‘Քրիստոնյան կառաջնորդի սիրիական ընդդիմությանը ‘

1205

Ընդդիմադիր «Սիրիական ազգային խորհուրդը» (ՍԱԽ) երեկ Քաթարի մայրաքաղաք Դոխում կայացած հավաքի ընթացքում կազմակերպության առաջնորդ է ընտրել Ջորջ Սաբրային, lenta.ru- ի փոխանցմամբ՝ հաղորդում է Assoiated-Press-ը: Հավաքի նպատակն էր միացյալ ընդդիմադիր կազմակերպություն ստեղծելը և Բաշար Ասադի վարչակազմի դեմ ընդհանուր ռազմավարություն մշակելը:

 Նախկին կոմունիստ Ջորջ Սաբրան այժմ սոցիալ-դեմոկրատական գաղափարներ է դավանում: Սաբրան ծնվել է քրիստոնյա ընտանիքում և ինքն էլ հավատացյալ քրիստոնյա է: Մեկնաբանելով իր ընտրությունը՝ նա հայտարարել է, թե խորհրդի որոշումն ապացուցում է, որ կազմակերպության անդամները որոշակի եկեղեցու կամ աղանդի կողմնակիցներ չեն:

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՍԱԽ-ի ներկայացուցիչները՝ Սիրիայից տարագրված քաղաքական գործիչները, պետք է որոշեն իրենց կազմակերպության և բուն Սիրիայում գործող ապստամբ խմբավորումների միավորման և միասնական ընդդիմադիր կառավարում ստեղծելու հարցը: Ըստ ՍԱԽ-ի նախագծի՝ ընդդիմության միացյալ կազմակերպությունը ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում  պետք է ստեղծի ժամանակավոր կառավարություն, ինչը կհեշտացնի ընդդիմությանը պաշտպանող պետություններից օգնություն ստանալը, քանի որ ներկայում շատերը չեն համարձակվում զենք ուղարկել ապստամբներին՝ վախենալով, որ այն կհայտնվի ուրիշների ձեռքում:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը Իլհամ Ալիեւի «արագ հաղթանակի» մասին հայտարարությունը զավեշտալի է համարել’
Հաջորդ հոդվածը‘Շրի-Լանկայի ամենախոշոր բանտում ապստամբություն է բարձրացել ‘