մեդալով է պարգեւատրել: Մի տեսակ բարձրից էինք ծիծաղում: Մի տեսակ՝ վերեւից: Մի տեսակ չարախնդում էինք: Մի տեսակ լեզուներս երկար էր, ձայններս էլ տաք տեղից էր դուրս գալիս, ասես: Մի տեսակ ուզում էինք ցույց տալ, թե բա`մենք ավելի լավ օրի ենք, ինչ-ինչ, բայց էդ տեսակ բաները մեզ մոտ` Հայաստանում, բացառված են:

Հա՛, մեզ մոտ էլ են ընտրություններ կեղծում, մեզ մոտ էլ է անարդարություն, մեզ մոտ էլ՝ մեծ հաշվով նույն կոռուպցիան եւ նույն մոնոպոլիաներն են, բայց դե՝ ցինիզմն էլ սահման ունի, կան բաներ, որ այստեղ դրանց ականատեսը չենք լինի: Բայց ինչպես երեւում է` աչքով տվեցինք: Դե հո այդքան շատ ետ չէինք մնալու Թուրքմենստանից ու Ադրբեջանից:

Ու չմնացինք: Սկզբում Սահմանադրության հերն անիծեցին, հետո էլ մտածեցին, երեւի, որ հիմա արդեն ամեն ցինիզմ էլ կարելի է: Ու քանի որ արդեն հասնում եւ անցնում ենք Ադրբեջանին, ուրեմն ժամանակն է, որ ամեն ինչում նմանվենք այդ երկրին: Էդ ո՞նց է, որ տիկին Ալիեւային կարելի է շնորհել սեփական սկեսրարի անվան մեդալ, իսկ Սերժ Սարգսյանը չի կարող պետական պարգեւ հանձնել իր հարազատ, սեփական, ազիզ եղբորը: Ի՞նչ է, ումի՞ց է պակաս Սերժ Սարգսյանը: Կամ էլ թե` Լեւոն Սարգսյանը ինչո՞վ է պակաս տիկին Ալիեւայից: Ի վերջո՝ դժվարը սկիզբն է: Էդ սկզբում էին բոլոր «պատասխանատու» ալիքներով օրումեջ  ծաղրում հարեւան երկրում տեղի ունեցող «չտեսությունները» ու ազդարարում, թե մենք որքան ենք առաջ Ադրբեջանից: Իբր՝ էլի: Հետո եկանք հասանք Ադրբեջանին, ու դե՝ էլ ի՞նչ: Էլ ի՞նչ խունջիկ-մունջիկի ժամանակն է, էլ ի՞նչ կարիք կա ձեւեր թափելու։ Մի խոսքով, եկել հասել ենք Ադրբեջանին, ուրեմն՝ «աբգոն» էլ կանենք, ինչ է եղե՞լ որ:

Ու ոչինչ, որ հայաստանյան հասարակության մեծ մասը սեփական եղբորը պետական պարգեւ հանձնող Սերժ Սարգսյանի նկարը կոլաժի տեղ էր դրել, ոչինչ, որ լուրը կատակի տեղ էր ընդունել սկզբում: Էդ ամենը՝ ոչինչ: Մինչ մենք ծիծաղում էինք, Սերժ Սարգսյանը սեփական եղբոր դոշից մեդալ էր կախում: Ու այդ ժամանակ առավել սթափները «մանթոյից» փառք էին տալիս, որ լավ է` գոնե դասախոս եղբոր դոշից է կախել մեդալը, կարող էր, չէ՞, Սաշիկին մեդալակիր դարձնել: Կարո՛ղ էր: Ինչի՞ համար: Էնքա՜ն բան կա: Թեկուզ լավագույն կիսողի «պաշտոնի» համար, թեկուզ լավագույն փայ մտնողի դերակատարության համար: Ի վերջո, խեղճ Դի Կապրիոն էլ էդքան տարի սպասեց Օսկարի ու ի վերջո ստացավ, չէ՞։ Ուրեմն՝ Սաշիկն ինչի՞ չի կարող սպասել ու պետական մրցանակ չստանալ: Չնայած`Սաշիկն էլ է քիչ: Ինչպես արդեն կատակում են «ֆեյսբուքահայերը», Սերժ Սարգսյանն արդեն կարող է ինքն իրեն էլ պարգեւատրել: Ի՛ր իսկ անվան մեդալով: Ինչ է եղե՞լ որ: Ասենք` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրում է Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին`շախմատի զարգացման գործում ունեցած անուրանալի ավանդի համար: Կամ էլ` Սերժ Սարգսյանը պարգեւատրել է ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին` ԵՊՀ պատիվը բարձր պահելու համար:
Էդ հիմա ենք կարծում, որ ծիծաղելի է էս ամենը: Մի օր դրան էլ ականատես կլինենք: Եթե, իհարկե, մինչ այդ Սարգսյանին թողնենք վայելի Հայաստանը ղեկավարելու «պատիվը»: 

Նախորդ հոդվածը‘Փակ են Վարդենյաց Լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Քուշկյանն էլ ԼՂՀ Առողջապահության նախարարը չէ’